Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են, որ այդ չակերտավոր էկոլոգներին զուգահեռ` ՀՀ-ում ստեղծվել է ևս մեկ ակտիվիստների ֆեյք խումբ, որ ադրբեջանցի այդ չակերտավոր էկոլոգներին համեմատում է հայ էկոլոգների հետ»․ Օլեգ Դուլգարյան

Դեկտեմբեր 15,2022 14:47

«Պատերազմի ընթացքում այնպիսի զինատեսակներ են կիրառվել, որոնք, իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին՝ պարունակում են սպիտակ ֆոսֆոր, քիմիական էլեմենտներ։ 2020-ի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-n այրվել է մոտ 1815 հեկտար անտառ»,- «Մեդիա կենտրոնում» «Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունները. ներկայացնում են բնապահպանները» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ հիշեցրեց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Նա փաստեց՝ բացի էկոլոգիական խնդիրներից, նաև մարդկային մեծ վնասներ են հասցվել: Փաստորեն, մարդիկ պատերազմին դիմադրելու փոխարեն պայքարել են նման աղետի դեմ։ Չի էլ հաշվառվել, թե որքան կենդանական աշխարհ է այդ ընթացքում վերացվել, մինչդեռ Արցախի՝ այդ տարածքներն ուրույն տեղ են զբաղեցնում էկոլոգիական աշխարհում։ Այնուհետև նա շեշտեց․ «Ֆոսֆորի դեպքում մարդու համար մահաբերության քանակներ կան՝ 0,05-ից 0,15 գրամների։ Լավ կլիներ, որ այդ ժամանակ գեթ մեկ ադրբեջանցի բնապահպան այդ խնդիրը բարձրացներ, քանի որ իսկապես դա բերում է տարածաշրջանային աղետի»։

Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ ներկայումս Լաչինի միջանցքի հետ կապված դատապարտումներն ավելի շատ են, քան դրանք եղել են ֆոսֆորային զենքի հետ կապված։ Ըստ նրա՝ սա նշանակում է, որ որոշակիորեն միջազգային հանրությունում դիվանագետների կողմից կատարվում է աշխատանք։ Բայց մյուս կողմից՝ նկատեց․ «Բաց հրապարակումներում երևում են բոլոր մոտիվները։ Ասում են, որ այդ չակերտավոր էկոլոգներին զուգահեռ՝ ՀՀ-ում ստեղծվել է ևս մեկ ակտիվիստների ֆեյք խումբ, որ ադրբեջանցի այդ չակերտավոր էկոլոգներին համեմատում է հայ էկոլոգների հետ, որոնք պաշտպանում են իրենց համայնքները, ասում են, որ մեթոդները նույնն են։ Հիմնականում թիրախավորվում են հանքարդյունաբերության ոլորտում մեծ ազդեցություն բերողները։ Դա խոսում է այն մասին, որ նույնիսկ այս պահին էլ որոշակի շրջանակներ իրենց շահերն են հետապնդում և փորձում օգտվել ու հայաստանյան հանրության մեջ կոնֆլիկտ ստեղծել և թիրախավորել մարդկանց, որոնք պայքարել են իրենց իրավունքների համար»։

Օլեգ Դուլգարյանը հավատում է, որ ճանապարհը բացվելու է, և այդ սադրանքներին վերջ է դրվելու։ Սակայն նաև նշեց․ «Ես կարծում եմ՝ ՀՀ-ի ու Արցախի բոլոր հանքարդյունաբերական ընկերությունները միջազգային չափանիշներին համապատասխան գործունեություն պիտի իրականացնեին, իրենք միջազգային փորձագիտական շրջանակներ հրավիրեին իրենց գումարով, որոնք կիրականացնեին մոնիտորինգ, և կլիներ գնահատական։ Այսօր Արցախի իշխանությունները միայն բանավոր հայտարարում են, բայց որ լիներ այդ փաստաթուղթը, այդ պրովոկացիան անիմաստ կդառնար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031