ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարարի, «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի օժանդակությամբ ՍՊ ընկերության հիմնադիրների և տնօրենի կողմից նշված դպրոցի՝ Պուշկին փողոցին հարող հատվածի 300.0 քմ մակերեսով հողամասն ու 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շինության տարածքը խարդախությամբ հափշտակելու, պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ 100 մլն դրամի գույքային վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
Հարուցված քրեական հետապնդումների հիման վրա, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ընկերության երկու հիմնադիրներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը:
Որոշում է կայացվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս գտնվում է հետախուզման մեջ, իսկ որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրված է կալանավորումը:
Որոշումներ են կայացվել հանրային քրեական հետապնդում հարուցել նաև ընկերության տնօրենի, ինչպես նաև՝ բաժնեմասի սեփականատիրոջ նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 36-րդ մասի 3-րդ կետով:
Կարդացեք նաև
Վերջիններիս գտնվելու վայրը պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ