Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանն ունի այդ սցենարը, որ միգուցե փորձի ուղիղ հանքին հարվածներ հասցնել, չեմ ասում՝ ռազմական լայնամասշտաբ գործողություններ»․ Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 15,2022 16:22

«Իրավիճակը բարդ ու ոչ միանշանակ է»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված հարցազրույցի ժամանակ ահազանգեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Ըստ նրա՝ այս իրավիճակի պատճառը մի շարք գործոններ են․ «Ադրբեջանի ղեկավարությունը շահագործման է հանձնել Կաշենի հանքը, ունի պայմանագրային իրավական պարտավորվածություն բրիտանական կազմակերպության առաջ։ Պարզ տեքստով ասվում է, որ ադրբեջանական կողմը պարտավոր է մուտքը ապահովել։ Ինձ համար տարօրինակ չէր, որ ադրբեջանական մամուլում՝ մինչև պատգամավորների մակարդակ հնչում էր, որ եթե հայերը տեղի չտան, դեպի հանք մուտքը չբացեն, իրենք պատրաստվում են օդային հարվածներ հասցնել, հանքը ոչնչացնել։ Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանն ունի այդ սցենարը, որ միգուցե փորձի ուղիղ հանքի հարվածներ հասցնել։ Չեմ ասում ռազմական լայնամասշտաբ գործողություններ, բայց հարվածներ հանքին, որ այնտեղ աշխատանքը կասեցնի։ Այդ դիսկուրսը, կրկնում եմ, պտտվում է ընդհուպ մինչև պատգամավորների մակարդակով»։

Տաթևիկ Հայրապետյանը հանքի խնդիրը մի փոքր հատվածն է համարում համընդհանուր նպատակի ու նշում․ «Ավելի գլոբալ խնդիր է այն, որ ամբողջությամբ Ադրբեջանը հասնի նրան, որ Արցախը հայաթափվի։ Նրանց նպատակն է՝ այն պահին, երբ ճանապարհը բացվի, մարդիկ դուրս գան Արցախից։ Ամեն ինչ դրա մասին է վկայում։ Մնացած շատ տեսություններ իմ կարծիքով՝ ավելի շատ դավադրապաշտական են, քան իրական»։

Տաթևիկ Հայրապետյանի համար անհասկանալի է ՌԴ-ի լռությունը։ Նա այս առիթով ասաց․ «Չեմ ասում, որ խաղաղապահների հետ կապված կա խնդիր։ Նրանք չունեն հրահանգ, չեն կարող ուժ կիրառել։ Դա կարող է ավելի մեծ խնդիր առաջացնել։ Եթե ուշադրություն դարձնեք, սկզբից նրանք փորձեցին ուժով վերադարձնել ադրբեջանցիներին, բայց օկուպացված Շուշիից հատուկ ուժեր, ոստիկանական ուժեր եկան, կանգնեցին։ Այսինքն՝ խաղաղապահներին առնվազն հրահանգված է չգնալ բախման։ Իրենք էլ փակել են ճանապարհը, որ թույլ չտան ադրբեջանցիների՝ առաջ գալը այդ տարածքով»։

Տաթևիկ Հայրապետյանը ճիշտ է համարում այն դիսկուրսը, որ ինչպես Արցախի պետնախարարի կողմից է առաջարկվում, օդային հումանիտար միջանցք տրամադրվի։

Հարցին՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը ռիսկային չէ՞, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց․ «Բնականաբար կան այդ ռիսկերը, մենք առանց այն էլ ռիսկային իրավիճակում ենք։ Խոսքը հումանիտար օգնության մասին է։ Այդ օրակարգերը պետք է ստեղծել։ Մենք աշխարհին ասում ենք՝ ոչինչ չեք անում, որ բացվի ճանապարհը, ուրեմն մեզ հումանիտար օդային միջանցք տրամադրեք»։

Հարցին՝ որքանո՞վ է միջազգային հանրությունը համարժեք արձագանքում իրավիճակին, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց․ «Որքան էլ մեզ չբավարարի միջազգային հանրության արձագանքը, պետք է նշենք, որ հարցը միջազգային հանրության շրջանում է։ Այսինքն՝ Ադրբեջանի փորձը՝ թողնել որպես ներքին խնդիր այս հարցը, չի աշխատում։ Սովորաբար ոմանք հավասարության նշան են դնում, սա էլ արդեն դիվանագիտական աշխատանքի խնդիր է։ Իրականում, եթե մեր կողմը ոչ մի նորմալ նարատիվ չի զարգացնում, պատկերացնում եք՝ մեկը նայի մեր ԱԺ-ի քննարկումը,  այդ դեպքում մենք միջազգային հանրությունից ի՞նչ ուզենք, եթե մեր երկրի ներսում խայտառակ դիսկուրսներ ենք վարում»։

Տաթևիկ Հայրապետյանի բնութագրմամբ՝ Ադրբեջանի դիրքորոշումը պատային ու վերջնագրային է․ կարճաժամկետ կտրվածքով խնդիր են դրել մտնել հանք և ներքին հանրությանը ցույց տալ, որ կանխեցին այդ դիմադրությունը։ Ադրբեջանագետը շարունակեց․ «Նպատակ են դրել փոխել Ադրբեջանի հարաբերությունների տեսակը ռուս խաղաղապահների հետ։ Թեմա են շրջանառում, որ ռուսները եկել են այնտեղ, որ Արցախն իրենց հանձնեն, ու նպատակ են դրել, որ ռուս խաղաղապահներին նվաստացնեն, որ ցույց տան՝ դուք չեք իրավիճակի տերը, այլ մենք ենք։ Երկարաժամկետ կտրվածքով նրանց նպատակն է՝ ամեն բան անել, որ Արցախից հայերը դուրս գան»։

Հարցին՝ իսկ ինչպե՞ս կարող էր բրիտանական կազմակերպությունը պայմանագիր կնքել վիճելի տարածքում հանքի հետ կապված, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց․ «Ավելին, այդ նույն ընկերությունը Կովսականի շրջանի հանքերի հետ դեռ 2020-ի սեպտեմբերի 7-ին՝ մինչև պատերազմն է պայմանագիր կնքել։ Ասում են, որ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանն է ներգրավված նաև։ Սա կոմպոնենտներից մեկն է, որը կարելի է ցույց տալ»։

Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ պետք է նաև առաջ մղել միջազգային խաղաղապահ մանդատի հարցը․ «Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայում առաջ մղեց միջազգային մանդատի և ներկայացվածության հարցը։ Այս օրակարգը պետք է առաջ մղվի, նաև ռուսական կողմին ցույց տանք, որ դիտում ենք հնարավորություններ, կարող է հետաքրքրել այն գործընկերներին, որոնց աշխարհաքաղաքական շահերից է բխում։ Բայց պետք է ցույց տալ, որ չի կարելի այդ ամենն անել 120 հազար մարդու կյանքի հաշվին․ թող առաջարկեն միջազգային որևէ մանդատ թեկուզ 2025-ից»։

Ըստ ադրբեջանագետի՝ իրավիճակը մի շարք գործոններից է կախված․ «Կախված է՝ ի վերջո ռուս խաղաղապահները կստանա՞ն հրահանգ գործողությունների կամ կգա՞ քաղաքական արձագանք Մոսկվայից, թե՞ էլի այդ կրավորական դիրքը կպահի։ Միգուցե խոսակցություններ ընթանո՞ւմ են կուլիսների հետևում, բայց ՀՀ-ն իմ տպավորությամբ՝ այդ խոսակցությունների մասնակիցը չէ, և ինքն է իրեն դուրս դրել այդ գործողություններից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031