Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է ստեղծել «օդային միջանցք» և գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը. Ռուբեն Վարդանյան

Դեկտեմբեր 15,2022 11:10

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ռուսական «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում շրջափակված Արցախը համեմատել է պաշարված Լենինգրադի հետ և բարձրացրել «օդային միջանցքի» անհրաժեշտության հարցը:

«Որպեսզի հասկանալի լինի ռուսաստանցի ընթերցողին, ստեղծված իրավիճակը նման է Լենինգրադի շրջափակմանը, երբ փակված էր «կյանքի ճանապարհը»: Եվս մեկ օրինակ՝ Արևմտյան Բեռլինի տարբերակը, որտեղ ածուխը տանում էինք ինքնաթիռներով»,- ասել է Վարդանյանը:

Նա հույս է հայտնել, որ Արցախի իշխանություններին նույնպես կհաջողվի բացել «օդային միջանցք և բեռներ ընդունել Ստեփանակերտի օդանավակայանում»:

«Մենք դեռևս ունենք էլեկտրականություն և հեռախոսակապ, բայց պահը, երբ կարող ենք զրկվել դրանից, մոտ է: Այժմ 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ, կտրված են բառացիորեն ամեն ինչից: Բայց, դրանով հանդերձ, մեզ մոտ ամեն ինչ աշխատում է, գործում է, կա անկոտրում կամք, որ ամեն ինչ կհաղթահարվի»,- ասել է Վարդանյանը:

Նա ասել է, որ ճգնաժամը հաղթահարելու համար ստեղծվել է օպերատիվ շտապ, որոշակի սահմանափակումներ են դրվել պարենի և դեղամիջոցների վրա: «Ստեղծում ենք համակարգ՝ լիարժեք շրջափակման պայմաններում բնակիչներին ապահովելու բոլոր անհրաժեշտություններով: Անհրաժեշտ է, որ գործի Ստեփանակերտի օդանավակայանը: Դրա համար անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի ստեղծվի մարդասիրական միջանցք, և մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում: Դա միակ հնարավորությունն է կախում չունենալու Ադրբեջանից: Անհրաժեշտ է միջազգային համաձայնություն, որը թույլ կտա մարդասիրական օդանավերին թռչել Արցախ: Դա կարևոր պայման է մեզ այստեղ որպես համայնք պահելու համար: Որպեսզի այսպիսի իրավիճակ նորից չկրկնվի: Օդանավակայանը լիարժեք կարող է գործել»,- ասել է նա:

Մեկնաբանելով Բաքվի հետ գործակցելու հնարավորությունը՝ այս և այլ ճգնաժամերը լուծելու ուղղությամբ, Վարդանյանն ասել է, որ այդ հարցի շուրջ բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը:

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ պետք է ճանաչել Արցախը որպես բանակցությունների կողմ: Եվ այդ ժամանակ ամեն ինչ կարելի է քննարկել: Այստեղ մարդկանց ամբոխ չէ ապրում, սա երկիր է, պետություն: Կան ինստիտուտներ, խորհրդարան, կառավարություն, նախագահ, հասարակական կազմակերպություններ: Պետք է նստել և բանակցություններ վարել, այլ տարբերակ չկա»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031