Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրմովը հայտարարել է, որ ադրբեջանցի «էկոակտիվիստները» չեն փակել Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը և «քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցները ազատ կարող են այդ ճանապարհով երկկողմանի տեղաշարժվել»:
«Փաշինյանի հայտարարությունն իբր մարդասիրական աղետի մասին չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ, ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում ապահովել մեր տարածքներում ապրող հայերի մարդասիրական կարիքները»,- ասել է Բայրամովը:
Նա նաև նշել է, որ Արցախի բնակչությունը որևէ խնդիր չունի սննդի կամ դեղամիջոցների հետ:
«Ղարաբաղի հայ բնակչությունը որևէ խնդիր չունի ո՛չ սննդի, ո՛չ դեղամիջոցների հետ: Ադրբեջանը պատրաստ է տրամադրել ցանկացած տեսակի մարդասիրական օգնություն»,- ասել է նա:
Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանի պատասխանատվություն չի կրում գազամատակարարման խափանման համար:
«Այսինքն, գազի մասին բոլոր խոսակցությունները կեղծ են: Լեռնային շրջաններում կան մշտական խնդիրներ՝ կապված սառը եղանակային պայմանների հետ: Տեղի հայ բնակչության ղեկավարները կեղծ տեղեկություն են տարածում: Իսկ իրենք խուսափում են շփումից»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ