Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր խնդիրը նորից համախմբվելն է Արցախի շուրջ: Ղարաբաղը թշնամու մղձավանջն է. Բելլա Լալայան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 15,2022 11:30

Հարցազրույց Արցախի հասարակական, քաղաքական գործիչ Բելլա Լալայանի հետ

– Արցախում մի խումբ մարդիկ նաեւ հակառուսական տրամադրություններ են քարոզում։ Արձագանք ստանո՞ւմ է արդյոք այդ քարոզչությունը։

– Հակառուսական տրամադրությունները միշտ չնչին մաս են կազմել Արցախում, բայց միշտ էլ եղել են: Հնարավոր է, որ այս պահը նման տրամադրություններ ունեցող մարդկանց համար հարմար է` հակառուսական տրամադրություններ բորբոքելու կամ կրիտիկական կետին հասցնելու համար: Իմիջիայլոց, նույնը նաեւ Ադրբեջանն է անում տարբեր գործողություններով ու մեթոդներով: Որպես օրինակ՝ Փառուխի դեպքերը, իսկ  այսօր՝ միջանցք գործուղված «էկոլոգների» կողմից խաղաղապահներին ծաղրելու եւ նվաստացնելու ողորմելի սցենարները: Այս ամենը, այո, որոշակի ազդել է խաղաղապահ երկրի նկատմամբ տրամադրությունների վրա, բայց, այսպես թե այնպես, հիմա Ադրբեջանի ու Արցախի միջեւ կանգնած է ռուս խաղաղապահը, ու մարդիկ դա գիտակցում են, ընդունում են որպես փաստ: Լա՞վ է կատարում իր առաքելությունը, թե՞ չէ, կամ` եթե լավ չի կատարում, ինչո՞վ է պայմանավորված դա, կամ` արդյոք այլ երկրների խաղաղապահների ներկայությունն է՞լ է անհրաժեշտ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն իմ կողմից կլինեն սուբյեկտիվ: Օբյեկտիվ, փաստարկված  պատասխանները կարող են տալ նրանք, ովքեր ունեն ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների հետ բանակցելու հնարավորություն: Ես միայն կարող եմ ասել, որ այս ամենը պատճառահետեւանքային կապ է, որտեղ կա նաեւ մեղքի մեր բաժինը: Արցախի իշխանությունները համախմբման կոչ են անում, ո՞ւմ են ուղղված այդ կոչերը: 1988-ից այս կողմ Արցախի իշխանությունները միշտ էլ համախմբման կոչեր են արել: Միշտ էլ կոչել են միասնության` Արցախի ճակատագրի հարցում, անկախ այն բանից, թե այլ քաղաքական հարցերում ինչքան տարաձայնություններ ու հակադիր տեսակետներ կլինեն: Ու մենք կարողացանք պահել հաղթողի մեր դիրքը մինչեւ այն ժամանակ, քանի դեռ Արցախի հարցում պահպանվում էր միասնականություն: Մենք պարտության գնացինք հենց այն ժամանակ, երբ Արցախի հարցի շուրջ առաջացան տարաձայնություններ, երբ Արցախի հարցի շուրջ միասնական դիրքորոշումը քանդվեց, եւ ամեն ինչ սկսվեց զրոյական կետից ու իրար հակադարձող, թշնամություն ու տարաձայնություն գեներացնող դիրքերից: Այսօր մեր խնդիրը նորից համախմբվելն է Արցախի շուրջ: Արցախը միայն տարածք չէ, Արցախը հայության, հայի գոյաբանության, ազգայինը կրելու ու պահպանելու գաղափար է: Արցախն այն գործոնն է, որը համախմբել է սփյուռքը: Չլինի այդ գաղափարը՝ չի լինի նաեւ սփյուռքը, որովհետեւ չի լինի այն, ինչի շուրջ պիտի համախմբվի սփյուռքը:
Եվ, ուրեմն, Արցախի իշխանության կողմից միասնականության կոչը պոպուլիստական կամ հերթական կոչ չէ, այլ փրկության միջոցի կոչ է, հայի տեսակի պահպանության կոչ է: Իմիջիայլոց, թշնամին էլ այդքանը լավ գիտի: Նա գիտի, որ Հայաստանն իր տիրապետության տակ վերցնելու, հային որպես ազգ վերացնելու գլխավոր նպատակին երբեք չի հասնելու, քանի կա Արցախը: Ղարաբաղը թշնամու մղձավանջն է: Դրա համար նրա բոլոր գործողությունների գլխավոր թիրախը հենց Ղարաբաղն է:

– Ի՞նչ պետք է անի Արցախը՝ այս իրավիճակից դուրս գալու համար։

– Վարել ճկուն քաղաքականություն: Այս հարցը տվյալ փուլում ռազմական լուծման ճանապարհ չունի, այն պետք է լուծել  բանակցության սեղանի շուրջ: Իսկ հաջողություն կգրանցվի այն ժամանակ, երբ բանակցողը կլինի Արցախի կողմից: Մյուս կողմից, պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, աշխարհով մեկ աղմուկ բարձրացնել, միջազգային բոլոր հարթակները հեղեղել Ադրբեջանի կողմից իրականացվող  հումանիտար աղետի, զավթողական քաղաքականության, մարդու կյանքի իրավունքի խաթարման փաստերով: Եթե նույնիսկ համապատասխան կառույցները տեր չկանգնեն իրենց իսկ կողմից ընդունված հռչակագրերին, գոնե կիրազեկենք միջազգային հանրությանը: Իսկ միջազգային հանրության ճնշումները, համոզված եմ, արդյունք կտան:

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031