Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի ԱԽ-ն անպայման պետք է երկարաժամկետ երաշխիքներ ապահովի Արցախի համար»․ Արտակ Բեգլարյան

Դեկտեմբեր 15,2022 14:16

ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առաջ նստացույց անող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին այս ընթացում գրասենյակից պաշտոնական արձագանք չեն հղել, թեեւ մոտեցել են, ճշտել իր կարիքները եւ արտահայտել միայն անձնական տեսակետ։ Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու առիթով ի՞նչ է խոսել ՀՀ իշխանության հետ, Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ երեկ եղել են ՀՀ ԱԳՆ-ում, ներկայացրել իրավիճակն ու տեսակետը։

«Փակ քննարկում էր, մանրամասները չեմ կարող ասել։ Մոտեցել է նաեւ Էդմոն Մարուքյանը, զորակցել, նաեւ որոշ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներ են մոտեցել»,-հայտնեց Արտակ Բեգլարյանը։

Թե ինչ են արել իշխանությունները մինչեւ հիմա, Արտակ Բեգլարյանը հարցադրում արեց․ «Չեք կարծո՞ւմ, որ ինձ չպետք է ուղղեք այդ հարցը»։

Հարցին՝ ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը, որ ադրբեջանցիները բացեն ճանապարհը, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Առաջնահերթ հստակ գնահատականներ տրվեն։ Ուրախ եմ, որ որոշ երկրներ արդեն հասցեական ասել են, որ անընդունելի է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւս կարծես թե հասցեական հայտարարություն է արել։ Սա ողջունելի է։ Պետք է անպայման արձագանք լինի նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից։ Իսկ ՄԱԿ անվտանգության խորհուրդն անպայման պետք է անդրադառնա իրավիճակին եւ ավելի երկարաժամկետ երաշխիքներ ապահովի Արցախի համար։ ՄԱԿ-ի կառույցներն իրենք պետք է քննարկեն, թե հարցն ինչպես լուծեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031