Լրահոս
Օրվա լրահոսը

«Չոր նավահանգստի շնորհիվ կկարողանանք բեռները Գյումրիից հասցնել մոտակա նավահանգիստ». «Հրապարակ»

Դեկտեմբեր 16,2022 11:33

Օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց Շիրակի մարզում չոր նավահանգիստ ստեղծելու մտադրության մասին։

Վահան Քերոբյանը, մեզ հետ զրույցում խոսելով այդ նախագծի մասին, ասաց․ «Իդեան 2009 թվականից է սավառնում, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանը, ունենալով շատ վատ լոգիստիկ կապվածություն աշխարհի հետ, անհրաժեշտություն ունի առաջնակարգ լոգիստիկ ենթակառուցվածքներ զարգացնելու։ Որոշ ժամանակ առաջ սփյուռքահայ մասնագետների կողմից առաջարկվել էր այդ նախագիծը, մի քանի անգամ մերժվել էր, որից հետո, երբ ես դարձա նախարար՝ 2 տարի առաջ, էդ ժամանակ արդեն սկսեցինք ուսումնասիրել հնարավորությունները եւ Հայաստան բերեցինք ոլորտի 40 տարվա փորձառու, ուժեղ մասնագետի՝ Չարլ Մալասին, որը բազմաթիվ երկրներում նախագծեր է իրականացնում՝ նավահանգիստներ, չոր նավահանգիստներ, լոգիստիկ կենտրոններ»։

– Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում չոր նավահանգիստը։

– Դա լոգիստիկ ենթակառուցվածք է եւ արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները եւ, դրան զուգահեռ, կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, եւ տարբեր տրանսպորտային միջոցներն էնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ, այս դեպքում մենք դիտարկում ենք Վրաստանի նավահանգիստները, կա՛մ ավտոտրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ, կա՛մ օդային տրանսպորտով։ Ինչո՞վ է լավ այն տեղը, որ մենք ընտրել ենք Գյումրիում, որովհետեւ էնտեղ հատվում են օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհները։ Այդ առումով օգտագործելու է այդ երեք տրանսպորտային միջոցները։ Սովորաբար, չոր նավահանգիստները մոտակա ծովային նավահանգիստների լրացումներն են դառնում, այս դեպքում մենք կարծում ենք, որ վրացական 2 նավահանգիստների հետ արագ հաղորդակցություն ու կապ ստեղծելով, եւ, փաստորեն, դա կա, որովհետեւ երկաթգիծը հասնում է ե՛ւ Բաթումիի, ե՛ւ Փոթիի պորտեր, մենք կկարողանանք համեմատաբար շատ էժան գներով մեր բեռները Գյումրիից հասցնել մոտակա նավահանգիստ։

– Կառավարությունը խոստացել էր հայկական լաստանավ գործարկել, որը դեռ անցած ամռանը պետք է ծով դուրս գար՝ չեք արել։ Հիմա ինչո՞վ վստահ լինենք, որ այս նախագիծը կյանքի կկոչվի, եթե չկարողացաք անգամ մի լաստանավ դուրս բերել ծով։

– Գիտե՞ք, մենք բազմաթիվ բաներ ենք նախատեսում, դրանցից որոշ մասը ստացվում է, որոշ մասը չի ստացվում։ Մենք, իհարկե, դեռ մեր ջանքերը կենտրոնացած պահում ենք, որպեսզի լաստանավն աշխատի, բայց բազմաթիվ այլ նախագծեր արդեն ստացվել են, օրինակ՝ տնտեսության արդիականացման ծրագիրը, բազմաթիվ ներդրումային ծրագրեր, նոր գործարաններ, նոր ընդլայնված նախագծեր, բարձր տնտեսական աճ, վերջիվերջո, որը էլի անցած տարի բուռն քննադատության առարկա էր դարձել իմ նկատմամբ, բայց հիմա բոլորս ըմբոշխնում ենք էդ բարձր տնտեսական աճը։

– Իսկ ե՞րբ ենք ըմբոշխնելու լաստանավերի տված արդյունքները։

– Տեսեք, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օր առաջ այդ հարցը լուծվի։ Օրինակ՝ Լարսի ուղղությամբ մեր ջանքերն արդեն բավական լուրջ հաջողություն են գրանցել, եւ մենք, ըստ էության, բավականին երկար ժամանակ առաջ լուծել ենք Լարսի թողունակության հարցը՝ շնորհիվ ռուս գործընկերների հետ մեր վարած բանակցությունների, տարած աշխատանքի։ Կարծում եմ, մենք բավականին շատ ուշացել ենք լաստանավից, բայց վստահ եմ, որ մոտ ժամանակներս այն անպայման կաշխատի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031