Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտինը կարծես ոչ ցանկանում, ոչ էլ ի զորու է Ալիեւին չափավորել. խաղաղապահ ուժերը երկու տարի անց իրենք իրենց ստվերում են. շվեյցարական թերթի անդրադարձը. «Ազգ»

Դեկտեմբեր 16,2022 11:21

Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» Մոսկվայի թղթակից Մարկուս Աքերեթը երեկ լույս տեսած ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքը փակելու, «ԼՂ-ի հայերի միջազգայնորեն չճանաչված պետության անդամահատումից մնացած մասը օրեր շարունակ մատակարարումից զրկելու», «տեղի հայությանը վտանգավոր վիճակի մեջ դնելու» կոշտ գործողությանը, որի նպատակն է ստիպել հայերին, որ հրաժարվեն տարածքի նկատմամբ իրենց պահանջից: Հրապարակումը տեղի սղության պատճառով կներկայացնենք համառոտելով: «3 օր է, ինչ հայերով բնակեցված ԼՂ մուտքը փակ է: Երկուշաբթի օրվանից Արցախի Հանրապետությունը Հայաստանի հետ կապող՝ պատերազմից հետո միակ ճանապարհը փակել են ադրբեջանցի իբր բնապահպաններ եւ լրագրողներ», գրում է թերթը, որ տեղում են՝ պահանջելով, բողոքելով ընդերքի ռեսուրսների՝ բնությունն աղտոտող շահագործման դեմ: Նրանք ԼՂ դիտարկում են իբրեւ ադրբեջանապատկան տարածք, որտեղ ազատ ելումուտ պիտի ունենան, գրում է հոդվածագիրը:

«Քաղաքացիական բնակչությունը թակարդում է: Ադրբեջանի կառավարությունը ներգրավված չէ, չի մասնակցում, բայց սատարում է «քաղաքացիական դիրքորոշում ցուցադրող ակտիվիստներին», մանրամասնում է գերմանալեզու NZZ-ը՝ տեղեկացնելով, որ երեքշաբթի օրվանից ի վեր ԼՂ-ն զրկվել է նաեւ գազամատակարարումից: Ավանդաբար Հայաստանից է գազ ստանում, բայց Ստեփանակերտ եւ շրջակա գյուղեր հասնում է Ադրբեջանի վերահսկմամբ տարածքով: Վերոնշյալի հետ Բաքուն չի ցանկանում առնչություն ունենալ: Հայերին էլ վրդովեցնում է այն կասկածը, թե իբր իրենք են PR նպատակով դրա հեղինակը: Իսկ երկու տարի այնտեղ տեղակայված ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման պատասխանատվությունը ստանձնած ռուս խաղաղապահները չեն կարողացել շրջափակումը կանխել:
120 000 ղարաբաղցի հայեր թակարդն են ընկել, գրում է «Նոյե ցյուրխեր ցայթունգը»՝ նկարագրելով վիճակը՝ ընտանիքի անդամները ակամա բաժանել են, ծանր հիվանդները չեն կարողանում անհրաժեշտ բուժօգնություն ստանալ: Պաշտոնատարները, նաեւ հայ պաշտոնյաներ, բարձրաձայնում են «գենոցիդիալ (ցեղասպան) քաղաքականության» մասին: Արեւմուտքն էլ պահանջում է դադարեցնել շրջափակումը: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիեւն ուրախ է՝ նրա նպատակներից մեկը ԼՂ-ի ամբողջական վերահսկումն է: ԼՂ-ի վերաբերյալ բանակցություններն արդեն ամիսներ ի վեր տեղապտույտ են տալիս: Նույնիսկ սեպտեմբերի կեսերին, երբ հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով կարճատեւ ու զոհաշատ հարձակում եղավ, էլի հայերին չպարտադրեց ծնկի գալ: Դեկտեմբերի սկզբին Ադրբեջանն արդեն առաջին անգամ շրջափակման փորձ արել էր, ինչը ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարական կազմին հաջողվել էր բանակցելով մեկ օր հետո դադարեցնել «բողոքի» գործողությունը: Եթե այս անգամ էլ դա լիներ՝ գերլարված օրերից, Ստեփանակերտից եւ Երեւանից հնչող կոչերից հետո, գինն ավելի բարձր կլիներ, անկասկած», կարծիք է հայտնում շվեյցարական NZZ-ը:

«Ռուսաստանը կորցրել է ազդեցությունը, գրում է հոդվածագիրը՝ Բաքուն յուրաքանչյուր միջադեպով փորձում է ընդլայնել իր վերահսկողությունը Ղարաբաղի՝ հայերով բնակեցված, յուրատեսակ ամրոցի վերածված տարածքի վրա: Ղարաբաղցիների, հայերի համար չափազանց սպառնալից է սա: Նրանք Ադրբեջանի վերահսկմամբ համագոյակցություն չեն պատկերացնում ազերիների հետ եւ երկյուղում են, թե ամբողջովին կբնազրկվեն, կտեղահանվեն կամ կսպանվեն: ԼՂ-ի նոր՝ դե ֆակտո վարչապետ Ռուսաստանում հարստացած գործարար Ռուբեն Վարդանյանը կոչ արեց իր համերկրացիներին միասնական լինել եւ դիմակայել: Բայց Ղարաբաղի հայերի հեռանկարը ավելի քան մռայլ է: Չնայած 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի դեմ պատերազմում կրած պարտությանը ԼՂ-ի մարմնից մի մաս մնացել է, բայց Երեւանը կորցրել է անվտանգության երաշխավորի իր դիրքը, իսկ ռուսական խաղաղապահ ուժերը, որ ստանձնել են հենց այդ դերակատարումը, երկու տարի անց իրենք իրենց ստվերում են: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անհաջող արշավն առավել թուլացնում է ՌԴ-ի դիրքերը Հարավային Կովկասում, խաղաղապահ ուժերի թվակազմն էլ կրճատվել է, իսկ Պուտինը կարծես ոչ ցանկանում, ոչ էլ ի զորու է Ալիեւին չափավորել:

Պայքար՝ խաղաղության պայմանագրի համար: Այս տարի ԵՄ-ն միջնորդական ակտիվ ջանք գործադրեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին հասնելու վերաբերյալ, հիշատակում է շվեյցարական թերթը՝ նշելով սահմանի երկայնքով դիտորդական ժամանակավոր առաքելության տեղակայումը: Ըստ վերլուծականի, Ալիեւը եւ ներքաղաքական ճնշման տակ գործող Նիկոլ Փաշինյանը ցանկանում էին մինչեւ տարեվերջ բեկում արձանագրել: Փաշինյանը նույնիսկ խոստովանեց, թե Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի մաս է համարվում: Դրանով ուզում էր ցույց տալ, որ տարածքն այլեւս այն առաջնահերթությունը չունի, ինչ իրենից առաջ՝ Ղարաբաղում քաղաքական մկրտություն ստացած, պետությունը ղեկավարած նախկինների համար էր: Այդուհանդերձ Երեւանը շարունակում է դիմակայել Բաքվի՝ Սյունիքով Նախիջեւանին միանալու նպատակների իրականացմանը, կարծիք է հայտնում NZZ-ի մեկնաբանը: Լաչինի միջանցքով Ղարաբաղի հետ միակ ուղին շրջափակելու գործողությունը սեպտեմբերյան հարձակումից, տարածքներ գրավելուց հետո Բաքվի պատասխանն է Հայաստանին: Ալիեւը գիտի, որ սա լծակ է իր ձեռքում՝ եթե ռազմական հարձակում իրականացներ, արագ կգրավեր Ստեփանակերտը, հերթական խայտառակությունը հասցնելով Հայաստանին: Եթե Փաշինյանը քաղաքականապես զիջի, իր ընդդիմադիրներին եւ ժողովրդի զգալի հատվածին իր դեմ կտրամադրի, թեպետ նրանք էլ ԼՂ ապագայի վերաբերյալ նվազ գործածական դեղատոմս են առաջարկում», -եզրափակում է «Նոյե ցյուրխեր ցայթունգի» մեկնաբանը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031