Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը հիմա նաեւ մարտավարություն է փոխել՝ ոգեւորված անպատժելիությունից»․ Արման Թաթոյան

Դեկտեմբեր 15,2022 11:18

«Ցավոք, միջազգային գնահատականը հիմա խիստ անբավարար է։ Ճիշտ է, որոշ երկրներից արձագանքներ կան, բայց դա գրեթե ոչինչ է։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ Ադրբեջանի համար ապահովում է բացարձակ անպատժելիություն։ Նրանք այդ հանցավոր անպատժելիությամբ են շարժվում։ Մինչեւ այս մի անգամ փակեցին միջանցքը ու տեսան, որ դա իրենց համար ոչ մի հետեւանք չի ունենում»,-ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առաջ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու փաստին՝ ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հիմա նաեւ մարտավարություն է փոխել՝ ոգեւորված անպատժելիությունից․ «Բերել են իբր անկախ էկոակտիվիստների, որոնք իբր անկախ գործողություններ են անում։ Դրանց ուղերձները վերցնում են Ադրբեջանի պաշտոնյաներն ու պահանջների մասին հայտարարում։ Սա Ադրբեջանի իշխանության անմիջական կազմակերպածն է։ Այդ ակցիաներին մասնակցողները հայտարարագրված են որպես հ/կ-ների անդամներ, բայց ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից, «Հեյդար Ալիեւի» հիմնադրամից։ Կան գործող եւ նախկին զինվորականներ, որոնք բացահայտ ցույց են տալիս, որ «գորշ գայլերի» հետ կապ ունեն։ Այնքան ցինիկ ու սանձարձակ են, որ դրանցից մեկը հայերենով կոչ է անում միասին ապրել։ Բայց երբ իր հարցազրույցներն ես ուսումնասիրում, պարզվում է, որ ամենահայատյաց գործիչներից է, ով զենքը ձեռքին կոչ է անում սպանել հայերին»։

Արման Թաթոյանը շեշտեց՝ դեպքի վայր կարող են այցելել միայն ադրբեջանցի լրագրողները, ուստի տեղի է ունենում դեպքերի միակողմանի, խեղաթյուրված լուսաբանում․ «Արցախի եւ ՀՀ-ի ԶԼՄ-ներն անգամ մոտ չեն կարող գնալ։ Իսկ իրենք սադրիչ, թշնամանք հարուցող տեղեկատվությունը վերցնում են ու տարածում միջազգային հարթակներով։ Սա նախապես մշակված քայլ էր»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031