«Հանուն չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպությունը հայ լրագրողների և լրատվամիջոցների անունից կոչ է անում արտասահմանյան ԶԼՄ-ներին և լրագրողական կազմակերպություններին աջակցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և հումանիտար ճգնաժամի մասին հանրությանը ճշգրիտ և իրական տեղեկատվություն տարածելու հարցում։
Հասարակական կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Լաչինի միջանցքը փակ է ավելի քան 75 ժամ, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Պատանդի կարգավիճակում փաստացի գտնվում է 120 հազար հայ։ Ազգաբնակչությունը զրկված է նաև սննդամթերք և դեղորայք ունենալու հնարավորությունից։ Բացի այդ` արդեն երկու օրից ավելի է, ինչ խափանված է Հայաստանից Արցախ ներմուծվող գազի մատակարարումը, ինչի հետևանքով դեկտեմբերի 14-ից փակ են նաև բոլոր ուսումնական հաստատությունները։
Ըստ այդմ, շուրջ 30 հազար դպրոցական զրկված է ուսում ստանալու հնարավորությունից: Ծանր իրավիճակում են հիվանդանոցները, ծննդատները, մանկատներն ու այլ կարևոր հաստատություններ:
Խիստ կարևոր է Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան մեթոդաբանության վերաբերյալ միջազգային հանրության արագ և հասցեական արձագանքը։
Կարդացեք նաև
Օբյեկտիվ հանրային գնահատականի հարցում խիստ անհրաժեշտ է արտասահմանյան լրագրողների ու ԶԼՄ-ների աջակցությունը:
«Հանուն չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպություն