Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նոր անունների» «հրավառություն» ավելի քան 30 տարի

Դեկտեմբեր 16,2022 13:30

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ 11-րդ անգամ անցկացվող «Նոր անուններ» պատանի երաժիշտների միջազգային փառատոնի գալա համերգը՝ նորելուկ եւ միջազգային ասպարեզում արդեն ճանաչված երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ, որոնք դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) ընկերակցությամբ։

Հիշենք, թե ինչ տարի էր 1989-ը, երբ մշակույթի իսկապես նվիրյալ Սիլվա Մեքինյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց «Նոր անուններ» ծրագրին։ Այս մշակութային հիմնադրամի կազմավորման օրերին արդեն փլուզվում էր Խորհրդային Միությունը եւ առկա էին փլուզման վտանգի բոլոր ազդակները։ Սիլվա Նիկիտիչնան էր, որ զգաց, թե ինչպիսի փորձությունների առջեւ է կանգնած մեր մատաղ սերունդը, նրանց ծնողները ստիպված էին ավելի շատ ժամանակ տրամադրել հանապազօրյա հաց վաստակելուն։ Կրթական համակարգն անկանոն էր գործում, մեծ պահանջարկ վայելող երաժշտական կրթությանը եւս կազմալուծման վտանգ էր սպառնում։ Իսկ ի՞նչը կարող է երեխայի հոգին սփոփել ու հարստացնել այնպես, ինչպես երաժշտությունը։ Հենց այդ ժամանակներում տիկին Մեքինյանի ջանքերով կազմվեց շնորհալի մանուկների առաջին խումբը, որը մոմի լույսի տակ էր նաեւ երաժշտական կրթություն ստանում։ Չանցած կարճ ժամանակահատված, համոզվեցինք, որ «Նոր անունները» ոչ միայն հայտնաբերեց նոր տաղանդներ, այլեւ կազմակերպում էր նրանց՝ որպես երաժշտի, հասունացման գործընթացը, անհատական ու խմբային համերգային ելույթներ ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում։ Ծրագրում ընդգրկված պատանիները պատվով էին ներկայացնում Հայաստանը հեղինակավոր միջազգային փառատոներում։

Մի բան էլ. «Նոր անունները» տարբեր երկրներից ժամանած պատանի երաժիշտներին մտերմացնելու գործառույթ էր կարծես որդեգրել։ Այս ծրագրի շնորհիվ էր, որ աշխարհը ճանաչեց այսօր արդեն անվանի այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Նարեկ եւ Միքայել Հախնազարյանները, Սյուզի Երիցյանը, Արման Մուրադյանը, Տաթեւիկ Բաղդասարյանը, Հակոբ Աթյանը, Հայրապետ Առաքելյանը, Մանե Գալոյանը, Աստղիկ Վարդանյանը, Լիլիթ Գրիգորյանը… բոլորին չես թվարկի։ Իսկ «Նոր երաժիշտները ներկայանում են նվագախմբի հետ, անփոփոխ դիրիժորն է մաեստրո Արզումանյանը։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս փառատոնային համերգին ծանոթացանք նաեւ արտասահմանում ապրող ու ստեղծագործող հայազգի պատանի երաժիշտների հետ։ Նրանցից ռուսաստանաբնակ ֆլեյտահար Էլեն Վիրաբյանին ծանոթ էինք օրերս Մոսկվայում ավարտված «Շչելկունչիկ» պատանի երաժիշտների մրցույթից, որտեղ մեր հայրենակցուհին արժանացել է «Արծաթյա Շչելկունչիկի»՝ լինելով լավագույնը «Փողային գործիքներ» անվանակարգում։ Նա առաջին անգամ հնչեցրեց Ռայնիկեի Ֆլեյտայի կոնցերտը։ Մեծ Բրիտանիայից ժամանած լարային քառյակը, հավանաբար մեզ մոտ առաջին անգամ, հնչեցրեց Էլգարի «Ինտրոդուկցիա եւ ալլեգրո» ստեղծագործությունը՝ գրված լարային քառյակի եւ նվագախմբի համար։ Հաճելի անակնկալ էր, որ քառյակի կազմում էր ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի դուստրը՝ ջութակահար Պոլինան։ Հայաստանաբնակ Անդրեյ Կուրվետը փայլուն մեկնաբանեց Չայկովսկու առաջին կոնցերտը՝ գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար։ Մոցարտի 24-րդ կոնցերտի մեկնաբանմամբ փայլեց նաեւ ռուսաստանաբնակ դաշնակահար Պավել Մնացականյանը, Ռոսինիի «Վարիացիաներ կլարնետի համար» վիտուոզ ստեղծագործության կատարմամբ էլ հանդես եկավ կլարնետահար Էդուարդ Խորոզյանը։ Այս ելույթի առիթով էլ համերգի ավարտին ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները կատակում էին, թե Էդուարդը գերազանցել է ֆիլհարմոնիկի կլարնետահարների խմբի կոնցերտմայստեր հորը՝ Սուրենին։

Հանդիսատեսը առանձնակի ջերմությամբ ընդունեց անվանի խմբավար Տիգրան Հեքեքյանի որդու՝ Հայկի՝ Մարչելոյի Հոբոյի կոնցերտի հրաշալի կատարումը, Մասնեի «Մեդիտացիան» ջութակահար Ինգա Հովհաննիսյանի մատուցմամբ հնչեց յուրովի. այն համեմատելի չէր մեզ արդեն ծանոթ ոչ մի կատարման հետ։ Մի դիտարկում. նախորդ եւ այս փառատոնին մասնակից եւ հայաստանցի, եւ արտասահմանից ժամանած պատանիներից շատերը «Նոր անունների» շնորհիվ առաջին անգամ են բեմ դուրս գալիս նվագախմբի հետ, բնականաբար՝ դիրիժորի հետ նույնպես։ Կարելի է պատկերացնել նրանց հուզմունքը։ Ի դեպ, նվագախմբի հետ մեկ-երկու փորձի արդյունք են նման բարձրակարգ կատարումները։

Այս առիթով մեզ հետ զրույցում դիրիժոր Հարություն Արզումանյանն ասաց. «Իսկապես, պատանիներից շատերը առաջին անգամ են ելույթ ունենում նվագախմբի հետ։ Նրանց համար էլ, իհարկե, դժվար է կարճ ժամանակահատվածում ընտելանալ դիրիժորի հետ աշխատելուն։ Պարզ է, չէ՞, որ անսովոր է նրանց համար, բայց նշեմ, որ առաջին փորձից հետո այս տաղանդավոր պատանիները հասկանում են, ըմբռնում դիրիժորի ձեռքերի «հրահանգները»։ Ի վերջո, փառատոնի մասնակից առավել տաղանդավորներն են ընտրվում նվագախմբի հետ ելույթի համար»։

Հարցին՝ դուք կոնսերվատորիայի պրոֆեսոր եք, ձեր բուհի ուսանող են դառնում նաեւ «Նոր անունների» դպրոցով անցած պատանիները, որոնցից շատերը ուսումնառության կեսից կամ ավարտելուց հետո մեկնում են արտասահման, շարունակում ուսումը կամ սկսում կարիերա:

Ի վերջո ի՞նչ անել, որ տաղանդները մնան մեր երկրում, մաեստրո Արզումանյանը պատասխանեց. «Իրավացի եք, երաժիշտների հոսքն արտասահման սարսափելի մեծ է, խոսքը լավ կադրերի մասին է։ Նորություն չէ, որ արդեն տասնամյակներ շարունակ արտասահմանյան բեմերը, նվագախմբերը զարդարում են մեր դպրոցներից մինչեւ կոնսերվատորիա ուսանած մի քանի տասնյակ երգիչներ, երաժիշտներ, այդ թվում՝ ջութակահարներ, դաշնակահարներ եւ այլն, եւ այլն։ Իսկապես սա շատ մտահոգիչ է։ Առանձնահատուկ վերաբերմունք է անհրաժեշտ տաղանդավոր պատանիների հանդեպ՝ ոչ միայն փառատոնից փառատոն, այլեւ մշտապես ու հետեւողական։ Սա միայն մշակույթի ոլորտի ցավը չէ, խոսքս նաեւ գիտության ոլորտին է վերաբերում…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031