ՀԲԸՄ-ն խորապես մտահոգված է Արցախի ժողովրդի առջև ծառացող մարդասիրական աղետով և դատապարտում է Ադրբեջանի հակամարդկային գործողություններն ու միջազգային հանրության անտարբերությունը։
Բռնապետներին և պատերազմական հանցագործներին հատուկ մարտավարությամբ՝ Ալիևը և իր ռեժիմը Արցախի քաղաքացիական բնակչությանը զրկում են գոյատևման համար անհրաժեշտ էներգառեսուրսներից և տրանսպորտային ուղիներից՝ այդ կերպ Արցախի ժողովրդին մեկուսացնելով արտաքին աշխարհից։ Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը արգելափակելով և խափանելով դեպի Արցախ գազամատակարարումը՝ Ադրբեջանը 120,000 հայերի զրկել է ջեռուցման, լույսի, սննդի, վառելիքի և բուժօգնության հասանելիությունից։ Ավելին, մարդկանց և մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների, այդ թվում՝ ՀԲԸՄ-ի մուտքն ու ելքն Արցախ արգելափակված է, որի հետևանքով, արցախահայությունը փաստացի հայտնվել է Ադրբեջանի ստեղծած մահվան թակարդում:
Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքով անցնող միակ ճանապարհի ապօրինի արգելափակումը ուղղակիորեն խախտում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերը, ինչպես նաև հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։ Շրջափակման և գազի մատակարարման դադարեցման երկարաձգումը կարող է հանգեցնել մարդկային կորուստների` հատկապես տարեցների և նորածինների շրջանում:
Շաբաթվա սկզբին հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին, որ ադրբեջանցի ենթադրյալ ցուցարարները ոչ թե շրջակա միջավայրով մտահոգված ակտիվիստներ են, այլ ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ, իսկ որոշ ցուցարարներ պատկանում են ռազմականացված, ծայրահեղ ազգայնական և նեոֆաշիստական «Գորշ գայլեր» շարժմանը։
Կարդացեք նաև
2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո այս երբեմնի անվտանգ ճանապարհը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն Ադրբեջանի այսօրինակ դաժան վարքը բնութագրում է որպես հայերին Արցախից բնաջնջելու լկտի փորձ: «Աշխարհը բազմիցս ականատես է եղել այս նողկալի քաղաքականությանը, և մենք խնդրում ենք աշխարհի խոշոր քաղաքական ուժերին հստակ միջոցներ ձեռնարկել՝ սանձելու Ադրբեջանի ապօրինի գործողությունները, որոնք խախտում են եռակողմ համաձայնագիրը։ Համաշխարհային առաջնորդները չպետք է լուռ հետևեն այս ամենին, ինչպես արել են պատմության ընթացքում՝ աչք փակելով հայերի ողբերգության վրա։ Այժմ ևս, ինչպես 20-րդ դարի սկզբին, վտանգված են անմեղ կյանքեր»:
ՀԲԸՄ-ն երեք տասնամյակ շարունակ սատարում է Արցախին և կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը իրենց երկրների ղեկավարներին և ներկայացուցիչներին անհապաղ իրազեկել Արցախի ժողովրդի ծանր կացության մասին: Կարևոր է յուրաքանչյուր վայրկյանը։
ՀԲԸՄ