Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ավագանու «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունների ղեկավարներ Վարդևան Հակոբյանն ու Կարեն Մալխասյանը իրենց ֆեյսբուք սոցիալական ցանցերում հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ երկու օր է՝ չեն դադարում իրենց ուղղված բանավոր ահազանգերը Գյումրու համայնքապատկան կառույցների հաշվապահների հաստիքների կրճատման մասին։
Նրանք պատրաստվում են այս հարցի շուրջ վաղը պարզաբանումներ ստանալ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից։ Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանի հաշվարկներով, 50-ից ավել հաշվապահներ գործազուրկ են դառնալու, որը բավական մեծ քանակ է։
Aravot.am-ին այս թեմայի շուրջ պարզաբանումեր է ներկայացրել նաև Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկում են մի գաղափար, որը դեռ խմորումների փուլում է ու հայտնի չէ՝ երբ կիրագործվի։
Կարդացեք նաև
Ըստ Լենա Ջիլավյանի, մտածել են ստեղծել կենտրոնացված հաշվապահություն, այն կտեղափոխվի քաղաքապետարանի շենք, բոլորը կունենան նոր համակարգիչներ ու պարտադիր կաշխատեն հայկական ծրագրով։ Բոլոր հաշվապահները համայնքային ծառայության մրցույթի կմասնակցեն, քննություն կհանձնեն այս ծրագրի իմացության։
Այդ ծրագիրը, ըստ Լենա Ջիլավյանի, բավական բարդ, միաժամանակ նաև հեշտ ծրագիր է, ով հաղթահարեց, նա կշարունակի գործունեությունը։ Հաշվապահները երբեք քննություն չեն հանձնել, դա նորություն կլինի իրենց համար և կհարկադրի զարգանալու, իրենց վրա լրջորեն աշխատելու։ Մի հաշվապահը կսպասարկի 3-4 կառույցի։
Ըստ Լենա Ջիլավյանի, այս ձևով աշխատելը շատ հեշտ կլինի, ծրագիրը կա, թվերը կան, ՀՈԱԿ-ի մասին ողջ տեղեկատվությունը կա համակարգչում։
Բացի այդ, ըստ նրա, օպտիմալացման արդյունքում քիչ հաշվապահներ դուրս կմնան․ կան օրինակներ, երբ մի հաշվապահը միայն մի ՀՈԱԿ-ում չի աշխատում, կան նաև թոշակային տարիքի հաշվապահներ, որոնք համայնքային ծառայողներ են և ուզեն, թե չուզեն, պիտի գնան թոշակի։
Լենա Ջիլավյանը, սակայն, մեկ անգամ ևս շեշտում է, որ սա ընդամենը գաղափար է։ Իրենք այդ գաղափարը ներկայացրել են հաշվապահներին, ասել, որ հնարավոր է օպտիմալացում լինի, նրանք էլ, ըստ էության անհանգստացել են, աղմուկ բարձրացրել։
Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ կան 54 ՀՈԱԿ-ներ, խոսքը 54 հաշվապահի մասին է։
«Գործընթացը սկսված չէ, որ մտածես իրագործեցինք, հաշվապահները դուրս մնացին, հաշվապահներից ոչ բոլորը դուրս կմնան, ես կասեի քչերը դուրս կմնան։ 24 մանկապարտեզ ունենք, ամեն մանկապարտեզը մի հաշվապահ ունի, հո 24-ին չենք ազատելու, նախ կընտրվեն լավագույնները, որոնք կկարողանան աշխատել հայկական ծրագրով, առնվազն 7 հաշվապահ 24 կառույցի համար պիտի լինի։ Չգիտեմ մյուս տարի կյանքի կկոչվի այս գաղափարը, թե էն մյուս տարի»։
Լենա Ջիլավյանը նաև տեղեկացրեց, որ այսօր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ընդունել է սպորտբաժնի ՀՈԱԿ-ների ղեկավարներին, երկարատև քննարկում է եղել՝ պատասխանել է նրանց հետարքրքող հարցերին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ