Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այն անձինք, որոնք իրոք երկրի արդյունաբերական խնդիրների համար են պայքարում, Ադրբեջանից դուրս են»․ Ինգա Զարաֆյան

Դեկտեմբեր 15,2022 17:17

«Արդեն պարզ էր, որ աշխարհում սկսվել են ռեսուրսային պատերազմներ։ Հիմա մենք ականատես ենք, որ և´ 2020-ի պատերազմը, և´ սեպտեմբերի ագրեսիան պայմանավորված էր բնական պաշարների զավթմամբ՝ ջրային աղբյուրներին տիրանալուն, դրանով գերակա դիրքեր զբաղեցնելով և տնտեսական նպատակներ ունենալով»,- «Մեդիա կենտրոնում» «Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունները. ներկայացնում են բնապահպանները» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ նշեց փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը։

Նա փաստեց՝ վերջին 3 տարիների պատերազմական գործողությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանի կողմից զավթվել են այն տարածքները, որտեղ ջրհավաք ավազաններն են, հանքավայրերը և անտառային տարածքները․ «Եթե այդ ամենը չկա, երկիրը կորցնում է իր կենսունակությունը։ Տեսնում ենք, որ Ստեփանակերտը 2020-ի պատերազմից հետո ջրազրկվեց, ամբողջ Շիկահողի արգելոցը գտնվում է Ադրբեջանի զինվորականների հսկողության տակ։ Մենք տարիներ շարունակ պայքարում էինք՝ 2005-2006-ին, որպեսզի Հայաստան-Իրան մայրուղին Շիկահողի արգելոցով չանցնի, հասանք մեր նպատակին։ Հիմա այդտեղ բազում ճանապարհներ է կառուցում Ադրբեջանը։ Ամբողջ Մթնաձորը, սոսիների պուրակը, Շիկահողը, որը միակ կուսական արգելոցն է ՀՀ-ում և միջազգային կենսոլորտային պաշտպանության արգելոցների դասին է պատկանում, փաստացի ավերվում է։ Միջազգային հանրությունը լռում է այն դեպքում, երբ միլիոնավոր դոլարներ ծախսվել են, որ կենսոլորտային համալիր ստեղծվի այդտեղ, պահպանություն լինի։ Մինչդեռ հիմա անտառահատումներ են, ճանապարհաշինություն և էլ չեմ ասում, որ վեց գյուղ շրջափակման մեջ է և մեկ ճանապարհ են թողել, որը ցանկացած ժամանակ կարող են փակել։ Օրինակ՝ Ներքին Հանդը»։

Նազելի Վարդանյանը նաև տեղեկացրեց․ «2020-ի հոկտեմբերի 26-ին, երբ դեռ Զանգելանի շրջանը մեր վերահսկողության տակ էր, և պատերազմի ելքը պարզ չէր, Ադրբեջանի շրջակա միջավայրի նախարարությունը պայմանագիր էր կնքել ու մրցույթ հայտարարել, և այդ մրցույթում հաղթող էր ճանաչվել անգլոասիական կորպորացիան, և Զանգելանի ոսկու հանքը տրվել էր նրան։ Այս տարվա հուլիսին այդ նույն կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր մի քանի հանքերի հետ կապված Արցախում՝ այդ թվում Կաշենի հանքում, որ հավատարմագրային կառավարման է տրված, և Ադրբեջանը դրա դիմաց երեք միլիարդ դոլար է ստացել։ Պատահական չէ, որ միջազգային կորպորացիաներ են ներգրավում, որ սատարեն իրենց հենց այդ երկրները»։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը նշեց, որ իրենց գործունեության ընթացքում շատ են հանդիպել ադրբեջանցի բնապահպանների ու ասաց․ «Շատ ենք հանդիպել միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանից եկած ակտիվիստների և ՀԿ-ների։ Նրանք տարբերվում են։ Այն անձինք, որոնք իրոք երկրի խնդիրներով, արդյունաբերական ճյուղերի խնդիրներով են պայքարում, նրանք երկրից դուրս են եկել։ Կա նախաձեռնություն՝ արդյունահանման ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն։ ՀՀ-ն անդամակցում է այդ նախաձեռնությանը, մինչդեռ Ադրբեջանի անդամակցություն 2017-ին կասեցվել է։ Այն անձինք, որոնք այդ խնդիրներով Ադրբեջանում պայքարում են, այդ երկրից դուրս են։ Մեզ պատմել են, որ իր իրենց հաշիվներն են փակվել, բազում այլ ճնշումների են ենթարկվում»։

Հարցին՝ Ադրբեջանի նավթի, գազի արդյունաբերությունը ի՞նչ վնաս է տալիս տարածաշրջանին, նա պատասխանեց․ «Իրենց նավթատարն անցնում է Վրաստանի Բորժոմի ազգային պարկի տարածքով։ Երբ կառուցվում էր նավթատարը, Վրաստանի ՀԿ-ները քանի անգամ ձայն են բարձրացրել՝ ասելով, որ ազգային պարկի տարածքը մեծ վնասներ է կրում։ Իրոք, այդ վնասները կան։ Բայց ոչ մի ազդեցություն դա չի ունեցել, որովհետև Ադրբեջանը մեծ ճնշումներ է օգտագործել, ոչ միայն Ադրբեջանը, այլև միջազգային բիզնես կորպորացիաները, որոնք մեծ ազդեցություն ունեն։ Նույնը հիմա ՀՀ-ի ու Արցախի տարածքում է կատարվում։ Օրինակ՝ Սոթքի հանքավայրը, այն նույնիսկ խորհրդային ժամանակ միշտ շահագործվել է Խորհրդային Հայաստանի կողմից և Ադրբեջանի հետ կապ չուներ։ Հիմա՝ մանավանդ 2020-ից հետո, Ադրբեջանը ստույգ ներկայացնում է իրենց շահերը Սոթքի հանքավայրի շահագործման գործում, և մենք ոչ մի արձագանք չենք ստանում համապատասխան միջազգային կազմակերպություններից, որոնք պարտավոր են այդ շահագործման հարցը դիտարկել օրինական դաշտում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031