Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործընթացները, որոնք հաջողությամբ իրականացվել են, կարող են ոգեւորել ադրբեջանցիներին. միջանցքը փակելն Արցախը հայաթափելու գործընթացի սաղմն է. Արթուր Եղիազարյան. «Ազգ»

Դեկտեմբեր 16,2022 12:40

«Ազգ»-ի զրուցակիցն է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը

— Պարո՛ն Եղիազարյան, արդեն չորրորդ օրն է, ինչ փակ է Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ աշխարհին կապող հաղորդակցային միակ միջոցը՝ Բերձորի միջանցքը: Բոլորս շունչներս պահած սպասում ենք, թե ի՞նչ է լինելու ի վերջո, հարցին ի՞նչ լուծում է տրվելու: Կատարվող իրադարձություններին ի՞նչ գնահատական կտաք:

— Համաձայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ ռուս խաղաղապահները պետք է կատարեն իրենց պարտականություներն ու բացեն ճանապարհը: Ցավոք սրտի, սա հետեւանք է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք մեկ ճանապարհի հույսին ենք մնացել: Քարվաճառի շրջանը հանձնելով՝ փաստորեն Հայաստանն Արցախին կապող մի բարակ թել մնաց (Բերձորի միջանցքը նկատի ունի- Ս.Վ.), եւ տրամաբանական էր, որ ադրբեջանաթուրքական տանդեմը փորձելու էր այդ երթեւեկն էլ խոչընդոտել, այսինքն՝ փորձելու էր Արցախն ընդհանրապես կտրել Հայաստանից, ու իր ազդեցությունը պարտադրել Արցախին, հասնել հայաթափման: Ասել է թե՝ այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայ մարդը չդիմանա եւ չցանկանա այլեւս Արցախում ապրել: Կարծում եմ՝ միջանցքի փակումն այդ գործընթացի սաղմն է: Բայց հուսամ, որ ռուս խաղաղապահներն այն պարտավորությունը, որ ստանձնել էին, կիրագործեն եւ կբացեն ճանապարհը:

— Ժամանակագիրներն այս օրերին զուգահեռներ են անկացնում 1988-ի կիրովաբադյան դեպքերի միջեւ: Հիշում են՝ «Կոմունիստ» թերթում տպագրված հոդվածը, որ վերաբերում էր, իբրեւ թե, Շուշիում ծառեր հատելուն: Խորհրդային թերթի ադրբեջանալեզու տարբերակն ահազանգում էր, թե Երեւանի Ալյումինի գործարանի աշխատակիցների համար կառուցվող գործարանի պատճառով են ծառերը հատվել: Այդ հոդվածից կարճ ժամանակ անց Կիրովաբադում (հայերեն տարբերակը՝ Գանձակ) հայերի մասշտաբային կոտորած տեղի ունեցավ, եւ այժմ, ձեռագիրն ու սցենարը կարծես նույնն են: Նորից, իբրեւ թե, բնապահպանական ակցիայի անվան տակ մեր վայ-հարեւանները շրջափակման մեջ են պահում ավելի քան 120 հազար հայի:

— Իհարկե, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, եւ հատկապես այն գործընթացները, որոնք հաջողությամբ իրականացվել են, կարող են ոգեւորել ադրբեջանցիներին: Չեմ բացառում, որ նրանք փորձեն նույն սցենարով առաջնորդվել, ու նմանատիպ գործընթացներ տեղի ունենան: Ուշադիր հետեւելով կեղծ բնապահպանների գործողություններին՝ բավական հետաքրքրական պատկեր ենք տեսնում. վարժ հայերեն խոսող «էկոլոգներն», ակնհայտ է, բնապահպանության հետ որեւէ կապ չունեն: Նրանք, միանշանակ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են, եւ այս ամենն Ադրբեջանի իշխանության կողմից իրականացվող գործընթաց է: Տեղի ունեցողն արդեն իսկ ցեղասպանություն կարելի է անվանել. Արցախի հայաթափմանը միտված գործընթացն, այո, արդեն իսկ ցեղասպանություն է: Ցեղասպանությունը միայն ֆիզիկական ոչնչացումը չէ: Պատկերացնենք՝ 1915 թուրքերը մեր ապուպապերին գնացքներով (կամ անգամ ինքնաթիռներով) ուղեկցեին եւ իրենց երկրից հանեին, դա արդեն ցեղասպանություն է: Հիմա նմանատիպ գործընթաց տեղի է ունենում:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031