Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովուրդը կայացրել է իր որոշումը՝ կառուցել ժողովրդավարական երկիր և ապրել արժանապատիվ խաղաղության պայմաններում, բայց ոչ պարտադրված խաղաղության. Արթուր Թովմասյան

Դեկտեմբեր 15,2022 17:26

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի մտահոգությունները ստեղծված իրավիճակի շուրջ

Արդեն 3-րդ օրացուցային օրն է, ինչ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ մայրուղին փակ է:
Անկեղծ ասած, ցավ ապրեցի, երբ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ ԱԺ խմբակցություններն առանձին-առանձին հանդես եկան հայտարարություններով:

Այս պայմաններում, երբ Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև, երբ Արցախում ապրող ժողովուրդը զրկված է գազամատակարարումից, երբ առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից, պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից, երբ մանկապարտեզներում ու դպրոցներում կասեցվել է բնականոն աշխատանքը, կարծում եմ ,ՀՀ խորհրդարանի բոլոր խմբակցությունները միասնական հայտարարությամբ պետք է արտահայտեին Արցախի հանդեպ Ադրբեջանի հրահրած վերջին սադրանքների մասին իրենց մտահոգություններն ու դատապարտող կոչերը:

Անիմաստ ենք համարում անընդհատ կրկնել 2020 թվակաի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի դրույթները, որոնց Ադրբեջանը ոչ միայն հավատարիմ չի մնում, այլև ցանկացած անհիմն պատրվակի տակ կոպտորեն խախտում և խաթարում է Արցախում ապրող ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքը:

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Կոմերսանտ » թերթին տված հարցազրույցում անհրաժեշտ է համարում «օդային միջանցք»-ի բացումը և Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը: Նման պայմաններում, երբ փակ է միակ ցամաքային ճանապարհը, «օդային միջանցքի» բացումը լավագույն այլընտրանքն է հումանիտար աղետի կանխման համար:

Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն վտանգված է նրա ժողովրդի ապրելու և կյանքի իրավունքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս մտահոգություն է հայտնել Հայաստանը Արցախին կապող միակ մայրուղու փակման կապակցությամբ: Նա կողմերին կոչ է անում միջանցքով ապահովել անխափան երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Քաղաքակիրթ աշխարհին պետք է մտահոգի այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում: Հումանիտար աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով հասցեական հայտարարությունների կարիք ունի:

Ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի տարբեր ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է, ներկան, բայց ոչ՝ ապագան: Համայն հայությունը պետք է հասկանա՝ ինչ է կորցնում և ինչ է շահելու: Այս իրավիճակում մենք չունենք անգամ սակավաթիվ հաղթաթղթեր:

Արցախի ժողովուրդը կայացրել է իր հերոսական որոշումը՝ կառուցել ժողովրդավարական երկիր և ապրել արժանապատիվ խաղաղության պայմաններում, բայց ոչ պարտադրված խաղաղության:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում աշխարհի տարբեր երկրների և միջազգային կառույցների կոչերն ու դատապարտող հայտարարությունները Արցախում առկա հումանիտար ճգնաժամի առիթով, սակայն մտահոգություններն ու կոչերը քիչ են, մեզ անհրաժեշտ են գործուն ու տեսանելի քայլեր:

Կարծում եմ՝ տեղին է ասված՝ կարևոր չէ, ով է քեզ դեմ, կարևոր է՝ ով է կողքիդ: Մեր կողքին գտնվող մարդիկ, կամ կազմակերպությունները, կամ դաշնակիցները, կամ ՀՀ մեր քույրերն ու եղբայրները, համահայկական սփյուռքը պետք է գիտակցեն, որ արցախյան հակամարտությունը վերածվել է մահաբեր հակամարտության:

Սիրելի´ հայրենակիցներ,
Արցախը չպետք է փնտրել տարածաշրջանի և օտար պետությունների մեջ: Արցախը բոլորիս մեջ է. սա պետք է հասկանանք ամենքս: Եվ եթե յուրաքանչյուրս մեր մեջ այդ արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք, հայտնաբերենք, ոչ ոք չի կարող ստիպել ապրել պարտադրված երկրում:

Արցախի իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են, ինչքան էլ մեզ մաշեն, սպառնան, ահաբեկեն, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնք արժանի են ուշադրության և հարգանքի:

Համոզված եմ, որ մեզ կտան այնքան, ինչքան ինքներս մեզ գնահատում ենք:

Երջանիկ եմ, որ ապրում եմ Արցախում: Ամեն մի աշխատանքային օր ինձ համար բացվում է այն զգացողությամբ, որ այն վերջինն է երկրային կյանքում: Այս պահին իմ ներաշխարհում նույնականացված են հայրենիքի համար ապրելու նահատակվելու զգացողությունները:
Կյանքը բումերանգ է և պայքար:

Արցախի Հանրապետության 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031