Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները իրավունք չունեն այդ ճանապարհին գտնվել և որոշումներ կայացնել. Ռուբեն Վարդանյան

Դեկտեմբեր 15,2022 16:18

Արդեն 72 ժամ է, որ Արցախը շրջափակման մեջ է, ես հպարտ եմ, որ ձեզ հետ ապրում եմ այստեղ, որովհետև մենք անցնում ենք այս ճգնաժամը շատ պարկեշտ: Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ես մեծ հավատ ունեմ, որ մենք ամեն ինչ հաղթահարելու ենք, որովհետև այն ուժը, որ ես տեսնում եմ ձեր մեջ, ինձ տալիս է մեծ էներգիա: Ես ուզում եմ ասել, որ սա նոր իրավիճակ է. 90-ական թվականներին, 44-օրյա պատերազմի ժամանակ ճանապարհը չի փակվել, սա նոր իրականություն է, և մեր կյանքում շատ բան դժվարացել է: Ես վստահ եմ, որ դուք հասկանում եք, որ սա արվել է նրա համար, որ մենք հնարավորինս երկար դիմանանք այս իրավիճակին: Սա ինձ հիշեցնում է Սպարտայի կյանքը, երբ մարդիկ համախմբված պայքարում էին՝ հավատալով, որ բոլորը միևնույն պայմաններում են: Մարդկանց մեծամասնությունը դա գիտակցաբար ընդունում է:

Ցավոք սրտի, կան մարդիկ,  ավելի շատ ունևորների կողմից, որոնք չեն հասկանում, որ անձնական զանգերով կամ անձնական խնդրանքներով ոչ մի հարց չի լուծվելու: Բոլորի նկատմամբ նույն մոտեցումն է լինելու: Ես գիտեմ դեպքեր, որոնք անթույլատրելի են և ես թույլ չեմ տալու դա շարունակվի, մարդիկ պատիժ են կրելու, եթե օգտագործելով իրենց  հնարավորությունները, փորձեն ինչ-որ հարցեր լուծել:

Ես գիտեմ, որ մի քանի տեղերում փորձել են գները բարձրացնել, մի քանի տեղերում մարդիկ իրենց տրված հնարավորությունները օգտագործել են ոչ թե գործի համար, այլ անձնական նպատակներով»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ գործում է 119 համարով թեժ կապ, մարդիկ կարող են նման դեպքերի դեպքում ահազանգել և բոլոր դեպքերը կստուգվեն, մեղավորները պատիժ կկրեն:

«Մենք բոլորս հավասար ենք: Մեր հաղթելու միակ ճանապարհն այն է, որ բոլորս միասին հավատանք, որ ոչ մի խումբ չկա, որ  ավելի շատ իրավունքներ ունեն, քան մյուսները: Ես գիտեմ, որ ադրբեջանցիները տարբեր բամբասանքներ են տարածում, թե համացանցերով, թե մեր որոշ հայրենակիցների միջոցով, որոնք չեն էլ հասկանում, թե ինչ են անում, կամ էլ հասկանում են ու դավաճանությամբ են զբաղված, մենք այդպիսի մարդկանց գտնելու ու պատժելու ենք: Մի հավատացեք այդ բամբասանքներին, ցանկացած հարց կարող եք մեզ տալ և ստանալ պատասխան: Երբ ադրբեջանցիներն ասում են՝ մենք կթողնենք, որ ձեր մեքենաներն անցնեն, իրենք ո՞վ են, որ մեզ թողնեն, կամ չթողնեն: Իրենք իրավունք չունեն այդ ճանապարհին գտնվեն և որոշումներ կայացնել: Իսկ ո՞վ է որոշում կայացնում, ինչ-որ մի կին, որ հայտարարում է, թե ինքը մարդու իրավունքների պաշտպանության ինչ-որ կազմակերպության անդամ է: Հայտարարությունները, թե հնարավորություն կա մեքենաներով անցնելու, մի ընդունեք որպես իրականություն, դա սուտ է: Իրենք պետք է դուրս գան այդ ճանապարհից  և այդ ճանապարհից օգտվելու ենք միայն մենք:

Այս իրավիճակում իհարկե, կան շատ դժվարություններ, ինչ-որ բաներ պետք է փոխվի: Օպերատիվ շտաբը ստեղծված է նրա համար, որ շատ արագ արձագանքի, մենք աշխատում ենք 24 ժամ, հարցերին, զանգերին պատասխանում ենք: Ես գիտեմ, որ շատերդ նամակներ եք գրում ինձ ֆեյսբուքում, ես չեմ հասցնում պատասխանել, բայց վստահ եղեք, որ դրանք անարձագանք չեն մնա: Ես վստահ եմ, որ մենք այս ամենը հաղթահարելու ենք, իրար հետ միասին բերելու ենք նոր վիճակի, որ զգանք, որ  ապրում ենք մի համախմբված հասարակության մեջ, որտեղ բոլորս հավասար ենք, քանի որ Սպարտայի ուժը հենց դրա մեջ էր, որ մարդիկ հավատում էին, որ բոլորը հավասար են: Այդպես եղել է Արցախում 1990-ականների սկզբին, երբ փողն ու պաշտոնը չէր թունավորել մեզ: Մենք միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները: Շնորհակալ եմ, որ այսպես ընդունում եք այս իրականությունը»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031