Գյումրու ավագանու «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունների ղեկավարներ Վարդևան Հակոբյանն ու Կարեն Մալխասյանը քիչ առաջ իրենց ֆեյսբուք սոցիալական ցանցերում հայտարարություն տարածեցին՝ տեղեկացնելով, որ երկու օր է՝ չեն դադարում իրենց ուղղված բանավոր ահազանգերը Գյումրու համայնքապատկան կառույցների հաշվապահների հաստիքների կրճատման մասին։
Երկու խմբակցությունների ղեկավարներն էլ իրենց էջերում տեղադրել են հայտարարության հետևյալ տեքստը․ «Երկու օր է՝ ինչ չեն դադարում բանավոր ահազանգերը «Ապրելու երկիր» և «Զարթոնք» խմբակցություններ՝ կապված համայնքային ենթակայության կազմակերպությունների հաշվապահների հաստիքների կրճատման հետ, որի հիմքով նրանց սպառնում է աշխատանքից ազատում։
Աշխատակիցների կողմից բարձրացվող հարցը համայնքապետարանի ղեկավարության կողմից երբևէ չի քննարկվել խմբակցությունների հետ և մինչ օրս որևէ նախագծով չի ներկայացվել քննարկման։
Կարդացեք նաև
Եվ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական հարցում է կատարվել Գյումրի համայնքի ղեկավարին՝ ստացվող տեղեկատվության իրականությունը ճշտելու համար, խմբակցության ղեկավարներս օգտվելու ենք Գյումրու ավագանու կանոնակարգի դրույթով և այս հարցի պարզաբանման համար հնարավորինս սեղմ ժամկետում հանդիպում ենք ունենալու Գյումրի համայնքի ղեկավարի հետ»։
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հաստիքացուցակների փոփոխություն կատարելիս՝ պիտի քննարկեին ավագանու անդամների հետ, մինչդեռ իրենց հետ որևէ քննարկում չի եղել։
Ըստ նրա, հաստիքների փոփոխությունն ավագանին պիտի հաստատի կամ մերժի, վաղը կհանդիպեն Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ, կպարզաբանեն՝ ի՞նչ է կատարվում։
Կարեն Մալխասյանն ասաց՝ իրենց ահազանգողները նշում են, որ արդեն հայտնել են ծանուցումներ տալու մասին։
«Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ահազանգողներից ոմանք նշում են, թե իրենց այս մասին բանավոր են հաղորդել, որոշ ՀՈԱԿ-ների տնօրեններ էլ նշել են, որ արդեն իսկ ձևանմուշ են տրամադրել, որպեսզի ուղարկեն հաշվապահներին։
«Այս հաշվապահները ստանում են նվազագույն աշխատավարձ, տեղեր էլ կան կես դրույքով են աշխատում, իմ տեղեկություններով, խոսքը 50-ից ավելի աշխատակիցների մասին է։ Բավական մեծ քանակ է, մարդկանց աշխատատեղի խնդիրն է, արդեն քաղաքապետի հետ պայմանավորվել ենք վաղը․ ավագանու խմբակցության ղեկավարները, ըստ կանոնակարգի, ցանկացած պահի իրավունք ունեն հանդիպում ունենալ համայնքի ղեկավարի հետ։
Մենք պիտի հասկանանք՝ սա իրողությո՞ւն է, ո՞ւմ հետ է քննարկվել, ավագանիով պիտի այդ հաստիքացուցակը հաստատվեր, գուցե երկու խմբակցություննե՞րն են նախնական քննարկում ունեցել՝ «Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը»։
Եթե սա իրողություն է, պիտի հասկանանք՝ ո՞րն է նպատակը՝ զուտ ֆինանսական միջոցների տնտեսո՞ւմը։
Պիտի պարզենք, եթե հաշվապահներին կրճատում են, մրցո՞ւյթ պիտի հայտարարվի ու այդ հիմնարկների հաշվապահությունը որևէ ընկերություն շահի՞, կամ գուցե քաղաքապետարանի մի քանի աշխատողներ են ընդգրկվելու ու իրենք են հաշվապահությունն անելու։ Օրինակ եմ ասում, բայց այն, որ Ամանորի նախաշեմին մարդկանց մոտ խառնաշփոթ վիճակ է, դա հստակ է։
Նորից եմ կրկնում՝ աշխատատեղերի խնդիրը շատ կարևոր է, մյուս հարցն էլ կա․ ավագանու այլ ֆրակցիաների հետ խոսել ենք այս մասին՝ եթե տնտեսման հարց կա, ուրեմն հաշվապահների հետ համատեղ պիտի վերանայվի համայնքային աշխատողների հաստիքացուցակը, միգուցե ուրիշ տեղերո՞ւմ էլ տնտեսման խնդիր կա, միայն հաշվապահների մասով չպիտի նայեք, եթե նայում ես, ընդհանուր պիտի նայես։
Իմ կարծիքով, սա տնտեսման համար է, գուցե վաղը նաև ասեն, որ որակյալ ծառայություն մատուցելու համար է, ես որակի մասով պիտի խոսեմ որպես տնտեսագետ։ Ես դրա հետ համաձայն չեմ, քաղաքացիական կրթությամբ տնտեսագետ եմ, ինքս տնտեսագիտական համալսարան եմ ավարտել, ֆինանսներ և վարկ բաժինը, տեղում հաշվապահի լինելը միշտ առավելություն է։ Այլ հարց է՝ հաշվապահն լավ է աշխատում, թե վատ։
Տեսեք մանկապարտեզները մեծ քանակությամբ սննդամթերք են ստանում, բավականին հաշվապահություն կա անելու։ ՀՈԱԿ-ներից մեկի տնօրենը մեզ ասել է, որ տարբեր, փոքր համայնքներում եղել է նման պրոցես, բայց հետո, ըստ նրա, չի արդարացրել, նորից անցել են հին ձևին։ Ասողը լուրջ անձ է։
Կպարզենք՝ այս ամենը իրողությո՞ւն է, թե՞ ոչ, բայց երբ մեզ ՀՈԱԿ-ի տնօրեն է ասում, թե գիտեք, մեզ ձևաթուղթ են ուղարկել, որ մենք ուղարկենք մեր հաշվապահին, պիտի արձանագրենք, որ դա իրողություն է։
Վաղը կհանդիպենք քաղաքապետի հետ, կհասկանանք ու կխոսենք այս թեմայի շուրջ, գուցե մի տեղ տնտեսում է, բայց մյուս տեղում 60 հոգու աշխատատեղի հարցն է։
Չպիտի մոռանանք, որ համայնքապետարանի բյուջեն մի տեղ սոցիալական խնդիր էլ է լուծելու, որ մարդկանց օգտակար լինի։ Պիտի հասկանանք, թե այդ խնայողությունը ինչքան կլինի, եթե, իհարկե, կլինի, արդարացվա՞ծ է, թե՞ չէ»,-ասաց Վարդևան Հակոբյանը։
Մեր տեղեկություններով, մտադրված են հաշվապահությունը դարձնել միասնական, այսինքն՝ մի տեղ կոորդինացնեն, որտեղից և կզբաղվեն բոլոր կառույցների հաշվապահությամբ։
Մենք դիմեցինք նաև Գյումրու քաղաքապետարան՝ այս հարցի շուրջ պարզաբանում ստանալու, մեզ խոստացան պարզաբանել առաջիկայում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ