Երեկ` դեկտեմբերի 14-ին, հրավիրված էր Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը քվորում լինելու արդյունքում այս անգամ տեղի ունեցավ։ Նիստին չէին ներկայացել ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամները։
Aravot.am-ի հետ զրույցում «Հայրենիք» խմբակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, ավագանու անդամ Վահե Դոխոյանն ասաց, որ իրենք շարունակում են հավատարիմ մնալ իրենց սկզբունքներին. «Մենք ամիսներ առաջ ասել ենք մի բան, որ բոլորս, այդ թվում` մյուս խմբակցությունները պարտավոր ենք հաշվի նստել վանաձորցու կարծիքի ու որոշման հետ։ Եթե մեր երկրում գործում է ժողովրդավարությունը, եթե դա կեղծ կատեգորիա չէ, ուրեմն մենք բոլորս պարտավոր ենք հաշվի նստել ժողովրդավարության հետ։ Իսկ այս պահին ժողովրդավարության ամենակարեւոր սկզբունքն ու իրավունքը ոտնահարված է։ Վանաձորցու որոշումը ոտնահարված է եւ ինչ-որ շինծու օրենքով արգելված է ընտրել քաղաքապետ։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ երբ կընտրվի քաղաքապետ եւ համայնքն ամբողջությամբ կձեւավորվի, կմասնակցենք բոլոր գործընթացներին, անկախ նրանից՝ օրենքի ուժով ընտրված քաղաքապետը մեր սրտով կլինի՞, թե՞ չէ։ Այստեղ դրա խնդիրը դրված չէ»:
Անդրադառնալով երեկ տեղի ունեցած նիստին, Դոխոյանն այն կարծիքը հայտնեց, որ երեկ հնչեցված իրարամերժ հայտարարությունների արդյունքում ավելի խորացավ քաղաքական ճգնաժամը. «Սեյրան Ղամբարյանն իր հարցազրույցում ասում էր, որ նրանք ովքեր չեն մասնակցել այս նիստին՝ հատուկ են անում, որպեսզի կոլապսի մեջ պահեն Վանաձորը։ Ես նաեւ ուզում եմ հասկանամ, թե ո՞ւմ էին վերաբերվում այդ խոսքերը։ Մեր «Հայրենիք» խմբակցությա՞նը, թե՞ նաեւ իրենց գործընկերներին, որովհետեւ իրենց դաշինքի 15 անդամներից 13-ը ներկա չէին։ Շատ հետաքրքիր գործընթացներ կան, եւ կարծում եմ մոտ ապագայում ամեն բան իր տեղը կընկնի»:
Այն հարցին, թե առաջիկայում նույնպես չե՞ն մասնակցելու նիստերին, ավագանու անդամը պատասխանեց. «Ամեն օր նոր բան է փոխվում եւ ելնելով օրվա իրավիճակից եւ իրադրությունից, մենք փորձում ենք կայացնել որոշումներ, որոնք չպետք է հակասեն ժողովրդավարության սկզբունքներին եւ չպետք է դեմ լինի վանաձորցուն ու վանաձորցու որոշմանը»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ