Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակաբար իրագործում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականություն և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այն պատշաճ միջազգային գնահատականի արժանանա. Փաշինյան

Դեկտեմբեր 15,2022 12:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և նշել.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվում է: Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից, խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները: 120 000 մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի վիճակում: Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել: Ընդ որում, այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով: Ինչպես արդեն ասվել է բազմիցս, Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից այն պարզ հիմնավորմամբ, որ 6-րդ կետի համաձայն, Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և ադրբեջանական հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Սա, ըստ էության, ուղիղ մեջբերում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Եվ հայտարարությունը մի փաստաթուղթ է, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

Ինչպես առիթ ունեցել եմ նշելու, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները խրոնիկ բնույթ են կրում: Եվ այդ խախտումները հետևյալն են՝ հայտարարության առաջին կետում արձանագրվում է Լեռնային Ղարաբաղի  հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ի հեճուկս այս արձանագրման, Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել սկսած 2020 թվականի դեկտեմբերի 13-ից, այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի օկուպացիայի տեսքով: 2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Քարագլուխ բարձունքի գյուղ հասնող հատվածում և մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ: Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել նաև դրանից առաջ և հետո, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում շարունակում են պարբերական բնույթ կրել:

Եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախատում է  նաև Ադրբեջանի կողից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան 2021 թվականի մայիսի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 14-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով:

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության առաջին կետի դրույթների կոպիտ ոտնահարում է նաև հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

Վերը նշված գործությունները խախտում են նաև եռակողմ հայտարարության երրորդ կետը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղում ձևավորվում է շփման գիծ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո:

Ադրբեջանի շարունակական պնդումենրը, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, ինչի մասին խոսելու բազմաթիվ առիթներ ունեցել եմ:

Եռակողմ հայտարարության 6-րդ կետի խախտումների մասին արդեն նշեցի վերևում՝ կապված Լաչինի միջանցքի գործունեության հետ:

Ադրբեջանը կոպտորեն և շարունակաբար խախտում է նաև հայտարարության 7-րդ կետը, համաձայն որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձանակատարի աշխատակազմի վերահսկողության ներքո: Մինչև այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների պատճառով չեն կարողացել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: Մինչև այժմ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն:

Ուզում եմ ուշադրություն դարձնենք եռակողմ հայտարարության վերը նշված հոդվածի ձևակերմանը: Մեջբերում եմ հոդվածից. «Փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք»: Այս ձևակերպումը նշանակում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք և ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի և չընդունելով նման միավորի տարածքային գոյությունը, Ադրբեջանը, ըստ էության, հայտարարում է, որ փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպտագույն խախատում է:

Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև եռակողմ հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է, որ պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում: Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչը նույնպես ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է:

Ադրբեջանը շարունակաբար և կոպտորեն խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ պնդելով, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է միջանցք տրամադրի: Բազմիցս եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում: Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Բնականաբար, անհեթեթ են և նույնիսկ՝ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկի:

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որը, հիշեցնեմ, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է: Եռակողմ հայտարարությունն այս գործընթացում Հայաստանի Հանրապետության սուվերենության որևէ սահմանափակում չի նախատեսում, և հետևաբար՝ Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, նոր ճանապարհների կառուցմանը, ինչպես նաև շահագործմանը, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հարգելի ներկաներ,

սիրելի ժողովուրդ,

Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած պարտավորությունների խրոնիկ խախտումներ են միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի: Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության  պարբերական խախտումները նախևառաջ Լեռնային Ղարաբաղին ցեղասպանության կամ հայրենազրկան ենթարկելու նպատակ ունեն:

Ադրբեջանը շարունակաբար իրագործում է Լեռնային Ղարաբաղն առանց հայերի քաղաքականություն և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը: Պիտի արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով:

Լիարժեք պաշտպանում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը: Ազգային ժողովը նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ է արել հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ:

Մեր դիվանագիտական ծառայությանը, Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարում եմ Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի այս ուղերձն արդյունավետ կերպով հասցնել հասցեատերերին:

Ասեմ նաև, որ մշտական կապի մեջ եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ՝ իրադարձությունների զարգացումը գնահատելու և հնարավոր հանգուցալուծումները քննարկելու նպատակով: Առայժմ այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031