Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երևանն ուղղակի կողքից դիտում է: Իրենց հայտարարությունները չեն տարբերվում այլ երկրների հայտարարություններից. Հակոբ Հակոբյան. «Փաստ»

Դեկտեմբեր 15,2022 10:46

Ադրբեջանը սադրանքների մի ամբողջ շարք սկսելուց հետո կրկին փակեց Արցախը Ադրբեջանը շարունակում է շրջափակված պահել Արցախը: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում երեկ նշել է, որ Արցախում ժողովուրդը հայտնվել է ծանր վիճակում, քանի որ շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը փակել է նաև գազամատակարարումը:

ՀՀ իշխանությունների դրսևորած վարքագծին Արցախում, մեղմ ասած, քննադատաբար են մոտենում: «Մենք բազմիցս ենք խոսել այն մասին, որ ձեռքերը լվացել են Արցախից: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, մեր բոլոր այդ պնդումների, այսպես ասած, առհավատչյան է: ՀՀ իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ձեռքերը լվացել են Արցախից, այլ, միգուցե, բանավոր պայմանավորվածությունների արդյունքում Արցախը արդեն հանձնել են Ադրբեջանին: Իրենց հայտարարությունները և քայլերը որևէ կերպ չեն տարբերվում այլ երկրների, միջազգային այս կամ այն հարթակի հայտարարություններից, որոնք որևէ գործնական, առարկայական աշխատանքի բնույթ չունեն և դեկլարատիվ են: ՀՀ իշխանությունը Արցախում 120 հազար հայ գերիների իրողությանը կողքից դիտող է դարձել: Պաշտոնական Երևանն ուղղակի կողքից դիտում է, թե ինչպես են այդքան մարդկանց գերի վերցրել, սպասելով, թե ինչ ելք է լինելու, որտեղ ինքը որևիցե գործառույթ չունի»,-ասաց մեր զրուցակիցը:

Երբ ՀՀ իշխանությունները որևիցե գործուն քայլեր չեն ձեռնարկում, Հակոբ Հակոբյանի խոսքով, ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ միջազգային հանրությունից: «Ի՞նչ սպասելիքներ ունենալ այն միջազգային հանրությունից, որը 44-օրյա պատերազմի ժամանակ ֆորմալ հայտարարություններից այնկողմ չանցավ: Ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ նույն միջազգային հանրությունն էր պահանջում Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել: Իհարկե, այլ հարց է՝ ճիշտ էր ասում, թե կեղծում էր: Բայց կարծում եմ, որ այս պահին միջազգային հանրությունը, ի մասնավորի՝ ՄԱԿ-ը մեծ աշխատանք ունի անելու իր իսկ հեղինակությունը փրկելու համար. իր աչքի առջև փորձում են հումանիտար աղետի, սպիտակ ցեղասպանության միջոցով մի ամբողջ ժողովրդի ոչնչացնել: Իր աչքի առջև միջազգային որևիցե նորմ, միջազգային որևիցե կազմակերպության չհարգող երկիրը շրջափակման մեջ է վերցրել Արցախը: Այդ նույն միջազգային կառույցները պետք է առաջին հերթին մտածեն, որ իրենց աչքի առջև մարդկության դեմ հանցագործություն է տեղի ունենում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031