Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի մասին պետք է մտածել ամեն օր, թեկուզ չլինելով Արցախում՝ աշխատել Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 16,2022 10:54

Դեկտեմբերի 12-ի առավոտյան «բնապահպանական» խնդիրների անվան տակ Ադրբեջանը փակել է մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը, իսկ դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաեւ Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Արցախի շուրջ ընթացող գործընթացի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ։

-Մշտական դարձած սադրանքների պայմաններում, երբ թիրախավորվում են նաեւ քաղաքացիական անձինք, իրատեսակա՞ն է, արդյոք, խաղաղ համագոյակցությունը Ադրբեջանի կազմում։

-Անկախ վերջին դեպքերից, բազմիցս նշել ենք, որ Արցախի բնակչությունը որեւէ պարագայում չի կարող Ադրբեջանի կազմում գոյատեւել, որովհետեւ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը՝ երկրի նախագահի գլխավորությամբ, չի թաքցնում իր հայատյաց քաղաքականությունը, որ իրենց Արցախը պետք է առանց հայերի։ Մենք կարող ենք ադրբեջանցիների հետ ապրել որպես հարեւաններ, բայց որեւէ պարագայում չենք կարող լինել Ադրբեջանի կազմում։

-Ֆրանսիայի Ազգային ժողովը եւ Սենատը միաձայն ընդունել են Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ։ Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում բանաձեւի ընդունումն Արցախի համար։

-Իհարկե, ողջունելի են Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի հայտարարությունները, սակայն պետք է փաստենք, որ այդ հայտարարությունները առարկայական դառնալու համար անհրաժեշտ է, որ Ֆրանսիայի կառավարությունը գործուն քայլեր ձեռնարկի։ Սենատի եւ Ազգային ժողովի ընդունած հայտարարությունները բացառապես խորհրդատվական բնույթ են կրում կառավարության համար եւ առնվազն այս պահին որեւիցե գործողությունների իրականացմանն ուղղված չեն։ Սակայն, իհարկե, չենք կարող չընդունել, որ նման զարգացումները կարեւոր են։ Դա հնարավորություն է ընձեռում միջազգային հանրության կողմից ավելի հստակ եւ կոշտ արձագանքելու պրակտիկա ձեւավորել Ադրբեջանի վարած քաղաքականության վերաբերյալ։

-Հաճախ ենք լսում «հանուն Արցախի» գործելու հորդորը։ Ի՞նչ կարող է եւ պետք է անի մեզանից յուրաքանչյուրը Արցախի եւ արցախցու կողքին լինելու համար։

-Պետք է հասկանանք, որ Արցախում ստեղծված իրավիճակը միայն Արցախում ապրողների խնդիրը չէ։ Արցախը մեր հայրենիքի անբաժան եւ շատ կարեւոր հատվածն է, այն յուրաքանչյուր հայինն է եւ ոչ միայն Արցախում կամ Հայաստանում ապրող, այլեւ ամբողջ աշխարհում ապրող հայերինը։ Յուրաքանչյուր հայի պարտականությունն է իր հայրենիքի այդ վիրավոր հատվածի նկատմամբ մեծ ուշադրություն դարձնելը։ Արցախի մասին պետք է մտածել ամեն օր, Արցախի համար օգտագործել բոլոր հնարավոր եւ անհնար ռեսուրսները, պետք է ապրել Արցախում, աշխատել Արցախում կամ թեկուզ չլինելով Արցախում՝ աշխատել Արցախի համար։ Պետք է անել առավելագույնը, որ Արցախում ապրող մեր հայրենակիցները լինեն ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ, քանի որ Արցախը պահելու ամենակարեւոր գրավականը հենց արցախցու՝ այնտեղ ապրելն ու շատանալն է։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031