Այսօր խորհրդարանում արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Կառավարությունն առաջարկում է Վերաքննիչ դատարանում եւս հակակոռուպցիոն մասնագիտացված պալատ ստեղծել, բայց նոր դատավորներ չավելացնել:
ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը մի շարք առաջարկություններ է արել ու փաթեթի մեջ մտցնել նաեւ այլ կարգավորումներ: Մասնավորապես, դատավորների նախագահներին ուզում են տալ նոր լիազորություններ, օրինակ, հնարավորություն տալ մշտադիտարկում անել դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետի պահպանման նկատմամբ: Առաջարկվում է նաեւ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական եւ քրեական դատարաններն առանձնացնել:
Որոշ փոփոխություններ են առաջարկվում դատավորների թեկնածուների հավակնորդների հետ կապված. ցուցակում նախատեսվում է ընդգրկել վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական առնվազն 8 տարվա փորձառություն ունեցողներին: Բացի այդ, դատավորների ընտրության համար հատուկ կարգ է առաջարկվում՝ առանց ակադեմիայում 8 ամիս ուսանելու պահանջի: Թեստեր են մշակվելու ու կարող են նաեւ տրամաբանական հարցեր ուղղել:
Ուշագրավ է, որ առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին վերապահված մի շարք լիազորությունների կատարումը վերապահել ԲԴԽ նախագահին՝ հաշվի առնելով հարցի բնույթը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ