Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ ինքը չի հանձնարարել մասնակցել ավագանու նիստերին

Դեկտեմբեր 15,2022 00:55

Ինչպես տեղեկացրել էինք, դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը, որին ներկա էին նաև «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամներ Սեյրան Ղամբարյանը և Գայանե Քալանթարյանը:

Մինչ օրակարգին անցնելը՝ Սեյրան Ղամբարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Մամիկոն Ասլանյանը հանձնարարել է մասնակցել նիստին` ի շահ Վանաձոր քաղաքի. «Ես Մամիկոն Ասլանյանի դատական նիստին էլ եմ եղել, ինքը հայտարարել է, որ մենք մեր քաղաքի ոչ մի դրական աշխատանքներին, որ պլանավորվում է, դեմ չենք: Ես հաջորդ օրը հանդիպել եմ նրա հետ, եւ ինքը հանձնարարել է հայտարարել, որ եթե մեր ներկայությամբ նիստը կայանում է, ուրեմն մեր մասնակցությունը պարտադիր է»:

Սակայն, քիչ առաջ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքի պաշտոնական էջում կատարվել է գրառում: Մասնավորապես նշվել է, որ Վանաձոր համայնքի ավագանու նիստի ընթացքում հնչել են հայտարարություններ, որոնք չունեն որևէ հիմք և իրականության հետ որևէ աղերս.

«Մամիկոն Ասլանյանը ավագանու նիստերի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել և որևէ ավագանու անդամի համաձայնություն կամ լիազորություն չի տվել նիստերին մասնակցելու կամ դաշինքի ու ղեկավարի անունից` իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, հորդորներ տարածելու։ Ավագանու առանձին անդամների գործողությունները կրում են զուտ անհատական բնույթ, և յուրաքանչյուրն առաջնորդվում է իր խղճով ու բարոյականությամբ, գուցե նաև այլ շահագրգռությամբ։ Նիստեր գումարելու և դրանց մասնակցության միակ նախապայմանը եղել է օրինականության վերականգնումը, որը խաթարվել է շուրջ մեկ տարի առաջ և ինչի մասին բազմիցս հայտարարվել է։ Մենք հավատարիմ ենք վանաձորցու տված քվեին և երբեք ժողովրդի թիկունքում անտրամաբանական որոշումներ չենք կայացնում»,- գրված է հայտարարության մեջ:

Ի դեպ, դեկտեմբերի 15֊ին լրանում է Մամիկոն Ասլանյանի կալանավորման մեկ տարին։

Տաթևիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031