Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կրկնապատկել մարզիկներին տրվող միանվագ գումարները: Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, 2022 թ.-ին Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում ՀՀ ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: «Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք արդեն 298 մեդալ, որից՝ 103 ոսկե, 69՝ արծաթե և 126՝ բրոնզե: Այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին նույնպես համապատասխան մրցաշարեր են անցկացվում: Մինչ այս ամենաբարձր արդյունքը գրանցել էինք 2019 թ.՝ մարզիկները նվաճել էին 222 մեդալ»,-ասել է նախարարը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է կրկնապատկել օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների, եվրոպական խաղերում 1-ինից 3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին շնորհվող դրամական մրցանակների չափերը: Մասնավորապես՝ Աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները, համապատասխանաբար, 5, 3,5 և 2 մլն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 մլն դրամ: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին մեդալակիր և մարզիկների անձնական մարզիչները 2,5, 1,75 և 1 մլն դրամի փոխարեն կստանան 5, 3,5 և 2 մլն դրամ: Գումարները ներառվում են նաև հարկերն ու տուրքերը: Ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 707 630 000 ՀՀ դրամ, ծրագրի շահառուները 170 են, առաջիկայում ստորագրման կներկայացվի այդ մրցանակակիրների ցանկը:
Կարդացեք նաև
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարությունը հավանություն է տվել մեկ այլ նախագծի, որի արդյունքում «Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներին վճարվող գումարները կավելանան հարկերի չափով, յուրաքանչյուրին կտրամադրվի 6 մլն 330 հազար դրամ՝ ներառյալ հարկերն ու տուրքերը: Հարկերը և տուրքերը վճարելուց հետո յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Այո, այս տարի սպորտի ոլորտում ունենք շատ շոշափելի հաջողություններ, և դա համարում եմ նաև ոլորտում մեր կողմից վարվող քաղաքականության արդյունք: Դա կարևոր արձանագրում է հետևյալ տրամաբանությամբ՝ դուք տեղյակ եք, որ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք խնդիր ենք ձևակերպել մինչև այդ թվականն ունենալ 25 օլիմպիական ոսկե մեդալ: Այս տարվա ցուցանիշները նաև ի ցույց են դնում, որ երբ պետությունն աջակցություն է ցուցաբերում ոլորտին, ոլորտը շատ արագ է արձագանքում: Մենք այս ռազմավարության շրջանակում, այո, որոշել ենք կրկնապատկել միանվագ վճարները, որոնք տրվում են Եվրոպայի և Աշխարհի չեմպիոններին: Մենք ունենք նաև այլ մեխանիզմ՝ նվաճումների հասած մեր մարզիկներին ամենամսյա աջակցություն ենք ցուցաբերում արդեն տարբեր գրադացիաներով: Ես ուրախությամբ եմ արձանագրում, որ մենք ունենք այսօր մարզիկներ, որոնք ամիսը 1 միլիոն, 700 հազար, 500 հազար աջակցություն են ստանում ամեն ամիս, բացի այս գումարից: Ուրախ եմ նաև տեսնել, որ իրենց նվաճումների բերումով նման աջակցություն ստացող մարզիկները հետագայում ավելի մեծ նվաճումների են հասնում: Ուզում եմ ասել, որ այս ներդրումը բերում է նրան, որ ՀՀ միջազգային ճանաչելիությունն է բարձրանում, այստեղ շատ շղթայական արդյունքներ կան և, ի վերջո, մեր տաղանդավոր մարզիկներին ենք աջակցում ենք: Մենք այս քաղաքականությունը պետք է շարունակենք»:
Արմավիրի մարզում կստեղծվի «ՔՈԱՖ Սմարթ» ուսումնական կենտրոն
Կառավարությունը համաձայնություն է տվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Հիմնադրամը իրականացնում է «ՔՈԱՖ Սմարթ» երկրորդ էկոհամակարգի բարեգործական ծրագիրը, որը հանդիսանում է արդեն իսկ հաջողված մոդելի շարունակություն և ծառայելու է մարզի ազգաբնակչությանը և նպաստելու է տվյալ տարածաշրջանի զարգացմանը։ Ծրագիրը միտված է ծառայելու Արմավիրի մարզի բնակչությանն ու երեխաներին՝ ունենալով բարեգործական և սոցիալական խնդիրների լուծման առաջնային առաքելություն։ Ծրագրի շրջանակում կստեղծվի նոր՝ «ՔՈԱՖ Սմարթ» ուսումնական կենտրոն, Համագումարների կենտրոն, Միջոցառումների կենտրոն և սրճարան, Նորարարական գյուղատնտեսության բազմակողմանի ծրագրեր և զարգացման նախաձեռնություններ, «ՔՈԱՖ Սմարթ» ջերմոցային տնտեսություն, Ժամանակակից սպորտային համալիր, Վերականգնողական էներգիայի կայան, Նորարարական բիզնես գաղափարների կենտրոն և ժամանակակից օժանդակ ենթակառուցվածքներ բաղադրիչներով «ՔՈԱՖ Սմարթ» Արմավիր, որոնք կյանքի կկոչվեն առաջիկա տասնամյակում, իսկ ծրագրի ներդրման ընդհանուր գումարը կգերազանցի 10 միլիոն ԱՄՆ դոլարը։ Բարեգործական ծրագրի իրականացմամբ Մյասնիկյան գյուղում կստեղծվի հատուկ ավան, որն ունենալու է տարածաշրջանին, դրա տեղանքին և հիմնադրամի գաղափարախոսությանը առավել բնութագրող ճարտարապետական լուծումներ։
Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել մասնավոր հատվածի, նման հիմնադրամների հետ համագործակցության բանաձև՝ ամբողջ հանրապետությունում դպրոցական, արտադպրոցական կրթության հնարավորություններն ընդլայնելու համար:. «Մենք տեսել ենք Լոռու մարզի Դեբեդ գյուղում ստեղծված Սմարթ կենտրոնի աշխատանքի արդյունավետությունն այդ տարածաշրջանի համար: Ընդ որում, ես այստեղ մեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել նրան, որ այս կենտրոնում կրթական ծրագրերը ոչ միայն երեխաների համար են, այլ նաև՝ մեծահասակների: Դա շատ կարևոր է նաև մասնագիտական վերապատրաստման առումով, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում: Մասնագիտական կրթության ոլորտում կառավարությունը շատ մեծ ներդրումներ է անում և պատրաստվում է շարունակել դրանք իրականացնել», –ասել է վարչապետը:
Կառավարությունը հերթական՝ 2 մլրդ 188 մլն դրամն է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Կառավարության որոշմամբ 2,188,023.7 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը կհատկացվի 23 համայնքների 49 ծրագրերի համար: «Այս գումարն էլ հատկացնելու արդյունքում կստացվի, որ կառավարությունն այս տարի 17,7 մլրդ դրամով համաֆինանսավորել է սուբվենցիոն 502 ծրագիր»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ևս մեկ կառավարության որոշում՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման հատկացման վերաբերյալ:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականից ի վեր մարզերում իրականացված ներդրումների գումարը հատել է մի քանի հարյուր միլիոն դոլարի շեմը, ինչը կարևոր ցուցանիշ է: Այնուհետև կառավարության ղեկավարը ներկայացրել է իրականացված սուբվենցիոն ծրագրերը: Մասնավորապես՝ վերանորոգվել է Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրի մշակույթի տան տանիքը, կառուցվել է Արարատի մարզի Սուրենավան, Արմաշ և Երասխ բնակավայրերի գազատարը, Արմավիրի մարզի Էջմիածին բնակավայրի Չարենց թաղամասի հյուսիսային մասի կոյուղին, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Գեղհովիտ բնակավայրի Լեռնակերտ տարածքի, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածներում, կառուցվել է Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամուրջը: Արևային կայաններ են տեղադրվել Կոտայքի մարզի Գեղաշեն բնակավայրիի երաժշտական դպրոցի, համայնքապետարանի, «Հեքիաթ» մանկապարտեզի և մշակույթի տան տանիքներին: Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում կառուցվել է խաղահրապարակ-ժամանցի կենտրոն, կառուցվել են Վայոց ձորի Եղեգիս համայնքի Քարագլուխ, Սալլի, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Հորբատեղ, Արտաբունք ոռոգման առուները և այլն:
Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է տարվող աշխատանքների նկատմամբ որակի պատշաճ վերահսկողություն իրականացնելու կարևորությունը: «Մենք պետք է մարզպետարանների և մեր տեսչական մարմինների միջոցով որակի շատ լուրջ վերահսկողություն իրականացնենք: Որակի վերահսկողությունն առանցքային նշանակություն ունի. հակառակ դեպքում կստացվի, որ այս միլիարդավոր դրամների գումարներն ուղղակի ջուրն ենք լցնում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
Գնել Սանոսյանը ներկայացրել է որակի վերահսկողություն իրականացնելու առկա մեխանիզմները: Կառավարության ղեկավարը նշել է, որ քաղաքացիները նույնպես պետք է աջակցեն այդ հարցում. «Դա շատ կարևոր է, առանց քաղաքացիների աջակցության շատ դժվար կլինի: Այսինքն՝ և՛ աշխատանքի կատարման ընթացքում, և՛ հետագայում, եթե նկատում են, որ ինչ-որ բան այնպես չի գնում այդ աշխատանքներում, պետք է պատշաճ ձևով տեղեկացնեն տեսչական մարմիններին, մարզպետարաններին, լրատվամիջոցներին, որպեսզի մենք կարողանանք լիարժեք վերահսկողություն իրականացնել»:
Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս երկու ամիս կստանան դրամական օգնություն. դիմումները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 20-ը
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Կառավարության համապատասխան որոշումներով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. հոկտեմբերի 5-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է փոփոխություն, որով այդ անձանց ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2022 թ. դեկտեմբերի 20-ը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2022թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ: Արդյունքում՝ կշարունակվի աջակցություն տրամադրվել դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 59 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին:
Կբարձրանա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի արդյունավետությունը, կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում էականորեն կբարձրանա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի արդյունավետությունը: Կարգավորմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման հավելվածով նախատեսված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքների մեջ ներառել նաև բանած գազերում ազոտի օքսիդների պարունակության ստուգումը, տեխնիկական արատորոշման միջոցների ցանկում ներառված, ավտոտրանսպորտային միջոցների բենզինային և դիզելային շարժիչների արտանետումների մակարդակների չափման համար նախատեսված գազաանալիզատոր սարքին ներկայացվող պահանջները լրացնել ածխածնի երկօքսիդի և ազոտի օքսիդների մասով չափման սահմանը և առավելագույն սխալանքը սահմանող պարամետրերով, իսկ ածխածնի օքսիդի և ածխաջրածինների մասով սահմանել նոր, ժամանակակից ու առավել ճշգրիտ սարքավորումների կողմից ապահովվող նոր պարամետրերով: Նախատեսվում է նաև տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի արատորոշման քարտում նշվող վնասակար նյութերի շարքում ներառել նաև ածխածնի երկօքսիդը և ազոտի օքսիդները։ Կարգավորման ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2024 թ. հունվարի 1-ին, ինչը տեխնիկական զննության կայաններին հնարավորություն կտա իրականացնել անհրաժեշտ տեխնիկական վերազինում, իսկ տրանսպորտային միջոցների սեփականատերերին ու շահագործողներին՝ այդ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Արդյունքում՝ կմեծանա ավտոտրանսպորտային միջոցների թունունակության նվազեցման այլ սարքավորումների ու համակարգերի սարքինության մակարդակը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որի բաժինը, ըստ տարբեր ուսումնասիրությունների, մթնոլորտային օդ արտանետումների մեջ կազմում է 66.5 %։ Տրանսպորտային միջոցներից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 73.0 %-ը բաժին է ընկնում ածխածնի օքսիդներին, 16.6 %-ը՝ ցնդող օրգանական միացություններին, 10.0 %-ը՝ ազոտի օքսիդներին, 0.4 %-ը՝ այլ նյութերին։
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է ժամանակավոր արգելք սահմանել ՀՀ-ից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Համաձայն վիճակագրական տվյալների՝ վերջին տարիների ընթացքում հանրապետության տարածքից նկատվում է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ծավալների զգալի աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցներից զանգվածաբար հանվում և վաճառվում են վերոհիշյալ կատալիզատորները, հետագայում դրանց վերամշակման արդյունքում թանկարժեք մետաղներ, (ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում) առանձնացնելու նպատակով։ Մասնավորապես՝ 2019 թ. ՀՀ-ից այդ ապրանքատեսակների արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 81481,0 հազ․ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ՌԴ՝ 80716,0 հազար դոլար, Լիտվա՝ 335,0 հազ․ դոլար և Գերմանիա՝ 204,0 հազ. դոլար, 2021 թ.՝ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է կազմել է 732,0 հազ․դոլար, այդ թվում՝ Լիտվա՝ 479,0 հազ. դոլար ՌԴ՝ 157,0 հազ. դոլար, ԱՄՆ՝ 80,0 հազ. դոլար։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի նաև խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակման համար օտարերկրյա ներդրումների ներգրավման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Կառավարությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է կատարել վերաբաշխում և 93,974.6 հազար դրամ հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը: Այդ շահառուների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է կառավարության մի շարք որոշումներով, որի շրջանակներում ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող` 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է` 1,595.930.7 հազար դրամ։ Ըստ հիմնավորման՝ հավաքագրման աշխատանքները 2022 թ. դեռևս շարունակվում են, քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ և սովորող ամուսիններ, որոնք զորացրվել են 2021-2022 թթ. ձմեռային զորացրմամբ, և 2022 թ. ամառային զորացրմամբ։ 2022 թ. հուլիսի 31-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում նախարարությունում հավաքագրվել են բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ շուրջ 364 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 93,974.6 հազար դրամ:
Գործադիրը մեկ այլ որոշմամբ գումար է հատկացրել սոցիալապես անապահով 6-ը սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումն ապահովելու համար: Հիմնավորման համաձայն՝ 2022 թվականին ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման կարիք ունեն 17 սիրիահայ ուսանող: Նրանցից 11-ի ուսման վարձերի փոխհատուցումը կկատարվի հետևյալ կերպ՝ ուսման վարձերի 70%-ը կվճարի ուսանողը, իսկ 20%-ը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Լոնդոնի Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը: Սիրիահայ 6-ը ուսանողների ուսման վարձերի 70%-ը կվճարվի այդ ուսանողների կողմից, իսկ 20 %-ը առաջարկվում է վճարել պետական բյուջեի միջոցների հաշվին, որը կազմում է 1,101.0 հազար դրամ: Ընդ որում՝ ծրագրի համաձայն այն ուսանողները, որոնց նախորդ տարվա ՄՈԳ-ը ցածր է առավելագույն գնահատականի 62,5%-ից չեն ընդգրկվում ընթացիկ ուսումնական տարվա ծրագրում, իսկ այն ուսանողները, որոնց նախորդ տարվա ՄՈԳ-ը բարձր է առավելագույն գնահատականի 87,5%-ից, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս ընթացիկ ուսումնական տարում, մասնակի փոխհատուցումից (20%) բացի կստանան ևս 10%-ի չափով փոխհատուցում:
Կառավարության ընդունած որոշումներով, վերաբաշխումների միջոցով, մասնավորապես, 25,147.0 հազար դրամ նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկման համար, 11,898.0 հազար դրամ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի մանկապարտեզի համար գույքի ձեռքբերմանը:
Միջազգային համագործակցություն. համաձայնագիրը կնպաստի Հայաստանի և Կատարի ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական ինստիտուտների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը
Գործադիրը հավանություն է տվել 2022 թ. հունիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների ոլորտներում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ հիմնավորման՝ այն կնպաստի հանրակրթության, բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության բնագավառներում երկու երկրների միջև համագործակցության հաստատմանը և կապերի ամրապնդմանը: Կողմերն իրենց ընդհանուր հետաքրքրությունների շրջանակում կնպաստեն կրթական համակարգի գործունեության զարգացմանը՝ համագործակցելով դպրոցների կառավարման, ուսուցիչների վերապատրաստման ու մասնագիտական զարգացման, սովորողների կրթական կարիքների համար աջակցության, դասավանդման կիրառվող կամ մշակված տեխնոլոգիական գործիքների փոխանակման և այլ ուղղություններով: Համաձայնագիրը կնպաստի դպրոցական աշակերտների և ուսուցիչների պատվիրակությունների փոխադարձ այցելությունների իրականացմանը, դպրոցական՝ գիտական, կրթական, գեղարվեստական և գրական համատեղ ցուցահանդեսների կազմակերպմանը: Համաձայնագրի ուժի մեջ մտնելը կնպաստի նաև Հայաստանի և Կատարի ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական ինստիտուտների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, երկու երկրների ուսումնական հաստատությունների կողմից տրված վկայականների և դիպլոմների ակադեմիական ճանաչման և տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ձեռք բերված արդյունքների, գիտական և կրթական տեղեկատվության փոխանակմանը:
Այլ որոշումներ
Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 80 700 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 4 035 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։
Գործադիրի որոշմամբ «ԱրմԲետոն» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի մաքսատուրքից ազատման ւ արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել բարձր որակի բետոնի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 985 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, կստեղծվի 26 նոր աշխատատեղ՝ 498 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 985 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 125 մլն դրամ:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ նվիրատվության ենթակա բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունն ապահովելու համար: Արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում: Հիմնավորման համաձայն՝ Պետական գույքի կառավարման կոմիտե են մուտքագրվել տեղաբնակ քաղաքացիների դիմումներ՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Ըստ այդմ՝ առաջարկվում է նվիրատվության ներկայացնել 7 բնակելի տարածքներ: Այդ բնակելի տարածքները հաշվառված են Երևանում, Նոր Նորքում, Մոլդովական փողոցում, 29/1, Արարատի մարզում, քաղաք Արարատում, Աբովյան 12, Կոտայքի մարզում, Աբովյանում, Ուսանողական թաղամաս 4/1, Սյունիքի մարզում, Գորիս Կոմերիտմիության 2/1 հասցեներում:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ