Ի պաշտպանություն Արցախի ու արցախահայության այսօր Հայաստանում ՄԱԿ-ի, Եվրամիության գրասենյակների եւ դեսպանատների առջեւ կազմակերպված բողոքի ակցիաների ավարտին Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ՄԱԿ գրասենյակի առջեւ ամփոփելով օրը` հայտարարեց, որ հիմնական ասելիքը, բողոքները ներկայացվել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների եւ ՀՀ-ում Եվրամիության անդամ երկրների դեսպանատներին ու գրասենյակներին:
«Մեր այսօրվա ակցիան կամփոփենք այստեղ, որովհետեւ մեր պահանջն ուղղված է միջազգային հանրությանը, իսկ միջազգային հանրության գլխավոր դեմքը Միավորված ազգերի կազմակերպությունն է:
Միջազգային հանրություն ասելով` նկատի ունենք բոլոր պետությունները, իսկ բոլոր պետությունները ՄԱԿ-ի անդամ են, բացի անտեսվածներից, այդ թվում` Արցախի Հանրապետությունից: Որոշ փորձագիտական շրջանակներում դրանց ասում են գորշ գոտիներ: Բայց մեզ համար գորշ գոտին այն պետություններն են ու այն պետությունների ղեկավար շրջանակները, որոնք բարձր ձայնով խոսում են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին, բայց գործում են դրանց դեմ, խոսում են մարդկային արժեքների մասին, բայց ֆինանսավորում կամ լռելյայն աջակցում են ցեղասպանություններին, մարդկության դեմ այլ հանցագործություններին, այդ թվում` Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ շարունակական հանցագործություններին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սաստկացած թուրք-ադրբեջանական ագրեսիային:
Մեր պահանջը միջազգային հանրությունից հանձինս ՄԱԿ-ից եւ հատկապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից այն է, որ իրենք իրենց պարտականությունները կատարեն: Մենք իրենց ոտքերը չենք ընկնում: Մենք որպես միջազգային հանրության, մարդկային քաղաքակրթության լիիրավ անդամ, հատկապես եվրոպական քաղաքակրթության մեջ մեծ ներդրում ունեցող ազգի մի մաս, նաեւ ամբողջ հայ ժողովրդի անունից, պահանջում ենք մեր բաժին արդարությունը, մեր բաժին ուշադրությունը, մեր բաժին պաշտպանությունը, որը ոչ միայն բարոյական հարց է, այլ նաեւ միջազգային իրավական պարտավորություն է, ՄԱԿ-ի ընդունված փաստաթղթերով պարտավորություն է: Եվ իրենց պարտավորությունների կատարման ձախողման հետեւանքով 90-ականներից ի վեր եւ հատկապես 2020 թվականից ի վեր շարունակվել են հայ ժողովրդի հալածանքները, ցեղասպանական գործողությունները Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության տարածքներում: Եվ հիմա այդ անպատժելիությունից ոգեւորված, միջազգային հանրության լուռ համաձայնությամբ, Ադրբեջանը շարունակում է ցեղասպանական քաղաքականությունը` ինքն էլ չպատկերացնելով, որ կարող է նմանատիպ գլխապտույտ հաջողությունների հասնել:
Կարդացեք նաև
Հիմա մեր պահանջը ՄԱԿ-ից, որ պետք է դադարել խոսելուց եւ պետք է գործել: Պետք է հստակ գնահատականներ տրվեն Ադրբեջանի գործողություններին ոչ թե քաղաքական բառապաշարով, այլ իրավական բառապաշարով, որովհետեւ սա ցեղասպանական գործողություն է, սա ահաբեկչություն է, սա հանցագործություն է: Պետք է իրերը իրենց անուններով կոչել եւ պետք է ալիեւյան ռեժիմին որպես հանցագործ ռեժիմ հայտարարել հայ ժողովրդի նկատմամբ: Սեփական ժողովրդի դեմ նույնպես:
Մեր պահանջը ՄԱԿ-ից այն է, որ առաջնահերթ առաջիկա օրերին գործուն քայլեր ձեռնարկվեն Արցախի շրջափակումը վերացնելու, Արցախին մի քիչ ավելի երկարաժամկետ կտրվածքով հումանիտար աջակցություն ցուցաբերելու. ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակի ներկայացվածություն եւ առաքելություն Արցախում ապահովելու եւ, գուցե, մի քիչ ավելի երկարաժամկետ անվտանգության խորհրդի ընթացակարգերով քննարկելու եւ լուծելու Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովման կայուն միջազգային երաշխիքների խնդիրը»,-ասաց Արտակ Բեգլարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ