ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց այսօր հավաքված քաղաքացիները, ուսանողները ՀՀ եւ Արցախի նախկին ու գործող ՄԻՊ-երի աջակցությամբ նամակ հանձնեցին՝ պահանջելով համարժեք արձագանքել Ադրբեջանի կողմից ՀՀ-ն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի փակմանը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան․ «ՌԴ-ի դերակատարումն առանձնահատուկ է։ ՌԴ-ն այս հակամարտության հարցում ունի երկակի կարեւոր նշանակություն՝ որպես եռակողմ հայտարարության կողմ եւ որպես ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներից մեկը։ ՌԴ-ից լավ որեւէ մեկը չի տիրապետում, թե Արցախում չի վիճակ է։ 2000 ռուս խաղաղապահներն ամեն օր տեսնում են, թե Ադրբեջանն ինչպես է խախտում արցախցիների իրավունքները։ ՌԴ-ն տեսնում է, որ Ադրբեջանն իրականացնում է նաեւ խաղաղապահ զորակազմին հեղինակազրկելու գործողություններ, որոնք հող են նախապատրաստում 2025թ․-ին Արցախից խաղաղապահների դուրսբերման համար։ Դա կհանգեցնի արցախահայերի ցեղասպանության։ ՌԴ-ն պետք է սանձի Ադրբեջանին։ Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները նոր պահանջներ են ներկայացնում՝ քաղաքական պահանջներ։ Արդեն իսկ ակնհայտ է, որ բնապահպանական հարցը կեղծիք է»։
Կարդացեք նաև
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյան․ «Ռուսաստանը, ինչպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ մյուս երկրները, ունեն պարտավորություններ՝ որպես պատասխանատվություն ստանձնած երկրներ։ Ակնկալում ենք, որ այդ թվում ՌԴ-ն հակամարտության արդար ու վերջնական կարգավորման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրի։ Ուստի պետք է կիրառվի «ճանաչում հանուն փրկության» սկզբունքը»։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան․ «Հաջորդիվ ՀՀ-ն է վտանգվելու։ Արցախահայությունը փաստացի շրջափակման մեջ է, հումանիտար լրջագույն խնդիրներ կան։ ՌԴ դեսպանատան հետ կապի մեջ եմ։ Վստահաբար՝ տեղյակ են բոլոր մանրամասներին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ