Արդեն 5-րդ օրն է, փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, շուրջ 120000 մարդ մնացել է շրջափակման մեջ: Հրապարակվել է Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանների համատեղ արտահերթ զեկույցը այն մասին, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այդ ճանապարհի փակումը։
«Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշեց, թե ինչ փաստական հանգամանքներ են տեղ գտել համատեղ արտահերթ զեկույցում․ «Մենք երեկ հրապարակեցինք արտահերթ զեկույցը, որը կենտրոնանում էր դեկտեմբեր 13-15-ն ընկած ժամանակահատվածի իրադարձությունների վրա։ Այնտեղ ներկայացված էին փաստեր, որտեղ պաշտպանների երկու հաստատությունները հավաքագրել էին այդ օրերի ընթացքում, եւ առաջին հերթին, բնականաբար, փորձել էինք ցույց տալ, այսպես կոչված՝ բնապահպանական ակցիայի շինծու, կեղծ լինելը ։
Ներկայացրել էինք փաստեր, որոնք ապացուցում էին, որ նման ակցիան իրականացվում է ադրբեջանական իշխանությունների ուղղակի ներգրավմամբ։ Մասնավորապես ներկայացրել էինք փաստեր, որ ակցիայի ակտիվ խոսնակները, կազմակերպիչները (նույնականացում ունեինք կատարած) ադրբեջանական զինված ուժերի կամ հատուկ ծառայությունների ծառայողներ են, վեր հանել էինք իրենց բնապահպան հռչակածների պրոֆիլները, նաեւ բաց աղբյուրների հիման վրա կարողացել էինք ցույց տալ, որ նման բնապահպանները ուղղակիորեն ներկայացնում են կազմակերպություններ, որոնք բացառապես ֆինանսավորվում են ադրբեջանական կառավարության կամ կառավարական ֆոնդերի կողմից։
Նման փաստերի համադրված վերլուծությունը մեզ թույլ էր տալիս հետեւություն անելու, որ այս ակցիան ուղղակիորեն կազմակերպված եւ հրահրված է ու կառավարվում է ադրբեջանական կառավարության կողմից»։
Կարդացեք նաև
Քրիստինե Գրիգորյանը հավելեց․ «Հաջորդիվ կենտրոնացել էինք, թե այդ ամենը հումանիտար ինչպիսի հետեւանքներ ու ազդեցություն է ունեցել անձանց ազատ տեղաշարժի, կյանքի իրավունքի, արժանապատիվ գոյության, կրթության եւ մյուս այլ հիմնարար իրավունքների վրա, ամեն բան վերլուծել էինք ըստ իրավունքների խմբերի։ Փաստահավաք աշխատանքները Արցախի Հանրապետության մարդու իրավունքների եւ մեր հաստատության կողմից շարունակվում են իրականացվել։ Զեկույցի պատրաստման ընթացքում երկու հաստատություններս էլ ստացել ենք դիմումներ, բողոքներ, ահազանգեր։ Շատ դեպքերում մեր տեղեկատվությունը չի բավարարվել եւ հիմնված չէ միայն կառավարությունների կողմից տրամադրվող տեղեկությունների վրա։ Մենք ինքներս մեր նախաձեռնությամբ եւ մեզ դիմող անձանց տվյալներով կարողացել ենք հավաքագրել կամ վերահաստատել կամ չհաստատել փաստեր, որոնք շատ դերակատարներ ներկայացրել են»։
Նա կարեւորեց զեկույցի օպերատիվությունը․ «Այն շրջափակումը, որում գտնվում է Արցախը, Արցախում ապրող 120000 մարդ, այն տանջանքներն ու տառապանքները, որ կրում են երկու կողմում թակարդում հայտնված մարդիկ, որոնք չեն կարողանում վերադառնալ տուն, եւ գազանջատման պայմաններում ստեղծված պարենային, առողջապահական եւ բոլոր ոլորտների հումանիտար ճգնաժամի մասին փաստերն արագ ներկայացնելը միջազգային կազմակերպություններին շատ կարեւոր էֆեկտ ունեցավ, եւ կունենա առաջիկայում»։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ շարունակվում է փաստերի հավաքագրումը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի