Լրահոս
Օրվա լրահոսը

Համադրվել են Վայոց ձորում երկրաշարժերն ու հուշարձանները, դրանց ուսումնասիրության անհրաժեշտությունը

Դեկտեմբեր 16,2022 12:30

Լույս է տեսել Արմեն Ասատրյանի եւ նրա տիկնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի համատեղ աշխատանքը՝ «Երկրաշարժերը Վայոց ձորում եւ դրանց ազդեցությունը պատմաճարտարապետական հուշարձանների վրա» գիրքը: Այն տպագրվել է Միացյալ Թագավորության կառավարության հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Գրքում ներկայացված են բազմաթիվ պատմական տեղեկություններ, վիմագրեր, ճանապարհորդական նոթեր, առանձին ուսումնասիրություններ, առաջին անգամ հրատարակվող արխիվային վավերագրեր, հին ու նոր լուսանկարներ եւ այլ հետաքրքիր փաստեր: Այն առաջին փորձն է համադրելու Վայոց ձորում երկրաշարժերն ու հուշարձանները եւ դրանց ուսումնասիրության անհրաժեշտությունը: Գիրքը նախատեսված է երկրաբանների, աշխարհագետների, պատմաբանների եւ ընթերցող լայն շրջանակների համար։

Ներածության մեջ, ի թիվս այլնի, նշվում է. «Բնական պայմանների տեսակետից Վայոց ձորը բոլոր կողմերից լեռներով շրջապատված թասաձեւ գոգավորություն է, որն աչքի է ընկնում բավական բարդ եւ խիստ մասնատված մակերեւույթով: Այն հայտնի է բնական պայմանների մեծ հակադրություններով: Այստեղ անկանոն դասավորությամբ ամենուրեք ցրված են բազմաթիվ մեծ ու փոքր լեռնաշղթաներ, բրգաձեւ գագաթներ, անդնդախոր ձորեր, սեղանաձեւ բարձրություններ, ռելիեֆի բազմազան ձեւեր: Գոգավորության կենտրոնական մասում աչքի ընկնող բարձրություններից է Վայոց սար (Գիժ սար) հանգած հրաբուխը: Այն ունի երկու փոքրիկ խառնարաններ, որոնք լցված են հրաբխային փուխր նստվածքներով: Այս շրջանը հայտնի է երկրակեղեւի հաճախակի ցնցումներով:

Նշանակալից է եղել հատկապես 735թ. երկրաշարժը: XIX դարի վերջին քառորդում Քաջբերունին շատ դիպուկ է նկարագրել Վայոց ձորի մակերեւույթը. «Ձեր աչքի առաջ ծածանվում է ամբողջ Դարալագեազի մակերեւոյթը: Տեսէ՛ք բնութիւնը ի՛նչ խոր ակօսով պատառոտել է այդ երկիրը: Լեռնային գօտիները եւ անձեւ ու անկանոն ձորերը խճճուել են միմեանց: Եթէ մինը ձգուում է դէպի հարաւ, միւսը անպատ ճառ հասնում է արեւելք եւ այլն: Միով բանիւ՝ երբ բնութիւնը արտադրում էր Դարալագեազի մակերեւոյթը, կարծես վճռել էր գործի դնել այդ րոպէին իւր բոլոր չար կամայականութիւնը»։

Հավելենք, որ մեկ տարվա ընթացքում Արմեն Ասատրյանը գրել է «Գառնահովիտ», «Հուշարձանների պահպանության հարցերը Թալինի շրջանային թերթում», «Շուշին 1902 թվականին», «Հուշարձանների ուսումնասիրությունը Խորհրդային Հայաստանում 1920-ական թվականներին», «Գառնահովիտի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերանորոգումը»: Ներկայումս հրատարակման է պատրաստվում «Հուշարձանների ուսումնասիրությունը Խորհրդային Հայաստանում 1930-ական թվականներին» գիրքը։

Արմեն Ասատրյանը լուռումունջ աշխատել է, մեկ տարվա մեջ 6 գիրք է հրատարակել, սակայն նրան չեն հիշել, օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունում, երբեւէ չեն խրախուսել անգամ մի պատվոգրով, որը գիտությամբ զբաղվող մարդուն, իհարկե, ոչինչ չի տալիս, սակայն գուցե հաճելի լինի, երբ նրա աշխատանքը նկատում են։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել