Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. «Շրջափակման մեջ է թշնամու կոկորդին կանգնած հայ ազգի ամենապայքարող, ամենից շատ կորուստներ ունեցած հատվածը»

Դեկտեմբեր 15,2022 16:51

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ադրբեջանական շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակին եւ հնարավոր մարդասիրական աղետին՝ ասաց. «Ես մտավախություն ունեմ, որ երբ ասում ենք Արցախը շրջափակման մեջ է, որ փակ է Գորիս-Կապան ճանապարհը, Հայաստանում բնակվող մեր շատ հայրենակիցներ լավ չեն պատկերացնում, թե դա ինչ է: Գուցե, մարդիկ լինեն, որ մտածում են, թե սովորական, ճանապարհ է փակ՝ պատկերացում չունենալով, թե դա ինչ ճանապարհ է: Շատերը չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակ է: Իսկ իրականությունն այն է, որ 120 հազար մարդ հիմա կտրված է աշխարհի հետ կապից, մարդիկ, որոնց ընտանիքում կա զինվոր, զոհ, մարդիկ, որ մղել են երեք պատերազմ, պայքարել ապրելու իրավունքի համար եւ չեն պատրաստվում ապրելու համար պայքարը դադարեցնել: Շրջափակման մեջ է թշնամու կոկորդին կանգնած հայ ազգի ամենապայքարող, ամենից շատ կորուստներ ունեցած հատվածը, որն այս 30 տարիների ընթացքում իր վրա է ընդունել թշնամու հարվածները, իսկ հիմա էլ հարվածի կիզակետում է:

Այո, շատ ծանր է Արցախում իրավիճակը, բայց ես այստեղ եմ՝ ասելու, որ արցախցիները չեն պատրաստվում զիջել իրենց կենսական իրավունքները, չեն պատրաստվում դադարեցնել պայքարը: Հետեւապես, պետք է ստանան մեր ամբողջական աջակցությունը: Որեւէ հայ աշխարհի ցանկացած վայրից հանկարծ չպետք է հնչեցնի մի քիչ զիջելու, հուսահատության կոչ: Հանկարծ չպետք է հնչեն հետքայլի կոչեր: Մի կարեւոր բան էլ, որ, կարծում եմ, վաղուց պետք է մենք հասկանայինք, բայց հատկապես հիմա այն սրվում է, չկա Արցախի հարց, Գեղարքունիքի հարց, Սյունիքի հարց: Կա հայկական հարց: Թշնամին ուզում է հայկական հարցը լուծել: Արցախը պայքարում է, որպեսզի հայկական հարցը չլուծվի թշնամու ուզածով»:

Խոսելով Հայաստանում հանրության մի զգալի զանգվածի մասին, որոնց համար տեղի ունեցողը, կարծես, կարեւոր չէ, Քրիստինե Վարդանյանն ասաց. «Թշնամական ուժերը զուգահեռ իրականություններ ստեղծելու համար ամեն ինչ անում են: Մի իրականությունում Հայաստանն է, հայրենիքը ու այդ իրականության հոգսերով ապրող մարդիկ, զուգահեռ իրականությունում հայկական իրականության հետ կապ չունեցող լույսերն են, տոնածառներն են, մարդիկ են, որոնք հայկականության հետ կապ չունեն, բայց ամեն ինչ անում են տպավորություն ստեղծելու համար, որ ոչինչ տեղի չի ունեցել, որ պատերազմ չի եղել եւ հիմա դեպի նոր ցեղասպանություն չենք գնում:

Ի՞նչ կարող է անել այն փոքրաթիվ հատվածը, որը հայկական իրականությունում է ապրում: Կարող է խոսել հայրենակիցների հետ, փորձել ջնջել թշնամու կողմից մեր միջեւ գծվող ջրբաժան գծերը: Տեսնում ենք, որ այսօր բոլորը չէ, որ տեղյակ են այս իրավիճակի մասին: Մենք հիմա ոչ միայն ցույց տալու եւ բացատրելու խնդիր ունենք: Ուկրաինայի իրավիճակից մարդիկ ավելի քաջատեղյակ են, քան մեզնից մի քանի ժամ հեռու գտնվող մեր հայրենակիցների ճակատագրից:

Արցախցին շրջափակված է: Մենք պիտի պատմենք Արցախում գտնվող մեր հայրենակիցների պատմությունը, պիտի տարածենք աշխարհով մեկ: Մեր համար տարվա, դարի մարդը արցախցին է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031