Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն մի գործ է լավ արվում՝ կոռուպցիայի համակարգման գործը

Դեկտեմբեր 15,2022 14:00
kasharq

Ժողովրդի կեղեքման հիմքը դրվեց «սեփականաշնորհում» կոչվող ներկայացում կոմեդիայից, որով սկսվեց նրա ռեալ շերտավորման հիմքը, պրոցես, որը մինչեւ այսօր էլ շարունակվում է կոռուպցիայի կլասիկ դրսեւորումներով: Նորանկախ Հայաստանում կոռուպցիոն համակարգի սկիզբը դրվեց հենց այդ ժամանակ եւ այն կատարելագործվելով հասավ մեր օրերը: Եթե ուսումնասիրվի սեփականաշնորհման ողջ գործընթացը, ապա իրավապահ համակարգը մոտակա տասնյակ տարիներին տքնաջան աշխատելու պակասի կարիք չի ունենա եւ մնացած գործերի ուսումնասիրության համար ժամանակ ընդհանրապես չի ունենա ու կպարալիզվի եւ այդ համակարգը, եւ երկիրը:

Բոլոր իշխանություններն էլ՝ ներառյալ վերջինը, իրենց կառավարման տարիներին մշտապես եւ հիմնականում խոսել են կոռուպցիայի չարիքի մասին, եւ բոլորն էլ մշտապես բարձրաձայնել են, որ երկրի զարգացման թիվ մեկ պայմանը կոռուպցիայի դեմ պայքարն է, քանզի հենց կոռուպցիան է երկիրը կործանող թիվ մեկ չարիքը ու բազմապիսի խոստումներ են տվել, որ ոչինչ չեն խնայելու այն մեկ օր առաջ արմատախիլ անելու համար: Սակայն կյանքը ցույց տվեց, որ իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը. մինչ այօր էլ՝ օր օրի կատարելագործվեցին կոռուպցիոն սխեմաները եւ այսօր տարաբնույթ ու տարատեսակ կոռուպցիոն լուրջ սխեմաներ են գործում երկրում, սակայն դրանց մասին այս կամ այն կերպ բարձրաձայնելուց զատ, դրանց դեմն առնելու լուրջ քայլեր չարվեցին ու չեն արվում:

Այս տարիներին հազարավոր լուրջ պաշտոնյաներ են մինչեւ վզները թաթախված եղել դրանց մեջ, սակայն ընդամենը մի քանի անուն է շրջանառվել, նրանցից էլ մի քանի հոգու հրավիրել են համապատասխան իրավապահ կառույցներ, մի երկու կոպեկ փող են մուծել տվել ու այդ գործերն առկախված թողել, որպեսզի նրանց՝ որեւէ կերպ ակտիվանալու դեպքում, փորձեն հիշեցնել ու թարմացնել դրանք եւ նրանց ականջները եւս մեկ անգամ ձգեն ու դրանցով ամեն ինչ կարծես վերջացավ: Նրանց մեղադրում են միլիարդավոր դոլարների թալանի մեջ, սակայն մինչեւ այժմ նրանցից կոպեկներ են ետ բերել պետական բյուջե եւ դրանով հանգստացել: Դա ընդամենը ժողովրդի աչքին թոզ փչելու ձեւ է, որպեսզի ցույց տան, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Սրանք ընդամենը փոքրիկ ներկայացումներ են, որն իրականացվում է շատ անհաջող, որը ոչ ոք լուրջ չի ընդունում՝ դրանք ընթանում են դատարկ լսարաններում:

Փաստացի, Հայաստանում մի գործ է միայն լավ արվում, դա կոռուպցիայի ընդլայնման, համակարգման գործն է, որը գնալով ավելի մեծ թափ եւ ավելի մեծ ոլորտներ է ընդգրկում: Բնական է, որ ամեն ինչ վերջավոր է եւ թալանը մեծացնելով՝ նույն չափով աղքատացնում են ժողովրդին եւ օր օրի գնալով նրա վիճակն էլ ավելի է վատանում: Բնական է, որ օդից թալան չի լինում եւ որքան ավելացնում են այն, դա անում են ժողովրդի հաշվին, հետեւաբար նույնքան էլ աղքատանում է ժողովուրդը: Սա առեւտրի եւ ծառայությունների վրա նստած երկիր է, որն առանց այն էլ գնալով աղքատանում է եւ կոռուպցիայի աճով մարդիկ էլ ավելի անասելի են աղքատանում: Եթե այս ամենին էլ ավելացնենք Արցախում եւ Հայաստանում տիրող պայթյունավտանգ իրավիճակները, թշնամու տարատեսակ ճնշումները մեր երկրի վրա, երկրի որոշակիորեն շրջափակված լինելու հանգամանքը, ձմռան մուտքը, գների վայրկյան-վայրկյան աննախադեպ աճը, մարդկանց խմբավորումների բաժանումն ու միմյանց նկատմամբ թշնամանքի սերմանումը, ապա պարզ է դառնում, թե ժողովուրդն այսօր ինչ իրավիճակում է հայտնվել եւ այս իրավիճակում հայտնված ժողովուրդն ինչպես պետք է դիմակայի դեպի երկիր եկող տարաբնույթ մարտահրավերներին ու փորձի դրանց դեմն առնել: Մի՞թե սոված ու վհատված ժողովուրդը կարող է դիմակայել կյանքի մարտահրավերներին ու թշնամու նման բիրտ ճնշումներին, որպեսզի եղածն էլ չկորցնենք: Կույր աչքին անգամ տեսանելի է, որ նման ռեսուրսներով ու նման ոգու ուժով անհնար է դիմակայել ու փրկել երկիրը: Եթե անգամ մեր ժողովուրդը չի նկատում հայրենիքի կորստի ռեալ վտանգը, ապա ինչպես կարող է վերակազմակերպվել ու փորձել փրկել այն: Նախ պետք է այդ ամենը հասկանալ, ապա նոր միայն փորձել համապատասխան քայլեր ձեռնարկել: Մեր ժողովուրդն անզորությունից խորը քուն է մտել եւ չի կարողանում զարթնել…

Սիրելի ժողովուրդ, դու միայնակ ես, քեզ գործիք են դարձրել … Քո մասին մտածող, քեզանով անհանգստացող չկա, դու՝ ինքդ պետք է քո հարցերը, քո խնդիրները լուծես, ինչպես նաեւ, դու միակն ես, որ պարտավոր ես նաեւ հայրենիքիդ հարցերը լուծել: Տեղյա՞կ ես, թե՞ երկիրդ, հայրենիքդ ինչ վիճակում են հայտնվել, թշնամին ոնց է վրա տվել … Էնպես, որ բացի քո հարցերից, երկրիդ հարցերն էլ պետք է լուծես: Եթե ոչ զավակը՝ դու, ապա ծնողիդ՝ հայրենիքի հարցերն էլ ով պետք է լուծի … Ավելին, հույսդ չդնես իշխանությունների, ընդդիմության վրա …

Հանկարծ չմտածես, որ նրանք եւս քո մասնիկն են եւ ծանր պահերին կարող են ձեռ բռնել… Ինչու եմ սրանք ասում, քանզի կյանքը ցույց է տալիս, որ նրանք լուռ են, զբաղված են միմիայն իրենց անձնական գործերով, մոռացել են երկրի, հայրենիքի մասին… Իսկ սրախողխող հայրենիքը տառապանքների ու ցավերի մեջ է եւ սպասում է թուրքի հերթական հարվածներին: Մեր հայրենիքը չափազանց հպարտ է, դեռեւս դիմակայում է, այն շատ ցավեր ու հարվածներ է տեսել ու դիմացել… Հերոսական ժողովուրդ, այս անգամ եւս հայրենիքի վերքերը շատ են ու ծանր, նա մի կերպ է դիմանում, փորձիր սատար լինել նրան, այլապես մահը՝ թշնամին ընդմիշտ կտանի նրան ու դու կորբանաս…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
14.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031