Այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի՝ «Հայաստանի երրորդ հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. նյութեր պատմության համար» գրքի շնորհանդեսն էր:
Գիրքը հրապարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Սա «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» ժողովածուից հետո Լիպարիտյանի երկրորդ գիրքն է: Այնտեղ զետեղված են Լիպարիտյանի՝ տարբեր տարիների հոդվածները, գիտական, քաղաքագիտական զեկուցումները, հարցազրույցները, ելույթները՝ 1979-2021թթ. ավելի քան քառասնամյա շրջանում։
Պատմաբան Նժդեհ Հովսեփյանը, ներկայացնելով գիրքը, ասաց, որ երբ կարդանք, ղարաբաղյան հակամարտությանը կնայենք այլ տեսանկյունով. «Ղարաբաղի հարցը դիտարկվում է ՀՀ-Ադրբեջան-Թուրքիա-ԵՄ-ՌԴ-ԱՄՆ դիտակետում: Գրքում ասվում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Հայաստանն էր, որ իրեն չէր կարող թույլ տալ սխալվել: Ադրբեջանը կարող էր անընդհատ պատերազմ սկսել, պարտվել, իսկ ՀՀ-ն մեկ անգամ պարտվելուց հետո վերականգնվելու շքեղություն չուներ»: Ըստ Հովսեփյանի, կարելի է չհամաձայնել Լիպարիտյանի տեսակետների հետ, բայց պետք պարտադիր է կարդալ ու քննարկել, հարցադրումներին պատասխանել, քաղաքականությունը հասկանալ, որ չկրկնվի այն, ինչ կատարվեց. «Գրքի արժեքը ղարաբաղյան հակամարտության պրոֆեսիոնալ գնահատումն է՝ առանց նախապաշարումների: Այստեղ փաստերն են ֆունդամենտը ու այն հակադրվում է երազային ու ցանկալի պատկերացումներին, հույսի ու հավատի վրա հիմնված քաղաքականությանը»:
Կարդացեք նաև
Խոսելով գրքի մասին՝ ինքը Ժիրայր Լիպարիտյանն ասաց. «Հարցն այս է՝ ի՞նչ գիտենք մենք: Փաստեր կան, որոնք չեն համապատասխանում մեր գիտցածին ու հավատացածին: Եթե արդեն միտքը ծրագրավորված է ու նոր փաստ է ի հայտ գալիս, չի համընկնում մեր իմացածի վավերականությանը»:
Ըստ Լիպարիտյանի, պիտի պատասխան ունենալ՝ ի՞նչ գիտենք ու որտեղից, որովհետեւ մեր իմացածը կարող է զուտ այստեղից-այնտեղից լսած տեղեկություն լինել: Նա պատմեց. «Սփյուռքի մեր բարերարներից մեկի հետ էի խոսում վերջում հարցրեց՝ քո կարծիքով Քոչարյանը որքա՞ն փող ունի, ասեցի՝ ես չգիտեմ: Ասեց՝ բայց դու շատ բան գիտես, դա ո՞նց չգիտես, ունի 3-4 մլրդ դոլար: Ասեցի՝ հա՞, ես լսած եմ 1-2 մլրդ դոլար, ասում է տեսա՞ր, որ գիտեիր: Ասեցի՝ չգիտեի, լսած եմ: Վերջում դուրս գալիս հարցրեցի՝ իսկ Տեր-Պետրոսյանը որքա՞ն փող ունի: Ասեց՝ ոչ մի բան չունի»:
Լիպարիտյանի խոսքով՝ մեր իմացածը պետք է հավաքել, ի մի բերել, որ եզրակացության գանք. «Պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է թշնամին դա անում: Այդ «ինչու»-ից է կախված, թե մենք հետո ինչ պետք է անենք ու արդյոք որեւէ բան կարո՞ղ ենք անել»:
Նա ասաց, որ Արցախի՝ այն ժամանակ պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Արտակ Բեգլարյանի հետ Բոստոնում զրուցել են Ղարաբաղի հարցի հետ կապված ու հրապարակայնացրեց զրույցը. «Հարցրեց՝ իսկ ի՞նչ ենք անելու, ասեցի՝ մեր վիճակի մեջ գտնվող ժողովուրդը՝ Ղարաբաղ թե Հայաստան, նախքան մտածելը, թե ինչ պետք է անենք, նախ պետք է մտածենք, թե ինչ պետք չի, որ անենք, որովհետեւ եթե մի սխալ քայլ անենք, ճիշտ քայլերն էլ կչեզոքացնենք»:
Լիպարիտյանը նաեւ պատասխանեց ներկաների հարցերին, մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ