Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հային ու ռուսին կռվեցնելով»՝ առաջ են գալիս

Դեկտեմբեր 16,2022 12:00

Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ հայությանն առնչվող խնդիրների վերաբերյալ համարժեք արձագանք հատկապես Մոսկվայից չենք լսում

Ինչպե՞ս ձեւակերպել խնդիրը, եթե գիտես դրա առաջացման պատճառները, սակայն ամեն անգամ խնդրի ստեղծմանը ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստած կողմը փորձում է հանդես գալ «հաշտարարի» դիրքերից՝ իր անգործությունը չեզոքացնելու մղումով:
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը խորքային պատճառներ ունի:

Ո՞ւմ համար գաղտնիք չէր, որ Բաքուն որեւէ պատրվակով դիմելու է Արցախն արտաքին աշխարհից կտրելու քայլի: Գոյություն ունի 2020թ. եռակողմ փաստաթուղթ, որով կողմերը ինչ-ինչ պայմանավորվածությունների էին եկել թղթի վրա, բայց այդ փաստաթղթի բոլոր դրույթներն առաջին իսկ պահից խախտել է Ադրբեջանը: Բացի Հայաստանից ու Ադրբեջանից՝ այդ հայտարարությունը ստորագրող կողմը, իսկ ավելի ճիշտ, դրա ստեղծողը եւ երաշխավորը՝ Ռուսաստանն է: Բայց Մոսկվան երկու տարի աչք է փակում Բաքվի սանձարձակ, ագրեսիվ, ռազմատենչ հայտարարությունների ու գործողությունների վրա:

Ամեն առիթով Հայաստանում լսում ենք՝ «Բաքուն իր գործողություններով ձգտում է վարկաբեկել ռուս խաղաղապահ առաքելության» դերն ու նշանակությունը: Իսկ Մոսկվան իր անգործությամբ նույնը չի՞ արել վերջին երկու տարիների ընթացքում իր իսկ անտարբերությամբ ու չեզոքությամբ:

Արցախում քաղաքացիական անձ է սպանվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածքում, մեզ մոտ ասում են՝ «թուրքը ուզում է կռվեցնել հային ու ռուսին»: Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածք է մխրճվում, մեզ մոտ նույնն են կրկնում, ու այսպես շարունակ…

Մինչեւ ե՞րբ պետք է Հայաստանն ու Արցախը՝ «թուրքն ուզում է հային ու ռուսին կռվեցնելու» ծիծաղելի «արդարացմամբ» կորուստներ ունենա: Որ Բաքուն ձգտում է Հայաստանի մեկուսացման, ոչնչացման, դա վաղուց գաղտնիք չէ: Անկարան ու Բաքուն դեռ շատ վաղուց են որոշել «լուծել» Հայաստանի հարցը Կրեմլի հետ ու հասել են հաջողության: Դատելով Մոսկվայի «չեզոք» կեցվածքից, այդ գործարքը վաղուց է կայացել: Բայց դա չտեսնել ու օրվա խնդիրները լուծելու փոխարեն՝ արդարացնելով Մոսկվայի պահվածքը, անուղղակիորեն նաեւ այդ կերպ արդարացնել Բաքվի գործողությունները՝ սա արդեն դուրս է տրամաբանությունից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը արգելափակում է Մոսկվան՝ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Անկարայի ու Բաքվի հետ Հայաստան-Ադրբեջան նորաստեղծ հակամարտության մեկնարկի հիմքեր գցելով, բայց որոշ ժամանակ անց հենց Ռուսաստանն է մեղադրում Արեւմուտքին՝ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը փակուղի մտցնելու մեջ:

Եվ ամենակարեւոր հարցը, ի՞նչն է խանգարում Մոսկվային, որ մեկ տարուց ավելի է, ինչ չեն արձանագրում, որ Ադրբեջանը նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ է ոտնձգություն գործել, հետեւաբար ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտվել է:
Ու ընդհանրապես, ինչո՞ւ է այնպես ստացվել, որ հայությանն առնչվող խնդիրների վերաբերյալ համարժեք արձագանք մենք հատկապես Մոսկվայից չենք լսում:

Լաչինի միջանցքի շուրջ վիճակը բացառություն չդարձավ:

Ֆրանսիան կոչ արեց Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, վերականգնել երթեւեկությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքով, որով երթեւեկության դադարեցումը լուրջ մարդասիրական հետեւանքներ ունի: Ընդ որում, Փարիզը կոչ արեց վերականգնել Լաչինի միջանցքով երթեւեկությունն առանց նախապայմանների։ Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ ասվում էր. «Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի մատակարարումը առանց որեւէ պայմանի՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները»։ Փարիզը նաեւ հիշեցնում էր՝ «հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը», եւ որ «Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի եւ ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»:

Լաչինի միջանցքի փակումը ունի ծանր հումանիտար հետեւանքներ եւ հետ է գցում խաղաղության գործընթացը, թվիթերյան իր միկրոբլոգում նշել էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են: Էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի ցանկացած կասեցում, իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի կասեցման մասին հաղորդագրությունները, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես ձմռան ամիսներին: Անընդունելի է ԼՂ քաղաքացիական բնակչությանն այս կերպ վնասելը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը:

ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն էր նաեւ հայտարարություն տարածել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Եվրամիությունը լուրջ մտահոգությամբ էր հետեւել դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող զարգացումների առնչությամբ: «Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել ազատ եւ անվտանգ տեղաշարժ միջանցքի երկայնքով՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության: Ազատ տեղաշարժի նման սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը եւ մարդասիրական մտահոգությունների տեղիք տալիս: Մյուս մտահոգությունները կարող են եւ պետք է լուծվեն կողմերի հետ երկխոսության եւ խորհրդակցությունների արդյունքում: ԵՄ-ը կրկնում է զսպվածության իր կոչը եւ պատրաստակամ է նպաստելու վերը նշված ջանքերին»,- ասվում է Ստանոյի հայտարարության մեջ: Պետեր Ստանոն թվիթերյան գրառմամբ նշել է, որ Եվրամիությունը նաեւ մտահոգված է Ղարաբաղի գազամատակարարումը անջատելու մասին հաղորդումներով:

Ինչպե՞ս արձագանքեց Ռուսաստանը տեղի ունեցածին… Դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի ՊՆ-ն իր ամենօրյա տեղեկագրում անդրադարձավ թեմային՝ հայտնելով. «Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմն արգելափակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը: Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական ավտոմեքենաների անխոչընդոտ տեղաշարժը Ստեփանակերտ-Գորիս ուղղությամբ»:

Ինչպես միշտ, նույն ձեռագրով՝ քանի որ խնդիրն արդեն իսկ ստեղծվել է՝ ռուս խաղաղապահներին մնում է միայն բանակցություններ վարել խնդիրը ստեղծողի հետ… Եվ սպասել՝ հաջորդ խնդրի ստեղծմանը:

Իսկ Ադրբեջանը, «հային ու ռուսին կռվեցնելով», առաջ է գալիս:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aren says:

    Եթե չհաշվենք Ֆրանսիայի հայտարարությունը (որը , ցավոք սրտի, ոչ մի բան «տեղից չշարժեց»)՝ բոլոր այլ «ճ» կարգի (կներեն՝ կարծում եմ այդ պաշտոնյաները) գործիչների հայտարարությունները գրոշի արժեք չունեն:
    Հետաքրքիր է՝ Հայաստանում էր բրիտանական «Ա» կարգի պաշտոնյա, ինչպիսի՞ն է Թագավորոթյան կարծիքը։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031