Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․ «Մենք ԱՀԿ-ից ակնկալում ենք ոչ թե գրավոր պատասխան, այլ՝ հստակ քայլեր եւ ճնշում»

Դեկտեմբեր 15,2022 15:58

«Մենք ուժեղացրել ենք Գորիսի բժշկական կենտրոնի ողջ ծառայությունը, եւ իհարկե, բոլոր հնարավոր միջոցներով փորձում ենք կարիքները հասցեագրել, նաեւ այն գյուղական համայնքները, որոնք կտրված են, Արցախի առողջապահական համակարգը չի կարողանում այս պահին նրանց կարիքները հոգալ, մենք միասնական թիմով մարզային առողջապահական համակարգի հետ այդ բնակավայրերում հասցրել ենք դեղորայք, անհրաժեշտ պարագաներ»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա ասաց, որ անմիջական կապի մեջ է Արցախի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, Հայաստանի մասնագետներն աշխատում են Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկների հետ․«Ամեն ինչ անում ենք, որպեսզի ծանր բուժառուների վիճակը վերահսկելի լինի, եւ կարծում եմ՝ ճիշտ է, որ այս պահին դադարեցրել են պլանային վիրահատություններն ու բոլոր ուժերն ու ռեսուրսներն ուղղել են միայն առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելուն»։

Դեկտեմբերի 12-ից փակ է ՀՀ-ն եւ Արցախը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը․մի մեծ խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են որպես «բնապահպան ակտիվիստներ» փակել են ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքը, նրանք պահանջում են թույլ տալ մուտք գործել Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի հանքավայր։

Ավանեսյանը վստահեցրեց՝ օգտագործում են բոլոր միջոցներն ու խողովակները՝ Կարմիր խաչ, ԱՀԿ եւ այլն, որպեսզի ճնշում լինի Ադրբեջանի վրա եւ Արցախի այն քաղաքացիներին, ում կյանքին վտանգ է սպառնում, շտապ վիրահատության, բուժօգնության կարիք ունեն, հնարավորություն լինի տեղափոխել Երեւան։

ՀՀ ԱՆ-ն դիմել է առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ահազանգելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին, եւ ինչպես նախարարությունից են տեղեկացել, սպասելով հնարավոր հումանիտար աղետի շուրջ ԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքին։

Նախարարն ասաց, որ այս պահին ԱՀԿ-ից պատասխան չեն ստացել․ «Մենք ԱՀԿ-ից ակնկալում ենք ոչ թե գրավոր պատասխան, այլ հստակ քայլեր եւ ճնշում։ ԱՀԿ-ն այն կազմակերպությունն է, որը նման դեպքերում պետք է իր բոլոր խողովակներն օգտագործի եւ Ադրբեջանում տեղակայված իրենց նաեւ տարածաշրջանային գրասենյակը պետք է քայլեր ձեռնարկի՝ ճնշում իրագործելու եւ առողջապահական կարիքները հոգալու համար հնարավորություն տա, որ այդ հիվանդներին տեղափոխենք Երեւան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031