Լրահոս
Օրվա լրահոսը

«Հումանիտար աղետ» օպերացիա ադրբեջանցի պսևդո-բնապահպանների կատարմամբ

Դեկտեմբեր 15,2022 10:25

Ադրբեջանի բռնապետական ռեժիմը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի Հանրապետության 120,000 բնակչությանը՝ փակելով Ստեփանակերտը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։ Այս ամենն իրականացվում է բնապահպանական կեղծ օրակարգով և կեղծ ակտիվիստներով, քանի որ պետության կամ որևէ ընկերության անունից նման քայլերը չեն կարող այդ կողմերին ազատել ահաբեկչական պատասխանատվությունից։

ՀԱՆՔԸ՝ պատրվակ, ԱՄԵՆ ԳՆՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄԸ՝ միջանկյալ նպատակ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԱԽԱԴԵՊԸ՝ գերնպատակ

Ադրբեջանի կողմից այսօր շարունակվում է Արցախի հայաթափման քաղաքականությունը։ Դեռևս 2020 թվականին վերջինիս սանձազերծած արյունալի պատերազմական գործողությունների արդյունքում իրենց բնակավայրերից արդեն իսկ տեղահանվել են տասնյակ հազարավոր հայեր։

Այս անգամ Ալիևի ռեժիմը դա իրականացնում է այլ՝ շրջափակման, արտաքին աշխարհից Արցախը տոտալ կտրելու, հումանիտար աղետ ստեղծելու ճանապարհով։ Մասնավորապես, հայտարարելով, թե իբր մոնիտորինգ է սկսում Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում և ինքնըստինքյան հանդիպելով Արցախի արգելքին, մի խումբ ադրբեջանցիների միջոցով, ովքեր իրենց անվանում են իբր անկախ բնապահպաններ, փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ լինի շտապօգնության մեքենաների, թե ցանկացած այլ տեղաշարժի համար։ Հիշեցնենք, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը։

Չնայած մամուլում այս օրերին խոսվում է հանքավայրի, առիթն էլ՝ բնապահպանական հորինված ռիսկի մասին, այս քայլով Ալիևն իրականում հետապնդում է առավել կարևոր ու իրավիճակը շրջող նպատակ՝ Արցախի Հանրապետության տարածքում լեգալացնել և լեգիտիմացնել Ադրբեջանի իշխանությունը։ Մասնավորապես, արցախյան որևէ մի ընկերության գործունեությունը Ադրբեջանի կարգավորումներով գնահատելու անցկացնելու (բնականաբար՝ հաջորդիվ նաև պահանջներ ներկայացնելու) նախադեպը բավարար է վերոնշյալ նպատակի համար։ Խնդիրը կրկնակի հեշտանում է, երբ այդ մեկ տնտեսական գործունեությամբ այսօր ապահովվում է Արցախի Հանրապետության պետական բյուջեի հիմնական մասն ու արցախահայության ինքնավար կենսագործունեության երաշխիքը։

Ֆիսկալ ռեսուրսի բացակայության, արտաքին աշխարհից կտրվելու վտանգի, մարդու հիմնարար իրավունքներից ամեն պահին զրկվելու ռիսկի պայմաններում հայաթափվող Արցախը նաև կատարյալ լուծում կլինի մոտ ապագայում (նույնիսկ հանրաքվեի միջոցով) ինքնորոշման իրավունքի քննարկման համատեքստում. չկան հայերի տնտեսական ռեսուրսներ՝ չկա նրանց գոյատևելու հնարավորություն, չկան բավական թվով հայեր՝ չկա մշակույթային ինքնավարության հարց, չկան հայեր՝ չկա ինքնորոշման հարց։

 

ՊՍԵՎԴՈ-ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱԿԱԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՐԿՐԻ ԿՈՂՄԻՑ

Ակնհայտորեն հասկանալով Ալիևի իրական ծրագիրը, վերադառնանք բնապահպանական պատրվակին։

  • Նշենք, որ էկոլոգիական խնդրի մտացածին լինելն առաջին հերթին հիմնավորվում է ոչ միայն Արցախի հանքի կողմից երբևէ էկոլոգիական խնդիր չառաջացնելով, այլև Արցախի իշխանությունների պատրաստակամությամբ անգամ այսօր հրավիրել բնապահպանական ռիսկերը գնահատող միջազգային փորձագիտական խումբ։ Ընդ որում, Հայաստանը անհամեմատ առաջ է բնապահպանական կարգավորումների և վարկանիշների առումով, իսկ Արցախի Հանրապետության օրենսդրությունն ու պրակտիկան գրեթե հայելային են Հայաստանի Հանրապետությունում գործողին։
  • Հորինված պատրվակը ցայտուն երևում է նաև ադրբեջանական կողմի խոսույթում բերված իրարամերժ պատճառներից՝ ապօրինի շահագործում, թե բնապահպանական ռիսկ։ Մի կողմից խոսվում է իբր թե օգտակար հանածոների ապօրինի օգտագործման մասին. մատչելի լեզվով՝ խնդիրն այն է, թե ով է օգտագործողը (Արցախ, թե ալիևաբրիտանական ընկերություն)։ Մյուս կողմից սակայն ճանապարհը փակում են իբր թե բնապահպանները՝ բնապահպանական ռիսկի համար։ Այն, որ հանքն այսպես, թե այնպես շահագործվելու է ցանկացած օգտագործողի դեպքում (հակառակ բնապահպանական թևի ջատագովների), կասկածի ենթակա չէ, սակայն հումանիտար աղետ առաջացնող ակտը արտաքին աշխարհի աչքին առավել հաճո՝ էկոլոգիական թեմայով իրականացնելն ավելի հարմար է ավտորիտար ռեժիմի համար։
  • Ընդ որում, հանքի պատասխանատու շահագործման մասին իբր անկախ բնապահպանների անունից խոսում է մի երկիր, որը հանքարդյունաբերության ոլորտի միջազգային կազմակերպության՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության պատմության մեջ առաջին երկիրն է եղել, ում կարգավիճակը 2017թ. կասեցվել է և դա արվել է հենց քաղաքացիական հասարակության ճնշումների, սահմանափակող օրենքների և ուղղիչ գործողություններ չկիրառելու հիմքով։ Այդ նույն խնդիրները հետագայում ևս անփոփոխ են մնացել, ինչի մասին վկայում են նաև այլ մարմինների կողմից տրված գնահատականները, ինչպես օրինակ ԱՄՆ ՄԶԳ/USAID Քաղհասարակության կազմակերպությունների կայունության ինդեքսում և’ իրավական, և’ ֆինանսական կենսունակությունը գնահատվել է խոչընդոտվող՝ 6.3 միավորներով (2021թ)։ Առնվազն զավեշտալի է, որ մի երկրում, որտեղ կան բազմաթիվ քաղբանտարկյալներ և խոչընդոտվում է քաղաքացիական հասարակության որևէ ազատ գործունեություն, կարող են հանքային ոլորտում «անկախ բնապահպանները» կենտրոնական դերակատարում ունենալ տվյալ երկրի սահմանային և աշխարհաքաղաքական հարցերում։

Հակառակ Ադրբեջանի պատկերին, նույն EITI անդամակցության շրջանակներում Հայաստանը դարձել է այն 9 երկրներից մեկը, ում ամենաբարձր գնահատականն է շնորհվել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտը ոչ միայն լիովին իրականացնելու, այլև պահանջները գերազանցելու համար։ Բացի այդ, Հայաստանը ստացել է EITI նախագահության հատուկ մրցանակ։ Open Ownership նախաձեռնության կողմից ոլորտում իրականացված իրական սեփականատերերի հայտարարագրման բարեփոխումը օրինակ է բերվել այլ երկրներին օգտակար լինելու տեսանկյունից, իսկ վերջերս Լատվիայի հետ միասին դարձել են առաջին երկրները, որոնք Beneficial Ownership Data Standard-ին համահունչ են հրապարակում իրենց տվյալները։

  • Եթե վերացարկվենք քաղաքացիական հասարակության ազատության ցուցանիշներից, ապա բնապահպանական հարցերի հոգածության մասով Ադրբեջանի ցուցանիշները նույնպես վկայում են բնապահպանական կեղծ օրակարգի մասին։ Environmental Performance Index-ով Ադրբեջանը զբաղեցնում է հեռավոր 104-րդ դիրքը (Հայաստանը՝ 56-րդ)։

 

ՁՄՌԱՆ ՑՐՏԻ և ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԵՏԵՐՄԻՆԻԶՄԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ

Արցախում հումանիտար աղետն էլ ավելի է սրվում այսօր եղանակային ցուրտ պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու պայմաններում։ Ընդ որում, միջազգային լսարանի համար հատուկ պարզաբանենք, որ գազամատակարարումը ոչ թե ապահովվել է Ադրբեջանի կողմից, քանի որ Արցախի Հանրապետությունը երբեք որևէ սոցիալ-տնտեսական առնչություն չի ունեցել այդ երկրի հետ, այլ պարզապես Հայաստան–Արցախ գազատարն է այժմ անցնում Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքով։

Անընդունելի է, բայց ոչ զարմանալի, որ ցեղասպան այս շրջափակումն ու հումանիտար աղետը տեղի են ունենում 21-րդ դարում, մի երկրի կողմից, ում նախագահի ռեժիմը տասնամյակներով հայտնի է եղել կոռուպցիոն կայսրությամբ, այն էլ՝ նավթի ու գազի ոլորտում, լռեցրել քաղաքացիական հասարակությանն ու խեղդել ցանկացած քաղաքական այլախոհություն։ Զարմանալի չէ, քանի որ այսօր մարդու հիմնարար իրավունքների առաջամարտիկ Եվրամիությունը, որպես ռուսական՝ «ոչ ժողովրդավարական և ոչ հուսալի» գազին այլընտրանք, ամիսներ առաջ առանց բարեփոխումների որևէ նախապայմանի ու պահանջի երկկողմ համաձայնագիր է կնքում Ալիևի ռեժիմի հետ ՝ հռչակելով նրան «հուսալի» մատակարար։ Ի՞նչ սպասել մի բռնապետից հարևան փոքր, բայց ժողովրդավարական պետության բնակչության հանդեպ, ում ձեռքերը նավթի խողովակներն արձակել են նույնիսկ իր սեփական ժողովրդի դեմ։ Այս ահաբեկչական շրջափակմամբ Ադրբեջանը բացահայտ հայտարարեց, որ վերջինս երբևէ չի կարող երաշխավորել որևէ անվտանգություն արցախահայության համար։

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԻՆ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԼՈՒՌ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` «ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՂ»

Շրջափակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2022թ. հուլիսի 5-ին ալիևյան ռեժիմը Անգլիայում ցուցակված Anglo Asian Mining ընկերության հետ արտադրանքի բաժանման պայմանագրերում կատարված փոփոխություններով Կաշենի հանքավայրը նույնպես «տրամադրեց» ընկերությանը։ Հիշեցնենք, որ դեռևս 90-ական թվականներին Ադրբեջանը նույն ընկերությանը քաղաքական այս քայլը կիրառել էր նույն այս ընկերության հետ՝ Արցախի մյուս հանքերը թղթաբանությամբ «տրամադրելով» վերջինիս։

Բռնապետական ռեժիմի կողմից նման քայլերի նպատակը առավել քան պարզ է, սակայն տարակուսելի է, թե ինչպես է Մեծ Բրիտանիան թույլ տալիս, որ մարդու իրավունքների խախտման առումով զգայուն և դեռևս պատերազմող կողմերի վիճելի տարածքում նման գործարքների կողմ հանդիսանա Անգլիայում ցուցակված ընկերությունը և ինչպես է այդ ընկերությանը ինտենսիվ աջակցում Ադրբեջանում Բրիտանական դեսպանատունը։ Սա այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չկա որևէ հաշտության պայմանագիր, հստակ չէ Արցախի Հանրապետության կարգավիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողություններ ՀՀ-ի և Արցախի դեմ։ Ինչպես Freedom of Information-ի կողմից բացահայտված նամակագրությունից է պարզվում, դեսպան Ջեյմս Շարփը 2020թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և հաջորդիվ ինտենսիվ նամակագրության և հանդիպումների մեջ է եղել ընկերության հետ, իսկ նամակները հաճախ վերնագրվել են “Anglo Asian and the land of opportunity (հնարավորությունների հող)”։ Պատահական չէ, որ ճանապարհը շրջափակողներն այսօր չեն ներկայանանում ընկերության անունից, այլապես ի դեմ բրիտանական դեսպանի՝ պետական նման բարձր մակարդակի պաշտոնյայի ուղղակի ցուցաբերած աջակցությամբ Բրիտանական կառավարությունը անուղղակիորեն կառնչվի շրջափակում իրականացնողներին։

Նշենք, որ չնայած ընկերությունը հաճախ մամուլում ներկայացվում է որպես Լոնդոնյան բորսայում ցուցակված, իրականում այն գրանցված է Լոնդոնյան արժեթղթերի շուկայի ենթաշուկայում՝ Alternative Investment Market (AIM), որն առանձնանում է Լոնդոնյան բորսայի համեմատ ավելի ճկուն կամ թույլ կարգավորումներով, հաճախ քննադատվում է որպես «վայրի արևելք», որտեղ կասկածելի էթիկայով ընկերություններն են գումարների ներգրավման համար գրանցվում։ Առանձին հոդվածի նյութ կարող է լինել նաև ընկերությունում ներգրավված անձանց կասկածելի հեղինակությունն ու կապերը ալիևյան ընտանիքի հետ։

ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԿՈՒՊԱՆՏ

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ են անցել 40-ից ավելի հանքավայրեր։ Ընդ որում, ուսումնասիրություններիս համաձայն, դրանցից մոտ 8-ը գտնվում են Հադրութի, իսկ մեկը՝ Մարտակերտի շրջանում, որոնք ժամանակին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի շրջաններն էին։ Այս բոլոր հանքերի կորուստը հենց հայկական կողմի անունից պետք է ներկայացվեն որպես պատճառված գույքային վնաս։

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության անունից ՄԻԵԴ ներկայացված հայցում արդեն իսկ դրված է սույն տրամաբանությունը։ Անհրաժեշտ է այս ուղղությամբ ՀՀ կառավարության հետևողական քայլերն առավել ակտիվ շարունակել։

 

Լիլիա Շուշանյան ՀՀ ՏԿԵՆ նախկին փոխնախարար, հանրային կառավարման և հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031