Լրահոս
Օրվա լրահոսը

Պետքարտուղարությունը շարունակում է ճնշում գործադրել Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժման վերականգման հարցում

Դեկտեմբեր 15,2022 10:19

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդը մասնակցել է Հարավային Կովկասի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի լսումներին ու պատասխանել կոնգրեսականների հարցերին:

Վաշինգտոն ժամանած ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա հետ այսօր հնարավորություն կունենամ ուղղակիորեն քննարկել այս հարցը և կշարունակեմ ճնշում գործադրել ազատ տեղաշարժի վերականգնման համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ի պատասխան Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հարավային Կովկասի մասին լսումներին կոնգրեսական Ջիմ Կոստայի հնչեցրած հարցին՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացության վերաբերյալ։ Կոնգրեսականը իր քննադատությունը հայտնեց Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ շեշտելով՝ չեմ կարծում, որ Բաքուն ձգտում է խաղաղության, այլ ընդամենը օգտվում է Ուկրաինայում պատերազմի հանգամանքներից: Այս համատեքստում նա նաև սխալ որակեց 907-րդ բանաձևի չեղարկումն ու Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:

«Երբ երկու կողմերը բանակցում են, Ադրբեջանը շրջափակում է Հայաստանի և Արցախի միջև ճանապարհը, որը մարդասիրական կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև փակում գազատարը դեպի Արցախ՝ 120 հազար մարդ թողնելով ձմռան կեսին առանց ջեռուցման: Չեմ կարծում, որ դա բարեխիղճ մոտեցման դրսևորում է»,- ասել է Կոստան:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հիշեցրեց, որ պետքարտուղարությունն այս առիթով կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, քանի որ դրա արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական ծանր հետևանքների ու խափանի խաղաղ գործընթացը: Դոնֆրիդի կարծիքով` բանակցային գործընթացի առանցքային մարտահրավերներից է կողմերի միջև վստահության բացակայությունը:

«Վարչակազմը ձգտում է խթանել երկխոսությունը, որպեսզի կողմերը հասկանան միմյանց և փոխադարձ հասկանան մտահոգությունները: Եթե ավելի կոնկրետ, ապա արտգործնախարարներն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա: Հույս կար, որ նրանք կհասնեին ընդհանուր հայտարարի մինչև այս տարվա վերջ, սակայն պարզ չէ՝ արդյոք հնարավոր կլինի հասնել դրան այդ ժամկետում»,- նշել է նա:

Ըստ նրա՝ այսօր առկա է եզակի հնարավորություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին նպաստելու համար, ուստի Վաշինգտոնը ակտիվորեն ներգրավված է բանակցային գործընթացում երկկողմ, եռակողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ սերտորեն համագործակցելով Եվրամիության և այլ գործընկերների հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հանդիսանան այս քննարկումների առանցքային բաղադրիչներ:

«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այս հնարավորության պատուհանը կարող է փակվել, ուստի հրատապության զգացում ունենք այս հարցում: Կարծում եմ, որ այսօրվա իրավիճակի առանձնահատկությունը մասամբ կապված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ, որը փոխում է տարածաշրջանի դինամիկան»,- նկատել է Դոնֆրիդը:

Լսումները նախագահող կոնգրեսական Ուիլյամ Քիթինգը հետաքրքրվեց, թե ինչպես է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ազդում տարածաշրջանի վրա և ինչպիսի ազդեցություն ունի Մոսկվան տարածաշրջանում՝ շեշտելով՝ ռուսական զորքերն այսօր տեղակայված են Հարավային Կովկասի բոլոր երկրներում:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կարծիքով՝ ամերիկյան կողմը գիտակցում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում ունի դերակատարում ու ազդեցություն, բայց Վաշինգտոնը ցանկանում է օգնել տարածաշրջանի երկրներին առաջ շարժվել՝ խաղաղությանը հասնելու գործում: Ըստ նրա՝ այսօր Մոսկվան չի հանդիսանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության հիմնական միջնորդ, քանի որ գործընթացում ևս ներգրավված են այլ դերակատարներ և ձևաչափեր:

«Չնայած Ռուսաստանը շարունակում է գործոն հանդիսանալ Հարավային Կովկասում, նրա ներխուժումն Ուկրաինա իրական հարցեր է առաջացրել Ռուսաստանի երկարաժամկետ մտադրությունների վերաբերյալ: Հարավային Կովկասի երկրներից ոչ մեկը չի աջակցում Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում»,- եզրակացնում է Դոնֆրիդը:

Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացն ու այս ուղղությամբ կողմերի ձեռնարկած քայլերը՝ հույս հայտնելով, որ այստեղ կարձանագրվի նոր առաջընթաց: Ըստ դիվանագետի՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դրականորեն կանդրադառնա հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ու տարածաշրջանում տնտեսական զարգացման վրա:

Լսումներին մի շարք այլ կոնգրեսականներ ևս հնչեցրեցին Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի մասին հարցեր: Կոնգրեսական Բրայան Ֆիթսփատրիկը իր ելույթում նշել է, որ «Ադրբեջանում հայ ռազմագերիների մահապատիժները և բազմաթիվ մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքը մտահոգություն և քննադատություն են առաջացրել միջազգային ասպարեզում», իսկ կոնգրեսական Սուզան Ուայլդն, իր հերթին, պարզաբանումներ խնդրեց Լեռնային Ղարաբաղում իրականացվող մարդասաիրական ծրագրերի չափերի և դրանց վերահսկողության մասին:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031