Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դիմում ենք ՄԱԿ-ին, որպեսզի միջամտեն եւ Ադրբեջանի ագրեսիան կանխեն»․ Դավիթ Բաբայան

Դեկտեմբեր 15,2022 13:17

«Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է որոշում, ապա Ադրբեջանի համաձայնությունը պարտադիր չէ»,-ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ խաղաղապահների թիվն ավելացնելու եւ նրանց միջազգային մանդատ շնորհելու համար արդյոք պե՞տք է Ադրբեջանի համաձայնությունը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը ՀՀ-ին կապող միակ՝ Բերձորի միջանցքը։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկրների միջեւ աշխարհաքաղաքական հակասություններ կան, բայց եթե Արցախում կոտորած լինի, դա միջազգային հանրության խղճին է մնալու։ «Գործընթացը սկսվել է, դիմում ենք։ ՀՀ ԱԳՆ-ի հետ մշտական կապի մեջ ենք։ Մեր պաշտոնյաները եւս կապի մեջ են իրենց գործընկերների հետ»,-նշեց նա։

Հարցին՝ այսինքն, դիմե՞լ եք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Մենք դիմում ենք ՄԱԿ-ին այս պահի դրությամբ, որպեսզի միջամտեն եւ Ադրբեջանի ագրեսիան կանխեն։ Նամակով, պաշտոնապես։ Այսօրվանից գործընթաց է»։

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքներին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ արձագանքներին պետք է հետեւեն կոնկրետ գործերը, որպեսզի Ադրբեջանը նման քայլերի չդիմի․ «Պետք է քաղաքական եւ այլ տիպի ճնշումներ բանեցնել։ Մենք չենք տեսնում դա։ Երբ ճանապարհը բացվի, կերեւա։ Ըստ երեւույթին, Ադրբեջանն ապտակում է նաեւ միջազգային հանրությանը»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031