Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը մեղավոր չի՝ սաղ ռուսներն են

Դեկտեմբեր 16,2022 10:00

«Պուտինն իր մոտ կանչեց Փաշինյանին, մի հատ թուղթ դեմ տվեց՝ «Միութենական պայմանագիր»: Մեր վարչապետը վրդովվեց, ճղեց այդ թուղթը, շպրտեց Պուտինի երեսին, դուռը շրխկացրեց ու գնաց: Պուտինն էլ հետեւից գոռաց՝ «Ախ, դու այդպե՞ս:  Դե, հիմա քո հալը կտեսնես»: Եվ ճամփեքը փակեց»: Պաշտոնական քարոզչության այդ հեքիաթը միանգամայն արժանահավատ է հնչում եւ մարսելի է Փաշինյանի ընտրազանգվածի ինտելեկտի եւ գրագիտության մակարդակն ունեցողների համար: Դատողության մոտավորապես նույն մակարդակն է պետք՝ տեսնելու համար, որ ճանապարհին կանգնած է ռուսական երեք ռազմական բեռնատար եւ ասելու՝ «տեսնո՞ւմ եք, ով է իրականում փակել միջանցքը»:

Բայց եթե պաշտոնական քարոզչության նպատակն է «սպիտակեցնել» Փաշինյանին՝ ամենը գցելով ռուսների վրա, ապա հակառակ գործողությունը նույնպես սխալ է: Եթե մեր զբաղմունքը ոչ թե առասպելաբանություն կերտելն է, այլ վերլուծությունը, ապա պետք է հասկանալ տարբեր կողմերի գործողությունների տրամաբանությունը: Արդեն նշել եմ, որ պաշտոնական Երեւանի մարտավարությունն էր «այո» ասել թե՛ ռուսական, եւ թե՛ արեւմտյան առաջարկներին՝ փորձելով այդ պարզունակ խաղի միջոցով ժամանակ ձգել: Դա անհաջող մարտավարություն էր, որը դարձյալ խոսում է ոչ բավարար գիտելիքների եւ ինտելեկտի մասին: Ինչպիսին քաղաքական ուժն է, այդպիսին էլ՝ ընտրազանգվածը:

Նույն սխալ հաշվարկի արդյունքն է Հայաստանի իշխանությունների համոզմունքը, որ Արցախի հայաթափումից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը թույլ կտան, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի խաղաղ եւ երջանիկ կյանքով: Ահա հայկական կողմի տրամաբանությունը, որն, ինձ թվում է, սխալ է ու կործանարար: Դավաճանության վարկածը դավադրապաշտության ոլորտից է, որը խորթ է լուրջ վերլուծություններին:

Ռուսաստանի շահագրգռվածությունն է, անշուշտ, պահպանել իր ներկայությունն Արցախում: Եթե Ադրբեջանը հասնի իր նպատակին, եւ Արցախում ոչ մի հայ չմնա, ապա ռուսական զորքի անհրաժեշտություն չի լինի, եւ Ռուսաստանը կկորցնի այդ լծակը: Եվ մյուս կողմից, Ադրբեջանն ավելի շուտ կհասնի իր նպատակին, եթե Արցախում խաղաղապահներ չլինեն: Դա նույնպես պարզ տրամաբանություն է, մնացածը՝ դարձյալ դավադրապաշտական տեսություններ, որոնք կառուցվում են տարբեր ձեւերով՝ կախված սպառողի քաղաքական ճաշակից:

Ադրբեջանի ակցիան Բերձորում նախեւառաջ խաղաղապահների դեմ է՝ պատահական չէ, որ «ակտիվիստները» տեսախցիկների առաջ ստորացնում են ռուս զինվորներին՝ ստուգում են այդ երկիրը на вшивость: Հասկանում են, որ Ռուսաստանը թուլացել է՝ Ուկրաինայում Պուտինի սանձազերծած ինքնասպան, խելանեղ պատերազմի պատճառով: Այդ պայմաններում ռուսները պատրա՞ստ են կոշտ միջոցների դիմել, որոնք կարող են վերածվել բախման: Վստահ չեմ:

Ռուսաստանը, բնականաբար, շահագրգռված է նաեւ, որ բացվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ իհարկե, այն պայմանով, որ ինքն այդ ճանապարհը վերահսկի, որովհետեւ դա նույնպես լուրջ լծակ կարող է լինել: Բայց այդ «բազարը» Հայաստանի իշխանությունների հետ է, որոնք, ինչպես եւ մնացած հարցերում, դեգերումների մեջ են: Իսկ Բերձորի միջանցքի հետ կապված վերջնագիրը ներկայացվում է, ըստ էության, արցախցիներին, եւ այդ վերջնագիրը, հիմա արդեն պարզ է, ամենեւին «բնապահպանական» չէ: Պարզապես ադրբեջանցիներն այդպես էլ չհասկացան, թե ում հետ գործ ունեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան։
    Հոդվածում հնչեծվածն իրականությանն շատ մոտ է և ընդունելի։
    Միայն մի բան եմ ուզում հարցնել, եթե կարելի է։ Ձեր կարծիքով երկրի ղեկավարի կողմից Արցախի հայաթափմանը համաձայնվելը և անգործությամբ կամ սխալ գործողություններով դրան նպաստելը Ձեր համար դավաճանություն չէ՞

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “Դավաճանության վարկածը դավադրապաշտության ոլորտից է, որը խորթ է լուրջ վերլուծություններին:”

    Եւ նորից համառորեն փորձ է արվում ջնջել նիկոլի վրայից բացահայտ դավաճանի խարանը: Թե բա՝ ինքը ընդամենը «սխալ հաշվարկ» է արել, խեղճ մարդն ուզում էր/է լավ բաներ անել, բայց դե «բավարար գիտելիքներ եւ ինտելեկտ» չունի, էլի: Սա ակնհայտ դավաճանությունը արդարացնելու մի նուրբ հնարք է. մեծարգո պարոն վարչաղետին առերեւույթ քննադատել «կոպտագույն սխալների» համար, հայտարարել, թե նա լոկ մի «ապաշնորհ ու անհեռատես կառավարիչ» է, բայց ոչ մի դեպքում չհամաձայնել, որ նրա կատարած արարքները կարող են պարունակել եւ դավաճանության տարրեր: Դե իսկ այդ ակնհայտ տարրերը բացահայտողներին պիտակավորել որպես «դավադրապաշտ», անլուրջ վերլուծաբաններ…

  3. Լավատես says:

    Վատ աշակերտներ չեն լինում, լինում են վատ ուսուցիչներ: Մեր ընտրազանգվածը մեղավոր չի, որ իրականությունը գիտակցող մեր քաղաքական, հասարակական եւ պարզապես մտավորականությունը ոչ մի կերպ չեն միավորվում ընտրազանգվածին ուղղորդելու համար: Մենք որպես քաղաքական ազգ նորածին երեխա ենք, մինչեւ հիմա պետականություն ստանում էինք սկուտեղի վրա եւ ոչ թե նվաճում այն: Մեր քաղաքական երեխան մեն մենակ է բորենիներով ու մակաբույծներով վխտող իրական աշխարհում եւ օր առաջ մեր միասնական քաղաքական ուժերը պետք է առաջնորդեն մեր ընտրազանգվածին, նրան խոստանալով ծանր, բայց ստեղծագործ աշխատանք եւ ծառայություն հանուն ազգի լավ ապագայի: Ինչումն եմ լիովին համոզված, որ մենք ունակ ենք լինել ամենաբարձր մակարդակի ազգ, երբ ունենանք ամենաբարձր մակարդակի քաղաքական ուժեր եւ հետեւաբար ամենաբարձր մակարդակի կառավարություն: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

    • Լավատես says:

      Մի քիչ էլ սիրողական աշխարհաքաղաքական վերլուծություն: Առաջին համաշխարհայինի արդյունքում բոլոր կայսրությունները փլուզվեցին, բացի մեկից: Հիմա այս մեկը հասկանում է, որ իր դեմ խաղ չկա, քանի դեռ փլուզված կայսրությունները չեն միավորվել ու չեն ստեղծել մեկ միավորված կայսրություն, որը այս մեկի հարցը կլուծի: Սովետի քանդոցը, եւրոպաների քաղաքական թուլությունը, էլ չեմ ասում հյուսիսների քաղաքացիական պատերազմը, որը բոլոր պատերազմներից ամենանոխկալին է: Մենք պետք է մաքսիմալ աչալուրջ լինենք, որ հայաստանցի արցախցի կռիվ մեր մեջ էլ չգցեն: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Լավ, եկեք մի պահ ենթադրենք, թե մեծարգո ազգակործան պատուհասը դավաճան չէ: Բայց այդ դեպքում նրա պահվածքը բոլորովին այլ պետք է լիներ: Նախ՝ կթողներ, որ դատախազությունը ընթացք տա ընդդիմության հաղորդումներին հանցագործության մասին՝ պետական դավաճանության հատկանիշներով, եւ հանգիստ խղճով (կամ նույնիսկ՝ իրեն գժի կամ ապուշի տեղ դնելով) կշահեր դատը ու ձեռի հետ էլ ընդդիմությանը պորտը տեղը կդներ: Իսկ ի՞նչ արեց ինքը: Դատախազությանը հրամայեց ցրել/ջրել գործը՝ միաժամանակ ճղճղալով, թե իբր ընդդիմությունն է դավաճան ու հողատու, այլ ոչ թե ինքը…

    Եթե մեր մեծարգո ամբաստանյալը դավաճան չլիներ, հարաբերությունները միտումնավոր չէր փչացնի դաշնակիցների հետ, գաղտնի եւ անհայտ օրակարգով բանակցություններ չէր վարի թշնամիների հետ, բանակը չէր կազմաքանդի, պատերազմում պարտություն կրելուց հետո էլ չէր հպարտանա դրանով ու չէր պահի իրեն ողորմելի մուրացկանի պես…

    Կամ հիշենք թեկուզ Հոխիկյանի ու Լապշինի բացահայտումները: Պարզից էլ պարզ է, որ ՔՊ-թրքահպատակների խմբակը պատերազմից դեռ շատ առաջ մտադիր է եղել հանձնել ողջ Արցախը եւ որպեսզի կոտրի ժողովրդի դիմադրողականությունը, պլանավորել է եւ հրահրել պատերազմ՝ անպայման պարտվելու ելքով ու մեծ զոհերի գնով: Ուկրաինայում Նիկոլի դեսպան Վլադիմիր Կարապետյանը դեռ 2019 թ. փաստացի ինքախոստովանական ցուցմունք է տվել ակնհայտ դավաճանության մասին: Մարդը ազնվորեն խոստովանել է մեծարգո պատուհասի դավաճանական պլանների մասին. «Որ մի քանի հազար զոհ տան՝ լավ էլ կհամաձայնվեն»…

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Փաշինյանը դավաճան չի՝ սաղ ռուսներն են՝ խելահեղ, ագրեսոր, ինքնասպան, դավաճան Պուտլերի գլխավորությամբ… 🙂

  6. Սարգիս Զեյթունյան says:

    “Դավաճանության վարկածը դավադրապաշտության ոլորտից է, որը խորթ է լուրջ վերլուծություններին:”
    Ցավոք սրտի, 2018-ից մինչև հիմա կատարվածը հիմք է տալիս կարծելու, որ հակառակ վարկածն ավելի մոտ է դավադրապաշտության ոլորտից լինելուն։ Ակնհայտ է, որ ծրագիրը եղել է Արցախ կոչվող բալաստից ազատվելը։ Դա է ներարկվել մեր հարյուր հազարավոր հայրենակիցների մեջ` ժամանակակից քաղտեխնոլոգիաներով ու ամբոխահաճո քարոզչությամբ (վայրահաչով) նրանց ապուշացնելու միջոցով։ Դա ուղղակի դավաճանություն է այն սկուզբունքներին, որոնց վրա սկսվել է կառուցվել երրորդ հանրապետությունը։ Դա դավաճանություն է պետականության նկատմամբ, քանի որ բանակում ներդրումների փոխարեն հզորացնում են ոստիկանությունը, քանի որ իշխանության մեջ մնացել են միայն ամուլ կամակատարներ, որոնք մեր և երկրի բախտն են տնօրինում, քանի որ կրթությունը տալիս են տնօրինելու մեկին, ով ուզում է դպրոցներից վերացնել ռազմահայրենասիրական դաստիարակությունը… Ինձանից շատ ավելի խելոք վերլուծաբաններ շատ ավելի համոզիչ ներկայացնում են, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Դուք, երբ 4 տարի առաջ ողջունեցիք իշխանափոխությունը, կարո՞ղ էիք կանխատեսել դրա հետևանքներն այն ժամանակ։ Եթե այն ժամանակ Ձեզ ասեին, որ 2 տարի հետո ունենալու ենք հազարավոր զոհեր ու հսկայական հողային կորուստներ, Դուք հավանաբար այն ժամանակ էլ կասեիք, որ դա դավադրապաշտության ոլորտից է։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031