Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նախաձեռնել է բողոքի ցույցեր՝ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակների դիմաց։
«Ադրբեջանն արդեն 4-րդ օրն է՝ փակել է Արցախի կյանքի ճանապարհը, եւ թույլ չի տալիս, որպեսզի կենսական կարեւորության սննդամթերք, կենսական նշանակության ապրանքների եւ մարդկանց փոխադրումներ իրականացվեն։ Նաեւ դադարեցվել է գազամատակարարումը։ Սա հանցավոր գործողություն է, որն այլ կերպ բնութագրել, քան հանցագործություն՝ չի կարելի»,-ԱՄՆ դեսպանատան մոտ կայացած բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Մենք երկու տարի շարունակ բարձրաձայնում ենք, դիմում ենք միջազգային հանրությանը, այդ թվում՝ նաեւ ԱՄՆ-ին, ասելով, որ Ադրբեջանն Արցախում իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն։ Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանը Արցախի նկատմամբ իրականացնում է ցեղասպանական քաղաքականություն։ Սակայն, տեսնում ենք, որ այս ամենից հետո միջազգային հանրությունը փորձում է հավատալ Ադրբեջանի՝ այսպես կոչված խոստումներին, թե իբր կարող է ապահովել Արցախում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Դա կեղծիք է ոտքից գլուխ։ Եվ այն, ինչ անում է այսօր Ադրբեջանը, հենց այդ կեղծիքի իրական դրսեւորումն է»,-ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը։
«Հավաքվել ենք այստեղ եւս մեկ անգամ դիմելու ԱՄՆ-ին՝ որպես ժողովրդավարության, որպես մարդու իրավունքների օրակարգ առաջ մղող երկրի՝ պահանջելով տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարեւորագույն սկզբունքին։ Ինչպե՞ս կարող է Մարդու իրավունքների պաշտպանը չկարողանա հասնել իր ժողովրդին՝ նրա իրավունքները պաշտպանելու համար։ Ես հիմա այդ կարգավիճակում եմ։ Ես չեմ կարողանում իրականացնել իմ մանդատը, որովհետեւ չեմ կարողանում հասնել ժողովրդին, որի իրավունքները պաշտպանելու մանդատը ինձ տրված է հենց այդ ժողովրդի կողմից։ Սա դատապարտելի երեւույթ է, որը պետք է արժանանա միջազգային հանրության հստակ արձագանքին։
Կարդացեք նաև
Ադրբեջանի այս անպատժելիությունը չպետք է շարունակվի։ Ի վերջո, հանցագործը պետք է ենթարկվի պատժամիջոցների։ Եթե ԱՄՆ-ը ունի այդ պարտավորությունը, նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, պետք է իրական քայլեր ձեռնարկի, այս անպատժելիությանը վերջ դնելու համար»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ