Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ստիպված է եղել փոխել մարդու իրավունքների ոլորտում իր կողմից իրականացվող ծրագրերի բովանդակությունը. Կարինե Սուջայան

Դեկտեմբեր 15,2022 17:42

Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի կողմից ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) գործընթացի համաձայն նախապատրաստված 3-րդ կամավոր միջանկյալ զեկույցի քննարկումը:

Զեկույցի նպատակն է ներկայացնել 2020 թվականին ՄԱԿ մշտադիտարկման այս մեխանիզմի շրջանակում ՀՀ կողմից ընդունված հանձնարարականների կատարման ընթացքը: ՄԱԿ Համընդհանուր պարբերական զեկույցի շրջանակներում երկրներին հանձնարարականներ են տրվում մարդու իրավունքներին վերաբերող տարբեր խնդիրների վերաբերյալ, որոնք ՄԱԿ-ը դիտարկում է սահմանված պարբերականությամբ:

Հայաստանը, պահպանելով նախկինում որդեգրած իր մոտեցումը, այն է՝ ուշադրության կենտրոնում պահել միջազգային մոնիտորինգային մարմինների կողմից ստացված հանձնարարականների իրականացումը, մինչև 2022թ. ավարտը ՄԱԿ-ին կամավոր կերպով կներկայացնի հաշվետվություն մարդու իրավունքների ոլորտում երկրի կողմից կատարված քայլերի մասին:

Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին։

Կարինե Սուջայանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը ստիպված է եղել փոխել մարդու իրավունքների ոլորտում իր կողմից իրականացվող ծրագրերի բովանդակությունը՝ հաշվի առնելով 2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիվ պատերազմի, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքներին հրատապ արձագանքելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ քննարկման պահին Ադրբեջանը, փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն ու դադարեցնելով գազամատակարարումը, Արցախի քաղաքացիական բնակչությանը կանգնեցրել է հումանիտար աղետի առջև: ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը կարևորել է Հայաստանի կողմից ՀՊԴ կամավոր զեկույցի ներկայացման փաստը և վերահաստատեց ՄԱԿ կառույցների պատրաստակամությունը շարունակել ՀՀ–ին օժանդակությունը ՀՊԴ հանձնարարականների իրականացման հարցում:

Հաջորդիվ ծավալվել են ոլորտային քննարկումներ շահագրգիռ բոլոր նախարարությունների, գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Հանձնարարականների վերաբերյալ թեմատիկ զեկույցներով հանդես են եկել արտաքին գործերի, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց խոսքում մանրամասն անդրադարձել են երկրին տրված հանձնարարականների կատարմանը: Հարակից զեկույցներով հանդես են եկել դատախազության, ոստիկանության, ԿԸՀ ներկայացուցիչները:

Ելույթներից հետո նիստին ներկա նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների պաշտոնյաները պատասխանել են միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031