Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն լուծումը կլինի այնպես անել, որ ադրբեջանցիներն այլեւս չմոտենան այդ հատվածներին»․ Թաթոյան

Դեկտեմբեր 15,2022 12:08

«Որեւէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես մեկուսի, միայն Արցախի դեմ ուղղված քայլ։ Սա նաեւ ՀՀ-ի, հայկականության դեմ է ուղղված, որովհետեւ նույն գործողությունները եղել են նաեւ ՀՀ-ի հանդեպ՝ ճանապարհների փակում, վերահսկողություն ՀԷԿ-երի, պոչամբարների հանդեպ։ Նույն խախտումներն են։ Հետեւաբար, հարցն իրավունք չունենք մեկուսի դիտարկելու»,-ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առաջ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու փաստին՝ ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Մեկնաբանելով դեպքի վայրում աղավնիները ձեռքերին համատեղ ապրելու ադրբեջանցիների կոչերը՝ Արման Թաթոյանը շեշտեց, որ Ադրբեջանի դեպքում վերջինս շարունակում է ատելության քաղաքականությունը հայերի հանդեպ, հայասպանությունն ու հայատյացությունը, եւ պատերազմից հետո մինչեւ օրս որեւէ արարքի համար չի պատժվել․ «30-40 տարեկան ադրբեջանցիները դաստիարակվել են հայատյացության ոգով։ Անգամ նրանց հեքիաթներում հայը մշտապես բացասական կերպար է, որն իրենց սպանում է։ Հիմա Ադրբեջանի իշխանությունը խրախուսում է ցանկացածի, որը հայ կսպանի կամ կվնասի։ Նրանց մշակույթի, քաղաքական գործիչները խրախուսում են հայի սպանությունը։ Այստեղ է մեխը․ նման պայմաններում նրանց հետ բացառվում է համատեղ գոյակցություն։ Նրանք ոչնչացնում են եւ բնաջնջում»։

Հարցին՝ վերջիվերջո, ո՞վ ունի մանդատ՝ ադրբեջանցիներին այդտեղից դուրս բերելու, Արման Թաթոյանը պատասխանեց․ «Բոլոր միջոցները պետք է ձեռնարկել։ Դրա համար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների համար որոշակի ցույցեր ենք նախատեսում՝ ասելու համար, որ մարդկանց կյանքի, գոյաբանական հարց կա»։

Մեկ այլ հարցի՝ բացի ուժային տարբերակից, այլ կերպ ինչպե՞ս հեռացնել ադրբեջանցիներին այդտեղից, Արման Թաթոյանը պատասխանեց․ «Լավագույն լուծումը կլինի այնպես անել, որ նրանք այլեւս չմոտենան այդ հատվածներին։ Հակառակ դեպքում անընդհատ կարող են փորձել տեռորի ենթարկել։ Ամեն միջոց պետք է գործադրել, այլ տարբերակ չկա։ Այդ հատվածն այսպես կոչված միջանցք է, որի որոշ հատվածներում զինվորականներ չկան, դրա համար էլ եկել են։ Վստահ եմ, որ պետական ավտոբուսներով են եկել՝ վճարվող, կազմակերպված։ Մենք նման տվյալներ ունենք։ Անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ են պետք»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031