Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասում են՝ մահն ընտրում է լավագույններին, ու հենց այդ լավագույններից էր իմ ընկեր Շանթը

Դեկտեմբեր 16,2022 13:00

Էլ օրերը չեն սկսվի երթուղայինում անծանոթ, բայց ծանոթ դարձած ժպիտով, տեսադաշտումդ կշատանան սեւազգեստ մայրերը, ամեն անգամ զինվորական համազգեստով մարդկանց տեսնելիս ակամա նրանց առջեւ կխոնարհվես ու, հա, իսկական պատերազմը պատերազմից հետո է…
Արցախյան երկրորդ 44-օրյա պատերազմի մասնակից էր իմ դասընկեր կապանցի Շանթը։ Շանթ Խաչատրյանը ծնվել է 2001 թվականին։ Ութ տարի զբաղվել է կարատեով։ 2011 թվականին Շանթը դարձել է Հայաստանի չեմպիոն՝ արժանանալով ոսկե, արծաթե, բրոնզե մեդալների եւ պատվոգրերի։ 2019 թվականից անցել է պարտադիր զինվորական ծառայության։ Սկզբնական ծառայությունն անց է կացրել Գյումրիում, վեց ամիս հետո տեղափոխվել է Արցախի Հանրապետության՝ Մարտունի 3 զորամաս՝ որպես կրտսեր սերժանտ։

Ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» մեդալի եւ «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանի։

2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմում կռվել է Մարտունիում, Հադրութում եւ Ջրականում։ Քույրը՝ Իննան պատմում է, որ ամեն անգամ, երբ տուն էր զանգում, չէր խոսում կատարվելիք ողբերգությունից, կարծես ոչինչ էլ չկար, անհանգստություն չկար ներսում, խաղաղ էր, հանգիստ։ Երկար չէր խոսում, որպեսզի հասցնի գոնե 5 վայրկյան լսել ընտանիքի բոլոր անդամների ձայնը։ Սոնայի՝ սիրած աղջկա հետ էր ավելի շատ խոսում, որն ամեն վայրկյան ցավը սրտում, հեռախոսը դողացող ձեռքերում սպասում էր Շանթի զանգին։

Սոնան ու Շանթը մի դասարանում էին սովորում… Շանթի դասղեկն ասել է. «Անունդ, Շանթ ջան, վերադարձող գերիների ցանկում էի փնտրում, սպասում էի վերադարձիդ, որ դասարանով եկեղեցի գնանք՝ կիսատ թողած գործը ավարտին հասցնելու։ Հիմա դու ես մեզ եկեղեցի կանչում, որ քեզ հավերժություն ճանապարհենք։ Շանթ ջան, նկարներիդ մեջ այս նկարը գտա, գիտե՞ս, երեւի ոչինչ պատահական չի լինում այս անգութ աշխարհում։ Դու՝ արցախյան հողում Հայաստանի դրոշով, իսկ քո Սոնան՝ Արցախի դրոշով, մենք՝ մեջտեղում։ Խորհուրդը մեծ է ու դաժան… Մեր լուսե Շանթ, դու միշտ կենդանի կմնաս մեր հուշերում…»:


Դասարանի ամենապայծառ, լուսավոր խենթն էր Շանթը, որը միշտ առանձնացել է իր լրջությամբ, սիրված բոլորիս կողմից, նա բոլորիցս տարբեր էր, բոլորիս համար, անկախ ամեն ինչից, անհանգստացողն էր։ Նրա սխրանքն անգնահատելի է, անհնար է բառերով նկարագրել։ Պատերազմում հերոսանում են կյանքում հերոսավայել ապրողները։ Չգիտեմ, մտածեմ իրականություն էր քեզ ճանաչելը, թե փոքրիկ մի հեքիաթ, որտեղ բոլորս էինք 9 տարի՝ գլխավոր հերոսը, ով քո կերպարն էր մարմնավորում, հեքիաթի վերջում աստղ դարձավ ու վեր բարձրացավ, ու գիտեք՝ ինչո՞ւ, որովհետեւ նա պարտվել չգիտեր… Ճիշտ է, որ մահն ընտրում է լավագույններին։ Հենց այդ լավագույններից էր իմ ընկեր Շանթը։

Վերջին հեռախոսազանգը եղել էր նոյեմբերի 6-ին էր, այդ օրվանից նրա ձայնը լռել է… Անորոշ սպասումներից, տառապանքներից հետո 2021թ. մարտի 16-ին Շանթի դին գտել են Մեծամորի դիահերձարանում։ Զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Մարտունու շրջանի Կոհակ սարի բարձունքում։ Հուղարկավորվել է Կապանի Բաղաբուրջ հուշահամալիրում։ Հերոսի մայրը, կամ ինչպես մենք ենք սիրում ասել, Բանակի մայրը՝ տիկին Արմինեն, աննկարագրելի ուժեղ կինը, հերոսածին մայրը, չկոտրվելով՝ կյանք տվեց Շանթի փոքրիկ քրոջը՝ Սոֆյային։

Բայց նրանց մի բան է ուժ տալիս՝ իրենց որդիները զոհվեցին արիաբար, ընկերներին օգնելիս, հրամանատարների թիկունքը պահելիս, սնունդ հասցնելիս եւ վերջապես՝ հայրենի հողը պաշտպանելիս։ Սուրբ հողի համար նրանց թափած Սուրբ արյունը երբեք չի մոռացվելու…

Ռոզա ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031