Մեր անվանի արվեստագետներից ոմանք, այդ թվում՝ օպերային բաս Հենրիկ Ալավերդյանը, դերասան Մհեր Մկրտչյանը, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, դաշնակահար Հարություն Փափազյանը, կերպարվեստի իրենց աշխատանքներով այնքան էլ ներկայացված չեն լայն հանրությանը։ Օրինակ, ասում են, որ Բաբկեն Ներսիսյանը հրաշալի վրձնել է իր ընտանիքի անդամների դիմանկարները, լայն հանրությանը հայտնի է ռեժիսոր Վարդան Աճեմյանի «Ժպիտներ», ընկերական շարժերի հավաքածու ալբոմը, որում տեղ են գտել գործընկերների դիմանկարները, էլ չխոսենք կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի գործերի մասին։
Այսօր էլ ունենք արվեստագետներ, որոնց հետաքրքրությունները չի սահմանափակվում մշակույթի մեկ ոլորտով։ Հայկական շոու-բիզնեսի ճանաչված ներկայացուցիչ, երգչուհի Իլոնա Սագիեւան իր անունը եւս մեկ անգամ հնչեցնելու կարիք չունի. նրա ձայնի յուրօրինակ տեմբրը, երգելու ոճը միանգամից մատնում են իրեն՝ Իլոնային չես շփոթի գործընկերներից ոչ մեկի հետ։ Հինգ տարի առաջ արվեստագետն առաջին անգամ ներկայացավ մշակույթի այլ ոլորտում եւս՝ գեղանկար, կոլաժ, կավագործություն. հիացրեց, զարմացրեց, ավելին՝ այդ աշխատանքները շատ արագ գտան իրենց սպառողին ցուցադրության օրերին։ Ընդամենը օրեր անց՝ դեկտեմբերի 20-ին, Atrbrige Book Store Cafe-ում Իլոնան կներկայանա իր աշխատանքների երկրորդ ցուցադրությամբ՝ «Սնվենք արվեստով» խորագրով։
«Առավոտի» տեղեկություններով՝ դրանք գեղանկարներ են եւ սպասք։ Սպասքի վրա պրովանս ոճում արված դաջվածքներում տարբեր դարաշրջանների շունչն է՝ Բոտիչելիի, Կլիմտի, Դալիի, Լեոնարդո դա Վինչիի, Վան Գոգի, Մոդիլյանիի, հայ դասական գեղանկարիչների եւ, իհարկե, հեղինակի գործերից։ Մեզ հետ զրույցում Իլոնան նախ նշեց, թե մարդիկ սնվում են տարբեր «ձեւաչափերով»՝ հոգեւոր սնունդ, սնունդ՝ բառի իսկական իմաստով, ինչու ոչ՝ մտավոր սնունդ…
Իսկ ցուցադրության գերնպատակը երգչուհին փոքր-ինչ փիլիսոփայորեն ներկայացրեց. «Ի վերջո, մեր մարմինը մեր ճամպրուկն է։ Գեղեցիկ ու գայթակղիչ ուտեստը պահանջում է ոչ պակաս գեղեցիկ եւ ինքնատիպ սպասք։ Նույնիսկ ամենահամեղ ուտեստը կարիք ունի գեղեցիկ մատուցման, իսկ արվեստ պարունակող սպասքը, մարդու վարվեցողությունը սնվելու ընթացքում, այն դարձնում է ավելի ազնվական։ Յուրաքանչյուր արարման գաղտնիքը մի պտղունց սիրո մեջ է։ Սերը կարեւոր հավելում է, որը երբեք ավելորդ չի լինում։ Իսկ չմոռանանք, որ սննդի ավելցուկը խոչընդոտում է մարդու մտքի ճկունությանը։ Կարճ ասած՝ սովը լավագույն համեմունքն է ճաշի, իսկ սպասքը՝ լավագույն լրացումը ախորժակի։ Պարզապես եկեք սնվենք արվեստով…»։
Մեր զրուցակիցը չդժգոհեց իր աշխատանքների վաճառքից, մեկ անգամ եւս շեշտելով, թե շփվելով գեղեցիկի հետ, կամա թե ակամա ստանում ես նաեւ հոգեւոր սնունդ։
Դիտարկմանը՝ կարելի է ենթադրել, որ կայանալիք ցուցահանդեսը, ինչպես նախորդը, կուղեկցվի երաժշտությամբ, երգչուհին առանց մանրամասնելու պատասխանեց. «Համերգային մասում հանդես կգամ ես, ինչպես նաեւ հատուկ հյուրեր՝ Սյուզի եւ Լիլլի Հարությունյանները։ Կհնչեն Երեւանին նվիրված հայ կոմպոզիտորների սիրված երգեր»։ Զրույցի ընթացքում արվեստագետին հիշեցրինք իր մասնակցությամբ այս տարի հանդիսատեսի շրջանում իսկապես մեծ արձագանք ստացած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երկու ծավալուն նախագծերի մասին՝ նվիրված Շառլ Ազնավուրին եւ Անրի Վեռնոյին, հետաքրքրվելով, թե մասնակցելո՞ւ է Ամանորին ընդառաջ ծրագրված որեւէ երեկոյի։ «Դեկտեմբերի 24, 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ֆիլհարմոնիկի կողմից հրավեր ունեմ մասնակցելու երեկոյի, որտեղ կհնչեն բացառապես Ֆրենկ Սինատրայի երգացանկից հայտնի գործեր։ Դիրիժորական վահանակի մոտ է լինելու կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը»,- տեղեկացրեց Իլոնա Սագիեւան։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.12.2022