ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ-ի կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի մասնակիցներ՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և ՄԱԿ-ի անկախ հետաքննության մեխանիզմի ղեկավար Նիքոլաս Կումջյանին։
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով էր և նվիրված էր նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։
Դեկտեմբերի 14-ի հանդիպման ընթացքում Պաշտպանը և ֆորումի մասնակիցներն անդրադարձել են ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:
Պաշտպանը ներկայացրել է սոցցանցերում տարածվող Ադրբեջանի կողմից հայատյացության վերաբերող փաստական հանգամանքներ, մասնավորապես՝ ներկայացրել է 2022թ.-ի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ փաստերը։ Պաշտպանի խոսքով՝ մտահոգիչ է այն, որ էթնիկ ու կրոնական հիմքով, ինչպես նաև սեռով պայմանավորված ատելության խոսքերն ադրբեջանական պետության կողմից պետական մակարդակով խրախուսվում են և շարունակական բնույթ են կրում։
Կարդացեք նաև
Քրիստիննե Գրիգորյանը նաև մտահոգություն է արտահայտել, որ ցավոք նման թշնամական խոսույթներն արձագանք են գտնում հայկական հանրության շրջանում։
Պաշտպանը խոսել է մի խումբ ադրբեջանցիների կողմից Հայաստանի ու աշխարհի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման մասին, ինչպես նաև գազամատակարարման դադարեցման մասին՝ շեշտելով, որ շուրջ 1100 անձ զրկված է իր տուն վերադառնալու հնարավորությունից, որոնց թվում են ավելի քան 270 երեխաներ, իսկ Արցախում ապրող 120 հազար անձ կանգնած է հումանիտար աղետի շեմին։
Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է, որ միջազգային կազմակերպությունները չանտեսեն ցեղասպանական քաղաքականության նմանատիպ վաղ ազդակները, ինչը կլինի արդյունավետ կանխարգելման լավ միջոց։
Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է հյուրերի հարցերին, մասնավորապես ներկայացրել ՄԻՊ մանդատը, գործառույթները, խոսել աշխատակազմի կատարած աշխատանքների մասին։
ՀՀ ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժին