Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան․«Ադրբեջանն ուզո՞ւմ է ինչ-որ հարցեր քննարկեն, խնդիր չկա, դրա համար պետք է խոսեն ԼՂ իշխանությունների հետ»

Դեկտեմբեր 15,2022 15:08

«Միջազգային հանրության հայտարարությունները միանշանակ են, միակողմանի են, հասցեական են եւ ուղղված են Ադրբեջանին։ Նրանց կոչերն ու դատապարտումներն ուղղված են Ադրբեջանին, որ փակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղի միակ կյանքի ճանապարհն է, հումանիտար ուղին է, որով սնուցվում է Լեռնային Ղարաբաղը»,-այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Դեկտեմբերի 12-ից փակ է ՀՀ-ն եւ Արցախը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը․ մի մեծ խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայանում են որպես «բնապահպան ակտիվիստներ» փակել են ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքը, նրանք պահանջում են թույլ տալ մուտք գործել Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի հանքավայր։

Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունն այս դեպքի առաջին րոպեներից սկած աշխատանք է տանում միջազգային բոլոր գործընկերների հետ, խնդիրը ներկայացնելու, եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշում ձեւավորելու առ այն, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները խախտվում են․ «Մասնավորապես՝ Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել Լաչինի միջանցքի բնականոն եւ անվտանգ աշխատանքը։ Միջազգային հանրության արձագանքները հենց այնպես չեն եղել, աշխատանքի արդյունք է։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու-Յորքում է՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Հնդկաստանի կազմակերպած միջոցառմանը, որտեղ բազմաթիվ հանդիպումներ են լինում եւ իրավիճակը ներկայացվում է»։

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների՝ հանքավայր մուտք գործելու պահանջին, Մարուքյանը հիշեցրեց, որ նախկինում եղել է այցելություն Սարսանգի ջրամբար եւ որեւէ միջադեպ չի արձանագրվել, միջանցք չեն փակել․ «Այցելել են, որովհետեւ համագործակցել են Արցախի իշխանությունների հետ։ ՀՀ իշխանությունն ասում է՝ օրհասական է եւ կարեւոր է, որ միջազգային հանրության կողմից արդեն արծարծված միջազգային մեխանիզմի ստեղծումը, որը կլինի Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ խոսակցության հնարավորություն։ 90-ականներին եղել է համապատասխան մոտեցում միջազգային հանրության կողմից Մինսկի կոնֆերանսի, որ լինի կոնֆերանս, որտեղ մասնակցում են միջազգային հանրությունը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը։ Այդ խոսակցությունն այդտեղ տեղի է ունեցել, եւ մինչեւ այսօր այդ խնդիրը լուծված չէ։ Ուզում են ինչ-որ հարցեր քննարկեն, խնդիր չկա, դրա համար պետք է խոսեն ԼՂ իշխանությունների հետ։ Միջազգային մեխանիզմի կարեւորությունը, որը վաշինգտոնյան պայմանավորվածություն է, եւ որից հրաժարվում է Ադրբեջանը, հենց սրանում է։ Այսինքն, եթե այդ մեխանիզմը ստեղծված լինի, այդ քննարկումները տեղի կունենան»։

Մարուքյանը նաեւ հիշեցրեց, որ Կաշենի հանքավայրը Ադրբեջանի իշխանությունը վաճառել է անգլիական մի ընկերության, որն էլ դիմել է միջազգային դատարան․ «Եթե իրավական ճանապարհով ուզում ես խնդիր լուծել, դիմել ես դատարան, բա ճանապարհ փակելը, հումանիտար ճգնաժամ առաջացնելը, գազն անջատելը որքանո՞վ են ադեկվատ քայլեր իրենց ներկայացրած հանքի եւ էկոլոգիայի սոուսի ներքո»։

Հատուկ հանձնարարություններով դեսպանի խոսքով՝ ՀՀ-ն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական գնահատական կտա տեղի ունեցող գործընթացներին եւ կապահովի Լաչինի միջանցքի անարգել շարժը․ «Ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանցիների հետ, հույս ունեմ՝ դրանք արդյունք կտան, որովհետեւ դրա այլընտրանքը էթնիկ զտումն է, ցեղասպան քաղաքականության իրագործումն է, որը մենք որեւէ պարագայում չպետք է թույլ տանք»։

Հարցին՝ ռուս խաղաղապահները մանդատ ունե՞ն ուժ կիրառելու, Մարուքյանը պատասխանեց․ «Նրանք Ադրբեջանի կողմից մանդատ չեն ստացել, սա է կարեւոր հանգամանքը։ Ճանապարհը եթե ուղղակի բացվի, հումանիտար ճգնաժամը վերջանա, դա էլ խնդրի լուծում չէ, որովհետեւ խնդիրը երկարատեւ լուծման կարիք ունի։ Այսօր կարող է բացեն, վաղը փակեն մեկ այլ պատրվակով։ Դրա համար մենք միջազգային հանրության հետ մեր աշխատանքներում տանում ենք այն գիծը, որ խնդիրը երկարաժամկետ լուծման կարիք ունի, այլապես այս խնդիրները շարունակվելու են, եւ միջազգային մեխանիզմը՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցություններն են»։

Անդրադառնալով Արցախի՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տալու միջազգային կառույցներին հղած առաջարկներին, Մարուքյանն ասաց՝ Արցախն իրավունք ունի նշված հարցերը բարձրացնել «եւ ճիշտ է անում»։ Իսկ թե ինչ է նշանակում միջազգային մեխանիզմ, Մարուքյանն ասաց․ «Դա քննարկման առարկա է, որը Վաշինգտոնում եղել է նման համաձայնություն, Ադրբեջանը տվել է նման համաձայնություն, հետո Հաջիեւը հրաժարվել է։ Բայց հայկական կողմը վերահաստատեց, որ եղել է պայմանավորվածություն, որ պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ ԼՂ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ խոսակցություններ վարելու, քննարկումներ ունենալու, խնդիրները բարձրացնելու համար»։

Այս պահին գնդակը ռուս խաղաղապահների՞ դաշտում է, թե՞ միջազգային հանրության, պատասխանելով այս հարցին՝ Մարուքյանն ասաց, թե կարծում է՝ եթե կա էթնիկ զտման խնդիր, հումանիտար ճգնաժամ, գնդակը միջազգային ամբողջ հանրության դաշտում է, ՌԴ-ի դաշտում էլ է՝ խաղաղապահների մասով․ «Բայց նաեւ միջազգային հանրության, որովհետեւ Արցախի ժողովուրդն այսօր պատժվում է իր ժողովրդավարական ընտրության պատճառով։ Ադրբեջանն ուզում է տարածքներ՝ առանց ժողովրդի։ Մեր խոսույթը մարդկանց մասին է, միջազգային փաստաթղթերին հղումները կառուցված են մարդու իրավունքների վրա։ Ադրբեջանի մոտեցումը՝ սար, ձոր, հող, հանք, ոսկի, փող։ Եվ մարդկանց մասին մեր խոսակցությունը ընկալելի է միջազգային հանրության մոտ»։

ՆԵլլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031