«Հին Շենը եւ Մեծ Շենը կտրված են Արցախի մյուս հատվածներից։ Որոշակի բեռների համար ՀՀ-ից ճանապարհը բաց է, բայց Հին Շենից դեպի Արցախ ճանապարհը, բնականաբար, փակ է»,-ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առաջ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու փաստին՝ ասաց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
Թե ինչպես են ադրբեջանցիները հասել ճանապարհին, Դավիթ Բաբայանը նշեց․ «Այդ խմբերին բերել են Բաքվից կամ Գանձակից, բայց դա երկրորդական է։ Բնականաբար, վարձատրում են նրանց։ Արցախի օկուպացված տարածքից՝ Հադրութի միջոցով բերել են Շուշի, իսկ Շուշիից այդ ճանապարհը փակելը երկու քայլ է։ Ոտքով դուրս են գալիս ու փակում, որովհետեւ ճանապարհի այդ հատվածն ամբողջությամբ Ադրբեջանի օկուպացված հատվածում է։ Օկուպացված տարածքից իջնում են՝ Շուշիից, ցանկապատի դուռը բացում, այս կողմ անցնում ու փակում։ Այդտեղ մի քանի ռուս խաղաղապահներ են կանգնած։ Նրանց ներկայությունը պետք է որ զսպի, որովհետեւ իրենք էլ լավ չեն ճանաչում ադրբեջանցիներին, բայց հիմա տեսնում են, թե ում հետ գործ ունեն»։
Հարցին՝ հնարավոր չէ՞ փակել նրանց ճանապարհը, Դավիթ Բաբայանը փոքր ինչ վրդովվեց եւ կրկնեց, որ ադրբեջանցիներն Արցախի օկուպացված տարածքից՝ իրենց վերահսկողության ներքո գտնվող Շուշիից են իջնում ու ճանապարհը փակում, հետեւաբար՝ անընդհատ նման միջադեպերը կարող են կրկնվել։
Նկատառմանն ի պատասխան, որ ըստ նոյեմբերի իննի փաստաթղթի՝ ճանապարհի անխափան լինելը պետք է ապահովել, Դավիթ Բաբայանն ասաց, որ միջազգային հանրությունը պետք է դա ապահովի եւ խաղաղապահները եւս միջազգային հանրության մաս են կազմում․ «Բոլորն էլ ունեն դերակատարում։ Շուշիի հատվածում ճանապարհ է, միջանցք չէ անգամ։ Միջանցքը վերջանում է այդտեղ։ Վաղը կարող են տասը հազար հոգու բերել այդտեղ կամ հարձակվել Արցախի վրա։ Դրա համար մենք ասում ենք, որ խաղաղապահների թիվը քիչ է։ Պետք է զսպել, որովհետեւ ագրեսորի հետ գործ ունենք։ Դրա համար պետք է ավելացնել խաղաղապահների թվաքանակը եւ նրանց տալ միջազգային մանդատ, լիազորություն։ Ով այդտեղ գա առանց զգուշացնելու՝ պետք է կրակել․ այ սա է մանդատը։ Կոսովոյում եթե մեկն առաջ գնա՝ առանց զգուշացնելու, նրա վրա կրակում են, եթե նախազգուշացումից հետո կանգ չի առնում։ Եթե դա չկա, վաղը կարող է խոհարար էլ գա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ