Լրահոս
Օրվա լրահոսը

Տրամադրության անկումն ու դեպրեսիայի ախտանշանները հորմոնները ստուգելու առիթ են

Դեկտեմբեր 16,2022 09:30

Մեր կենսագործունեության ընթացքում կարող է տպավորություն ստեղծվել, որ հորմոնները որոշում են ամեն ինչ, և անգամ եթե այդ պատկերացումը մի փոքր վիճարկելի կարող է թվալ մասնագիտական տեսանկյունից, կյանքի որակի, տրամադրության ու աշխարհընկալման մեջ հորմոնների դերն իսկապես որ շատ նշանակալի է։ Երբեմն անգամ դժվար է լինում տարբերակելը՝ մարդու մոտ դեպրեսիայի ախտանշանները պայմանավորված են հորմոնալ փոփոխություններո՞վ, թե այլ գործոններով, ուստի ձեզ մոտ դեպրեսիա ախտորոշելուց առաջ համոզվեք, որ օրգանիզմի հորմոնալ ֆոնը կարգին վիճակում է։

Ի՞նչ են հորմոնները

Հորմոններն օրգանիզմի ներզատական համակարգի կողմից արտադրվող միացություններ են, որոնք հսկայական ազդեցություն ունեն օրգանիզմում կատարվող գործընթացների վրա։ Էնդոկրին համակարգի գեղձերն ազդում են օրգանիզմի աճի, զարգացման, տրամադրության, սեռական գործառույթի ու վերարտադրման, նյութափոխանակության և բազմաթիվ այլ գործառույթների վրա։

Ի՞նչ կապ ունեն հորմոնները դեպրեսիայի հետ

Որոշ հորմոնների մակարդակների շեղումները կարող են բերել դեպրեսիայի առաջացման, օրինակ՝ վահանաձև գեղձի թերֆունկցիան՝ հիպոթիրեոզը կարող է արտահայտվել դեպրեսիայի ախտանշաններով։

Նշենք, որ կանայք ավելի հաճախ են տառապում վահանաձև գեղձի հիվանդություններով, քան տղամարդիկ, ինչպես նաև ավելի հաճախ են դեպրեսիա ունենում՝ կենսաբանորեն լինելով այդ հարցում ավելի խոցելի։

Քանի որ կապ կա դեպրեսիայի և այլ հիվանդությունների միջև, բժիշկներն ախտորոշելուց առաջ սովորաբար արյան անալիզ նշանակում՝ սխալներից խուսափելու համար։ Օրինակ՝ պարզելու համար՝ արդյո՞ք դեպրեսիոն ախտանշանները կապ ունեն վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնների շեղումների հետ, ներզատաբանը նախնական ախտորոշման համար, ամենայն հավանականությամբ, կնշանակի որոշել թիրեոտրոպ հորմոնի (TSH) և ազատ թիրոքսինի մակարդակն օրգանիզմում։

Բացի վահանաձև գեղձի հորմոններից, էստրոգենն էլ որոշակի ազդեցություն ունի տրամադրության վրա, և դրա մակարդակն էլ է կապվում դեպրեսիայի ախտանշանների հետ, որոնք վառ դրսևորվում են նախադաշտանային համախտանիշի ժամանակ։ Կնոջ մոտ վերարտադրողական տարիքից դուրս գալը նույնպես դրսևորվում է հորմոնալ փոփոխություններով և կարող է արտահայտվել տրամադրության փոփոխություններով, հոգնածությամբ, քնի խանգարումներով, քաշի ավելացմամբ, մաշկային փոփոխություններով և այլն։

Հղիությունը նույնպես ֆիզիկական ու հոգեբանական փոփոխություններ է բերում կնոջ կյանքում, իսկ հղիությունից  հետո կնոջ մոտ կտրուկ փոփոխվում է հորմոնալ ֆոնը՝ բարձրանում է պրոլակտինի մակարդակն ու նվազում օքսիտոցինի քանակը, ինչի պատճառով ծննդաբերությունից հետո կանանց մոտ 80 տոկոսը դեպրեսիա է ունենում, որը սովորաբար արագ անցնում է։ Ավելի հազվադեպ՝ երիտասարդ մայրերի 10-20 տոկոսի մոտ զարգանում է հետծննդաբերական դեպրեսիա։

Տրամադրության փոփոխություններ է առաջացնում նաև կորտիզոլի, նորադրենալինի ու ադրենալինի ավելցուկն օրգանիզմում։ Այդ հորմոններն արտադրվում են մակերիկամների կողմից և պատասխանատու են օրգանիզմում արյան բաշխման համար։ Դրանց քանակի ավելացումը կարող է դրսևորվել վատ տրամադրությամբ, զայրացկոտությամբ, տագնապով ու ագրեսիայով։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031