Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի ներկայացուցիչը միջնորդեց ԲԴԽ-ին՝ դիմել ՍԴ

Դեկտեմբեր 16,2022 14:30

Ըստ ներկայացուցչի, նախարարի տեղակալ Գրիգորի Մինասյանը իրավասություն չի ունեցել դիմել խորհուրդ

Դեկտեմբերի 12-ին Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Նախորդ նիստը տեղի էր ունեցել նոյեմբերի 28-ին: Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացրած միջնորդության համաձայն, դատավորի կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 11-րդ հոդվածի, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի, դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի, 153-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների ենթադրյալ խախտումներ:

Դատավորի ներկայացուցիչը Մուղնեցյանն էր: Նա հանդես եկավ միջնորդությամբ:

Նախորդ նիստի շրջանակներում գրավոր տեսքով էր ներկայացրել: ԱՆ-ն ստացել էր էլեկտրոնային եղանակով գրավոր դիրքորոշումը: «Նախարարի տեղակալը չի կարող իրականացնել նախարարի այն լիազորությունները, որոնք իրենց բնույթով սահմանադրաիրավական են: Սահմանադրությամբ ներկայացված է նախարար սուբյեկտի նշանակման կարգը, ով է նախարարը: Նախարարի տեղակալ սուբյեկտ գոյություն չունի, ով է տեղակալը, ինչպես է փոխարինում նախարարին: Նա վարչարարական եւ վարչաիրավական սուբյեկտ է: Այս գործով նախարարի տեղակալ Գրիգորի Մինասյանը, ով դիմել է համապատասխան միջնորդությամբ, իրավասություն չի ունեցել նման միջնորդությամբ հանդես գալու, խնդրել ենք կարճել կարգապահական վարույթը կամ՝ մերժել նախարարի տեղակալ միջորդությունը»,-ասաց ներկայացուցիչը:
Ըստ դատավորի ներկայացուցչի՝ եթե ԲԴԽ-ն կգտնի ոչ պատշաճ սուբյեկտ է դիմել, ապա կարճման հիմք կարող է դառնալ, նա հարցը թողեց ԲԴԽ գնահատականի վրա:

ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին հետաքրքրեց կողմի դիրքորոշումը. նախարարի կամ նրա պաշտոնակատարի լիազորությունները որեւէ կերպ բաժանվո՞ւմ են «սահմանադրականի», «ոչ սահմանադրականի», «սահմանադրական հիմք ունեցողի» կամ՝ «սահմանադրական հիմք չունեցողի»:

Հիմքը ըստ դատավորի ներկայացուցչի՝ «դատական իշխանություն» բաժնում է գրված դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու, իսկ նախարարինը՝ «Գործադիր իշխանություն» բաժնում. «ՀՀ սահմանադրության 147 հոդվածի կիրարկումն ապահովող օրենսդրական ակտով ներկայացվում է երեք դեպք, ՀՀ կառավարչական իրավահարաբերությունները կարգավորող օրենքով»:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը (ԲԴԽ-ում երեքն էին՝ Սարգսյան, Սանոյան…) առարկեց դատավորի ներկայացուցչին, կառավարչաիրավական հարաբերությունների մասին խոսելով. «Գտնում ենք, որ արդարադատության նախարարի կողմից որոշումներ ընդունելու վերաբերյալ լիազորությունը եւ համապատասխան միջնորդություն ԲԴԽ ներկայացնելը անհատական իրավական ակտ է: Նախարարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, առաջին տեղակալ չլինելու դեպքում՝ երկար աշխատանքային ստաժ ունեցող փոխնախարարը: ԱՆ պարտականությունները կատարողը՝ տվյալ դեպքում Գրիգորի Մինասյանը ամբողջությամբ լիազորված է եղել միջնորդություն ներկայացնելու»: ԱՆ ներկայացուցիչն անդրադարձավ նախարարի փոխարինման մասին հարցին, ասաց. «Անդրադառնամ այն հարցին, թե սրանք սահմանադրաիրավական են, չի կարող նախարարին փոխարինողն իրացնել նախարարի լիազությունները, նշեմ՝ ԲԴԽ-ում ԱՆ սահմանադրական լիազորություն ներկայացնելն ամրագրված չէ, գտնում ենք, նախարարի տեղակալը ամբողջովին լիազորված էր»: Ամփոփելով՝ նա նաեւ օրենսդրական կազուս տեսավ, երբ ստեղծվի մի իրավիճակ. նախարարին փոխարինող անձը չկարողանա լիարժեք իրացնել նախարարի լիազորություններն ամբողջ ծավալով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նույն կարգավիճակով նախարարի պարտականությունները կատարող Գրիգորի Մինասյանի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մի քանի միջնորդություններ արդեն իսկ ներկայացվել են ԲԴԽ եւ որոշումներ են կայացվել:

Ինչ վերաբերում է վարույթի կարճման հիմքերին, ԱՆ մյուս ներկայացուցիչն ասաց, թե ունեցել են իրավիճակ, երբ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի ժամանակ դատավոր Էդվարդ Նահապետյանի նկատմամբ հարուցված է եղել կարգապահական վարույթ: Երբ Կ. Անդրեասյանն ազատվել է պաշտոնից, նրա տեղակալը ստանձնել է նախարարի փոխարինման լիազորությունը, արդեն իսկ այն ժամանակ, երբ առկա էր վարույթ դատավորի նկատմամբ. «Այս իրավիճակում վարույթը կարճելու դրույթ, կարգավորում, դատական օրենսգիրքը չի նախատեսում: Մենք գործ չունենք իրավիճակի հետ, երբ օրենսդիրը չի կարգավորում: Չենք կարող վարչական դատավարության օրենսգրքով առաջնորդվել, որպեսզի կարճենք վարույթը, նման միջնորդություն չենք կարող այդ հիմնավորմամբ քննել, այն պետք է մերժել»:

Դատավորի ներկայացուցիչ Մուղնեցյանը հիշեցրեց մեկ այլ դատավորի (Մնացական Մարտիրոսյանի) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ որոշման մասին, երբ միջնորդությունը թողեց առանց քննության, երբ նման դատական օրենսգրքով նման լիազորություն ուղղակիորեն սահմանված չէր. «ԲԴԽ այդ որոշումը ապօրինի՞ էր, թե՞ ոչ»: «Ի՞նչ եք կարծում, ես կպատասխանե՞մ, միգուցե ես համաձայն չեմ որպես իրավաբան ԲԴԽ-ի որոշման հետ, բայց ԲԴԽ որոշումները վերջնական են, քննարկման ենթակա չեն»,-ասաց ԱՆ ներկայացուցիչը:

Նախագահող Նաիրա Հովսեփյանը հորդորեց կողմին խոսել ներկայացված միջնորդության մասին, ոչ թե մեկ այլ գործով ԲԴԽ որոշման մասին: ԲԴԽ-ն մեկ անգամ հասցրեց մտնել խորհրդակցական սենյակ, մերժեց, իսկ երբ դատավորի ներկայացուցիչը փաստեց տալ խորհրդի որոշումը, հայտնեցին՝ «արձանագրային որոշում» էր, վերջնական ակտով այն կտրամադրվի կողմին: Ներկայացուցիչը նշեց, որ խորհրդի նման կազմը պատշաճ չէ, երբ ԲԴԽ-ն հրապարակում է միայն եզրափակիչ մասը, իսկ կազմն էլ կիսատ է, դատական ակտը ապօրինի է, «իրավական կազուս է, դրա հիմնավորումները մեզ համար պարզ չեն»: Նա միջնորդեց բանավոր, որպեսզի ԲԴԽ-ն գոնե դիմի Սահմանադրական դատարան. «Եթե ՍԴ-ն կգտնի, որ նախարարի տեղակալն իրավունք ունի նախարարի լիազորությունն իրացնելու, ապա մեզ մնում է կատարել այդ դատական ակտը»:

Առհասարակ, այս նիստը ուշագրավ հարցադրումներով էր: Կողմը նկատեց, որ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը վերջին երկու նիստին չի մասնակցել, ցանկացավ իմանալ պատճառը, պատճառաբանվեց՝ «գործուղման մեջ» է: Ապա, երբ կողմը պնդեց, թե հիմա է՞լ է գործուղման մեջ, քանի որ տեսել է տեսանյութով, նախագահողն ասաց. «Գործողումից վերադարձել է»:

Դատավորը հընթացս թույլտվություն խնդրեց իր կողմից հրավիրված նիստի գնալու համար, ասելով. «հիմա էլ դրա համար վարույթ չհարուցվի», ԲԴԽ-ն թույլ տվեց դատավորին հեռանալ, իսկ ներկայացուցիչը պատասխանեց նախարարության ներկայացուցիչների եւ խորհրդի անդամների հարցերին:

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:30-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031