Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շուշիի շրջանի 4 գյուղերում պարենային որևէ խնդիր չկա, դա ապատեղեկատվություն է. Շուշիի շրջանի վարչական ղեկավար

Դեկտեմբեր 15,2022 12:44

Շուշիի շրջանի 4 գյուղերում պարենային և անվտանգային որևէ խնդիր չկա, մամուլում տարածված լուրերը, թե իբր մեր գյուղերում առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր է առաջացել՝ ապատեղեկատվություն են: Այս մասին Aravot.am-ին ասաց Շուշիի շրջանի վարչական ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը («Հետքի» լուսանկարում):

Նրա խոսքով, շրջանի բոլոր 4 գյուղերում՝ Հին Շենում, Մեծ Շենում, Եղծահողում, Լիսագորում ապրող 380 բնակիչները, որոնցից 38-ը դպրոցահասակ երեխա, 35 նախադպրոցական երեխա՝ պարենի, դեղորայքի, վառելիքի, առհասարակ առաջին անհրաժեշտության ապրանքի որևէ խնդիր չունեն:

«Գյուղերը պարենամթերքի հետ կապված որևէ խնդիր չունեն, մի մոռացեք, որ խոսքը գյուղի խանութների մասին է, որոնք սովորաբար պահեստներում ապրանք են ունենում կուտակած: Գիտեք, որ Գորիսի Տեղ գյուղից մինչև Հին Շեն մոտ 15 կմ է, համայնքների աշխատակազմերի ՈՒԱԶ մակնիշի մեքենաներով, համայնքի ղեկավարների հետ, 2-3 օրը մեկ ցուցակագրում ենք գյուղացիներին անհրաժեշտ առաջին անհրաժեշտության ապրանքները և կազմակերպում այդ ապրանքների մատակարարումը Գորիսի շրջանից: Հա, գրել էին, թե իբր շաքարի պրոբլեմ ունենք, մեր գյուղերն ընդհանրապես շաքարի, շաքարավազի պրոբլեմ չունեն: Մեր 4 գյուղերում այդպիսի մի տուն չկա, որ 2 տարվա մեղրի պահուստ չունենա, մեղրի արտադրությամբ մեր գյուղերն առաջին տեղն են Արցախում: Գյուղացին ինչո՞ւ պետք է շաքար օգտագործի, եթե մեղր ունի»,-ասաց Գրիշա Հովհաննիսյանը:

Վարչական ղեկավարի խոսքով, պարենային խնդրի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածողները երևի ոչ Լիսագորի տեղը գիտեն, ոչ էլ իրավիճակին են տիրապետում: «Ես խնդրում եմ՝ լրագրողները տեղեկատվությունը ճշտեն ինձ հետ, համայնքի ղեկավարների հետ, մեր բոլորի հեռախոսահամարները օրվա 24 ժամ հասանելի են, կամ գոնե այդ գյուղերի բնակիչներից ճշտեն»,-լրագրողներին դիմեց պարոն Հովհաննիսյանը և կրկնեց,- «Նորից եմ կրկնում, պարենային որևէ խնդիր մեր Շուշիի շրջանի գյուղերում չկա: Ավելին, երբ ճանապարհը փակվեց և մարդիկ հավաքվել էին այնտեղ, 45-50 մարդ գիշերել է միայն Լիսագորում, նրանք 2 օր մնացել են Լիսագորում և մենք սնունդով ապահովվել ենք իրենց: Նրանցից մի մասը վերադարձել է Գորիս, իսկ մի մասն էլ՝ 15-20 հոգի դեռ Լիսագորում է, և առաջին անհրաժեշտության ու պարենի որևէ խնդիր չունեն»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031